ՏԻՄ ընտրություններ վարակի տարածման ժամանակ. ո՞վ է պատասխան տալու

Այսօր հայտարարվել է արտակարգ դրություն: Սրան բոլորս սպասում էինք: Երկրում առկա լուրջ համաճարակային իրավիճակի պարագայում սա տրամաբանական է: Իսկ որքանո՞վ է տրամաբանական այն, որ երեկ, մարտի 15-ն Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետական, Տուֆաշեն համայնքներում հերթական, իսկ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են անցկացվել: Այս հարցը հատկապես արդիական է վարչապետի երկու օրով ինքնամեկուսացման ֆոնին: Չմոռանանք նաև Արարատ Միրզոյանի կոչը բազմամարդ միջոցառումները դադարեցնելու մասին:

Հիմա ինչպես պետք է հասկանանք այն, որ այս բոլոր վտանգների առկայության դեպքում այնուամենայնիվ անցկացվում են ՏԻՄ ընտրություններ, որտեղ անխուսափելիորեն տեղի են ունենում մարդկանց կուտակումներ: Որքանով է հնարավոր վստահ լինել, որ վարակը չի տեսափոխվել նաև Հայաստանի Հյուսիսային շրջաններ: Եթե այնտեղից ահազանգեր չկան, դա դեռ չի նշանակում, որ վարակ չկա: Օրվա իշխանությունն արդեն բազմիցս ապացուցել է, որ դավանում է երկակի ստանդարտների սկզբունքին: Սակայն այս պարագայում վտանգվում է ազգաբնակչության առողջությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի՞թե իշխանավորներն այնքան զբաղված են սեփական խնդիրներով, որ ոչ ոգու մտքով չի անցել, որ այս վտանգավոր իրավիճակում ՏԻՄ ընտրություններ անցկացնելն առնվազն անլրջություն է: ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ պատասխանատուներից ոմանք նշել են, որ օրենքը չի նախատեսում ՏԻՄ ընտրությունների չեղարկման կամ հետաձգման մեխանիզմ: Ընդունենք, որ այդպես է, սակայն որքան մեզ հաջողվեց պարզել, ընտրությունների ընթացքում չեն իրականացվել հատուկ միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են վարակի հնարավոր տարածումը բացառելու համար:

Հասկանալի է, որ օրվա իշխանության համար ինչ-որ փոքր բնակավայրում ՏԻՄ ընտրություններն առաջնային կարևորության իրադարձություն չեն, դրանք չեն նպաստում իշխանության վարկանիշի բարձրացմանը և ուստի ոչ մի արժեք չեն ներկայացնում: Շատ ավելի կարևոր էր փրկել հանրաքվեն: Դա միակ ուշադրությանը արժանի միջոցառնումն է օրվա իշխանության համար, քանզի ԱՅՈ-ի հաղթանակն իրենց «պայծառ ապագայի» գրավականն է:

Այսպիսի անպատասխանատու վարքագիծը բնորոշ է օրվա իշխանությանը և ոչ ոգու չի զարմացնում: Սակայն այստեղ կա մեկ շատ կարևոր հարց: Ո՞վ է պատասխան տալու, եթե հանկարծ պարզվի, որ այս ՏԻՄ ընտրությունների ընթացքում մարդ է վարակվել: Ավելի գլոբալ առումով, ո՞վ է պատասխան տալու բոլոր այն վարակվածների համար, ովքեր հայտնվել են այդ ծանր վիճակի մեջ այն պատճառով, որ ՀՀ իշխանությունը անտարբերություն է ցուցաբերել առկա ազդակների նկատմամբ և զբաղված է եղել անօրինական հանրաքվեի քարոզարշավի համար փողեր հավաքելով, իսկ այնուհետև այդ փողերը մսխելով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանը շատ է սիրում արծարծել պատասխան տալու թեման: Արդյո՞ք նա նույն խանդավառությամբ կանդրադառնա պատասխան տալու թեմային, եթե դա վերաբերվի անձամբ իրեն կամ իր թիմակիցներին:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով