ՌԴ-ի կողմից կիրառված սահմանափակումների պատճառով ՀՀ վերադառնալու ցանկություն հայտնած հայ ուսանողներից ոմանք չեն կարողացել ԱՄՆ-ից վերադառնալ Հայաստան․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել COVID-19-ի իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների վերաբերյալ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու, խորհրդատվության և աջակցության հարցերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է դիմել ԱՄՆ-ում տարբեր ծրագրերով ուսանող 38 ՀՀ քաղաքացի:

Դեսպանությունը մշտական կապի մեջ է գտնվել վերջիններիս հետ՝ տրամադրելով օպերատիվ տեղեկատվություն և համապատասխան խորհրդատվություն համավարակի համատեքստում տիրող իրադրության, Հայաստան վերադառնալու հնարավոր չվերթների, ԱՄՆ-ի և տարանցիկ երկրների կողմից կիրառվող կարգավորումների և սահմանափակումների վերաբերյալ:

Դեսպանության աջակցությամբ հնարավոր է եղել կազմակերպել Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ուսանող ՀՀ քաղաքացիներից բաղկացած 15 հոգանոց խմբի և Այովա նահանգում սովորող 3 ուսանողների վերադարձը Հայաստան՝ նրանց ապահովելով նաև առողջապահական անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներով:

Դեսպանության հետ մշտական կապի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող տարաբնույթ հարցերին տեղում տրվել են և՛ հյուպատոսական, և՛ խորհրդատվական, և՛ ֆինանսական լուծումներ՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև ամերիկահայ համայնքի ռեսուրսը:

Հայտնում ենք, որ օրեր առաջ դեսպանության հետ կապ է հաստատել 18 ուսանող, որոնցից 12-ը ցանկություն էր հայտնել վերադառնալ ՀՀ: Վերջիններիս խորհուրդ էր տրվել անմիջապես ձեռք բերել Լոս-Անջելես-Մոսկվա-Երևան կամ Նյու Յորք-Մոսկվա-Երևան թռիչքների տոմսեր, քանի որ այդ օրերի դրությամբ դա ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու միակ ուղին էր:

Մարտի 27-ից սկսած ՌԴ կառավարության կողմից կիրառված սահմանափակումների պատճառով արգելվեց օտարերկրյա պետությունների քաղաքացիների վերադարձը «Aeroflot» ավիաընկերության միջոցով, ուստի վերոնշյալ ուսանողներից ոմանք չեն կարողացել վերադառնալ Հայաստան: Չնայած դասերի չեղարկված լինելու հանգամանքին՝ դեսպանություն դիմած ուսանողներից որևէ մեկը չի ահազանգել բնակության վայր կամ միջոց չունենալու մասին, բացառությամբ ՀՀ երկու քաղաքացու: Վերջինների խնդրի հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվել են:
Նշենք, որ ՀՀ դեսպանությունը նաև կապ է պահպանում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 36 աշակերտների և ծրագրի հայաստանյան ներկայացուցչի հետ:

Հայտնում ենք, որ վերջիններիս առջև ԱՄՆ-ը լքելու պահանջ չի դրվել, ուստի նրանք շարունակում են իրենց կեցությունը հյուրընկալ ընտանիքներում: Վերոնշյալ ծրագրով ԱՄՆ-ում գտնվող միայն մեկ ուսանողի նախապես ծրագրված վերադարձը Հայաստան տեղի չի ունեցել մարտի 27-ի ամսաթվով գնված վերադարձի տոմսի՝ ավիաընկերության կողմից չեղարկվելու պատճառով: Վերջինս չի կարողացել լքել ԱՄՆ տարածքը և այժմ ծրագրի պատասխանատուի կողմից ապահովված է կեցության բոլոր հնարավորություններով:

Միաժամանակ հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ կողմից օդային տարածքի մուտքի և օդային հաղորդակցության առնչությամբ կիրառվող սահմանափակումների արդյունքում էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը՝ թռիչքների բացակայության պատճառով: Չվերթների վերսկսման պարագայում դեսպանությունը ջանքեր կձեռնարկի ԱՄՆ-ում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հարցում հնարավոր աջակցություն ցուցաբերելու գործում:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին անպայման կապ պահպանել դեսպանության հետ, ներկայացնել առկա խնդիրները՝ հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերելու համար»:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով