Պետական գաղտնիքի բացահայտում VS չմտածված վրիպում

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանաբար ազգաբնակչության շրջանում խուճապի բարձրացող ալիքը վերահսկողության տակ վերցնելու համար հրապարակել է Հայաստանում առկա նպարեղենի պաշարների քանակն արտացոլող թվերը: Այդ հայտարարությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում:

Սկսենք նրանից, որ վարչաեպտի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի ձևով վնասել մեր հայրենիքի անվտանգությանը: Ամիսներ առաջ Փաշինյանը հայտարարել էր ՀՀ ԶՈՒ աշխատավարձերի բարձրացման մասին և սովորությանը համաձայն հրապարակել էր այնպիսի մանրամասներ, որ տարրական թվաբանություն իմացողը հանգիստ կարող էր հաշվել, թե ՀՀ Զինված Ուժերում ինչպիսի կոչումներով քանի սպա է աշխատում: Այն ժամանակ մենք նույնպես հրավիրեցինք հանրության ուշադրությունը այդ փաստի վրա, սակայն ապարդյուն: Այսօր մեր երկրում արտակարգ դրություն է: Գործում են արտակարգ կարգավորումներ և այն, ինչը այլ իրավիճակում կարելի էր ուղղակի սովորական անփութություն որակել, արտակարգ դրության պայմաններում անթույլատրելի է: Սա հարցի բարոյական կողմն է: Ավաղ, վարչապետի այս հայտարարությունն առիթ է տալիս նաև իրավական հարցեր բարձրացնելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այստեղ հարկ ենք համարում վարչապետին հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Պետական նյութական պահուստի մասին և պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքները: Մենք չենք ալարել և մանրակրկտորեն ուսումնասիրել ենք այն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող դեղին մամուլի լրագրողը ամեն առիթով բարձրաձայնում է օրենքի գերակայության երկիր ստեղծելու իր գերագույն նպատակը, ուզում ենք առանձնահատուկ հրավիրել ընթերցողի ուշադրությունը այն հանգամանքին, որ փաստորեն վարչապետը գործնականում այնքան էլ նվիրված չէ այդ գործին: Այսպիսով, ի՞նչ է ասում ՀՀ օրենքը Պետական և ծառայողական գաղտնիքի մասին. Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել հետևյալ տեղեկությունները «… զ) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՈՒ ՊԱՇԱՐՆԵՐԻ, նրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին»: Այստեղ անհրաժեշտ է կատարել պարզաբանում, ինչի համար մեջբերենք ՀՀ պետական նյութական պահուստի մասին օրենքը: Նշված օրենքում մասնավորապես ասվում է. «Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են պետական պահուստ` նյութական արժեքների պետական հատուկ նշանակության պահուստ, որը ներառում է սննդամթերքի, դեղորայքի, բժշկական սանիտարատնտեսական եւ սանիտարատեխնիկական գույքի, շինանյութի, հումքի կարևորագույն տեսակների, էներգակիրների, անհատական պաշտպանության միջոցների եւ այլ նյութերի ու ապրանքների պաշարներ, որոնք սույն օրենքով սահմանված կարգով նախատեսված են օգտագործման համար»: Եզրափակելով նշենք, որ վարչապետի պաշտոնում հայտնված անձնավորությունը շատ կամայականորեն որոշում է, թե որ տեղեկությունները կարելի է հրապարակել, իսկ որ տեղեկությունները՝ ոչ:

Տարօրինակ կերպով բարձր պաշտոնյաների պարգևավճարներին վերաբերող որոշումները գաղտնի էին պահվում, ոչ մի հետևանք չտեսանք իր կենսագրության քրեական էջը թաքցրած նախարարի համար, և առհասարակ վերջին երկու տարիների ընթացքում հանրությունը վարչապետից հաճախակի է լսել այս կամ այն տեղեկությունները չբացահայտելու նկատառումների մասին: Բայց արի ու տես, որ օրենքով նախատեսված դեպքերը հիմք չեն օրենքի գերակայության երկիր «կառուցող» Փաշինյանի համար: Սա կարող է նաև հրաշալի նվեր լինել Փաշինյանի կողմից կիրթ որակված մեր թշնամու համար:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով