Ո՞ւր են Նիկոլի ռեֆորմները

Այսօր ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել այն մասին, որ բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:

Սա տարօրինակ կերպով համընկել է վերջին օրերին արձանագրվող աննախադեպ «բողոքի ալիքի» հետ, որն ուղղված է հատկապես «Վարկս Էյ Էմ» վարկային կազմակերպության դեմ: Ինչո՞ւ ենք չակերտների մեջ վերցրել «բողոքի ալիքը» բառակապակցությունը: Որովհետև այն զարմանալիորեն ակներև էր հատկապես վարչապետի էջում, նրա լայվերի և հրապարակումների տակ գրվող մեկնաբանություններում, որոնց հեղինակները առավելապես ֆեյքերի տպավորություն թողնող օգտատերերն էին:

Իհարկե իշխանական և մերձիշխանական օղակները անմիջապես առիթից օգտվեցին և փորձեցին այս իրավիճակւ ներկայացնել որպես օրվա իշխանության, իսկ ավելի հստակ՝ վարչապետի բարի կամքի դրսևորում: Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ ըստ ԿԲ հայտարարության՝ «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ լիցենզիան ուժը կորցրած է համարվել ոչ թե այն պատճառներով, որոնք շռայլորեն շարադրում էին վարչապետի գրառումների տակ մեկնաբանություններ թողնողները, այլ միանգամայն այլ բնույթի խախտումների պատճառով: Անդրադառնանք ոչ այնքան հեռավոր անցյալին՝ 2018 թվականի մայիսի 1-ին, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար ԱԺ-ում գեղեցիկ և ադեկվատ ելույթներ ունեցող Փաշինյանն ասում էր, որ վարկային կազմակերպությունների հետ առաջացող խնդիրները պետք է շուտափույթ լուծել և լուծել այնպես, որ բանկերն ու վարկային կազմակերպություններն էլ չտուժեն: Թեկնածու Փաշինյանի կարծիքով` պետությունը և վարկային կազմակերպությունները պետք է բանակցեն, ինչը պետք է լինի մանրամասն պլանավորված գործընթաց: Պետությունը պետք է ի վիճակի լինի փոխհստուցել նաև վարկային կազմակերպությունների խելամիտ վնասը:

Բացի այս խոսքերից նախընտրական տենդի մեջ գտնվող վարչապետության թեկնածու Փաշինյանը շատ գեղեցիկ խոստումներ էր տալիս՝ վարկերի տոկոսները չեղարկել կամ իջեցնել, խոստանում էր ֆինանսաբանկային ոլորտի ռեֆորմներ և այլն: Ո՞ւր են այդ ռեֆորմները:

Ի՞նչ եղան վարկերի տոկոսների իջեցման խոստումները: 2018 գարնանը տեղի ունեցած իշխանազավթումից շուրջ 2 տարի անց բոլորի համար ակնհայտ է, որ բոլոր խոստումները մնացել են խոստումների մակարդակում, ոչ մի ռեֆորմ տեղի չի ունեցել: Եվ այսօր ԿԲ-ի որոշման զարմանալի համընկնումը այսպես կոչված «հանրային պահանջի» հետ գալիս է երիցս ապացուցելու, որ փաշինյանական իշխանությունը չունի խորքային իմաստ, այն հիմնված է էժանագին շոուների վրա:

Մեր համոզմամբ վարկային կազմակերպությունների ծառայությունների այսչափ պահանջված լինելը առավելապես պայմանավորված է հենց տնտեսական զարգացման բացակայությամբ: Տնտեսության ոլորտի ակտիվության անկման պայմաններում բնակչությունը ֆինանսական միջոցների կարիք ուներ և վարկային կազմակերպությունները առաջարկել են այդպիսիք ոչ այնքան բարենպաստ պայմաններով: Խոստացված տնտեսական ռեֆորմները նույնպես մնացին միայն խոստում, տեղի չունեցավ տնտեսական հեղափոխությունը, թեև այդ տերմինը հորինել էր Փաշինյանը բացառապես տպավորություն ստեղծելու նպատակով, ինչպես որ նա հաճախ է անում: Այնուամենայնիվ, Փաշինյանին իշխանության բերած ընտրազանգվածը մեծ հույսեր էր փայփայում այդ խոստումների հետ կապված, սակայն ունեցավ միայն անորակ բուֆոնադա՝ մեծ պաթոսով բացված կենցաղային տեխնիկայի գործարան, որը 1500 միավոր արտադրելուց հետո կանգնած է, ներդրումների անհատակ օվկիանոս, որը այդպես էլ չտեսանք, աննախադեպ տնտեսական աճ, որը դոփում է 4.7 տոկոսի վրա և այլն: Ըստ էության Փաշինյանն ու իր Կառավարությունը չեն կատարել իրենց խոստումներից և ոչ մեկը, բացի աշխատավարձերի բարձրացման խոստումից, այն էլ կատարվել է շատ յուրօրինակ ընտրողական եղանակով՝ բարձրացվել են բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, որոնց աշխատանքի արդյունավետությունը ամենևին չի համապատասխանում բոլորիս գրպանից իրենց շռայլորեն վճարվող աշխատավարձերին և պարգևավճարներին: Ամփոփելով փաստենք, որ այսօր ազգաբնակչությունը ուրախանում է «Վարկս Էյ Էմ»-ին լիցենզիայից զրկելու փաստով առանց հասկանալու, որ վարկառուների ֆինանսական պարտավորությունները չեն զրոյացվում, լավագույն դեպքում լիկվիդացիոն գործընթացը կարգավորողը կարող է հետաձգել դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների կատարումը: Իսկ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալով դարձյալ փորձում է խուսափել որևէ պատասխանատվությունից և բոլորի վրա մունաթ է գալիս, երբ իրեն առաջարկում են, որպեսզի արտակարգ դրության հետ կապված առաջացող ֆինանսական դժվարությունների ֆոնին պետությունը իր վրա վերցնի քաղաքացիների վարկային բեռի գոնե մի մասը: շ

Փող բաժանելը Փաշինյանը վատ միտք է համարում՝ փոխարենը առաջարկելով ինչ-որ անհասկանալի մեխանիզմով տրամադել ֆինանսական օգնություն բիզնեսին, բայց միայն այն դեպքում, եթե բիզնեսը կարողանա Կառավարությանը ապացուցել, որ արտակարգ դրություն հայտարարելուց առաջ նա առաջադիմական է եղել և տուժել է արտակարգ դրություն սահմանելու պատճառով: Դարձյալ Կառավարությունն է որոշելու, ով է արժանի, իսկ ով՝ ոչ, ընդ որում՝ որոշելու չափորոշիչները չեն հստակեցվում:

Եթե մինչև կորոնավիրուսի տարածման արդյունքում առաջացած գլոբալ ճգնաժամը Հայաստանի տնտեսությունը շարունակում էր իներցիոն առաջխաղացումը, թեև դանդաղող տեմպերով, ապա արտակարգ դրությունից հետո Կառավարության ապիկարության, չկատարված խոստումների և չիրականացված ռեֆորմների պատճառով մեզ սպասող ճգնաժամի հետևանքներին ժողովուրդը դեռ նոր է սկսելու առերեսվել:

Նատալյա Սաղիյան

«Ահա և հարցի պատասխանը, թե երկու օր շարունակ ու՞ր էր կորել Նիկոլ Փաշինյանը».Միհրան Հակոբյան

22.03.2020

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

Ի՞նչպես չգնահատես Ռուսաստանի այս մարդասիրական քայլը.Վահան Բաբայան

23.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով