Օրավարձով թե ոչ, Փաշինյանին ընտրածները միևնույն է՝ օժանդակություն չեն ստանա

Արդեն երկու օր է, ինչ Հայաստանի քաղաքական դաշտը ալեկոծվում է մեկ հարցի շուրջ՝ ի վերջո կա՞ն Հայաստանում օրավարձով աշխատողներ, թե՞ չկան: Բոլոր սթափ դատողների համար այս հարցի պատասխանը ակնհայտ է՝ իհարկե կան: Բայց արի ու տես, որ Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված լրագրողի համար ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ:

Փաշինյանն իրեն հատուկ ցինիզմով ուղղակիորեն հարցը տեղափոխում է լրիվ այլ հարթություն և այդպիսով ինքն իր համար ստեղծում է առաջին հայացքից լեգիտիմ հնարավորություն հայտարարելու, որ Հայաստանում գոյություն չունի «օրավարձով աշխատող» հասկացություն: Փաշինյանի համար կան միայն գրանցվածներ և չգրանցվածներ: Ավելին, նրա պնդմամբ, նրանք ովքեր 2019 թվականին օգտվել են Փաշինյանի ռեժիմի կողմից իրենց մեծահոգաբար ընձեռնած հնարավորությունից և գրանցվել են, այսօր կզգան իրենց կարգավիճակի շահեկանությունը: Այսինքն այսօր Փաշինյանի Կառավարությունը պատրաստ է օգնել միայն նրանց, ումից նախորդ ժամանակաշրջաններում հարկ է քերել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա մի կողմ դրած տաքսիստներին, որոնց համար իրոք ստեղծվել էին պայմաններ և որոնք ազատվել էին հարկերից օրենքի ուժով: Տաքսիստները առհասարակ առանձին թեմա են: Արդարության համար պետք է նշենք, որ իսկապես այստեղ խնդիր կա՝ մասնավոր տաքսիների վարորդներին ազատել են հարկերից, սակայն չեն ազատել արտոնագիր ստանալու պարտավորությունից: Այլ հանգամանքներում մենք ստիպված կլինեինք համաձայնվել Փաշինյանի հետ այս հարցում, սակայն մեր երկիրը գտնվում է ֆորս-մաժորային իրավիճակում և նորմալ կլիներ, եթե Փաշինյանն իրեն դրսևորեր որպես բոլոր քաղաքացիների վարչապետ և պատասխանատվություն վերցներ իր վրա օգնելու ԲՈԼՈՐԻՆ: Եվ թող Փաշինյանն ու իր արբանյակները որքան ուզում են պնդեն, թե սովորական իրավիճակ է, ի՞նչ ֆորս-մաժոր, կա հստակ ձևակերպում՝ անհաղթահարելի ուժի ներգործության հանգամանքները համարվում են ֆորս-մաժոր: Սա պարզեցինք:

Գնացինք առաջ: Վերջին օրերին, հատկապես արտակարգ դրություն հայտարարելուց հետո ճակատագրի հեգնանքով վարչապետի պաշտոնում հայտնված անձնավորությունը սիստեմատիկաբար ջանում է բոլորին հասկացնել, որ ՀՀ քաղաքացիները ամենևին հավասար չեն և որ Կառավարությունը ցանկացած օժանդակության ծրագիր մշակելիս պիտի ելնի այն պոստուլատից, որ քաղաքացիները պարտադիր փորձելու են չարաշահել այդ ծրագրից օգտվելու իրավունքը և փորձելու են խաբել Կառավարությանը: Այդ միտքը դարձել է Կառավարության նիստերի լեյտմոտիվը: Իսկ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ վարչապետը, ինչպես արդեն նշել ենք, առհասարակ հերքել է Հայաստանում օրավարձով աշխատողների առկայությունը՝ հարցը տեղափոխելով գրանցված-չգրանցված լինելու դաշտ, որը իր համար կոմֆորտ-զոնա է, քանի որ այդ դաշտում կարելի է ուղղակի բոլորին մեղադրել չգրանցվելու համար և ասել, թե ովքեր իրավական կարգավիճակ չունենալու պատճառով չեն կարողանա օգտվեն Կառավարության ծրագրերից՝ իրենց պրոբլեմն է: Սա երիցս գալիս է ապացուցելու այն թեզը, որ վարչապետն այս օրերին ունի մեկ գերագույն նպատակ՝ իր վրայից հանել ամբողջ պատասխանատվությունը կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխելուն ուղղված գործողությունները ուշացնելու համար և այն տեղափոխել մեր՝ քաղաքացիների ուսերին: Սա ամենահեշտ ճանապարհն է, որը ՉԵՆ օգտագործում իրենց ժողովրդավարական հռչակած ոչ մի երկրում: Բոլոր ժողովրդավարական և ոչ այնքան ժողովրդավարական երկրներում ֆորս-մաժորի իրավիճակում պետությունը իր վրա պատասխանատվություն է վերցնում լուծել ԲՈԼՈՐ քաղաքացիների խնդիրները, նույնիսկ իրենց մեքենան մի քանի ժամ որպես տաքսի առանց արտոնագրի քշող թոշակառու պապիկների կորցրած եկամուտի խնդիրները՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանում կենսաթոշակները շատ հեռու են Փաշինյանի երազած առաջադեմ երկրների կենսաթոշակներից: Մի խոսքով, բոլորս գիտենք, որ ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված իրականում աշխատում է օրավարձով և նույնիսկ այստեղ կապ չունի՝ գրանցված է, թե գրանցված չէ: Աշխատեց այդ օրը՝ գումարը կստանա, չաշխատեց՝ չի ստանա:

Նույնիսկ գրանցված աշխատողների համար Փաշինյանի Կառավարությունը չի ստեղծում երաշխիքներ: Մինչ օրս բոլոր ծրագրերը, որոնք կայծակնային արագությամբ քննարկում և ընդունում է Կառավարությունը, այնպես են մշակված , որպեսզի հնարավորինս նեղացվի պոտենցիալ շահառուների շրջանակը և օժանդակություն տրամադրելու կամ չտրամադրելու որոշումը լինի Կառավարության հայեցողությամբ: 2-50 աշխատող ունեցող ՈՐՈՇ կազմակերպություններին կտրամադրվի միանվագ դրամաշնորհ, բայց այդ ընկերությունները պիտի բավարարեն մի շարք պայմանների, որոնք խիստ և կտրուկ նեղացնում են պայմաններին համապատասխանող կազմակերպությունների ցանկը: Բիզնեսին կտրվեն անտոկոս վարկեր, բայց դարձյալ շատ որոշակի պայմաններին բավարարելու դեպքում: Հատկապես ուշագրավ էր, որ այս վերջին ծրագիրը քննարկելիս առաջարկող նախարարությունը նախատեսել էր 12 ամիս grace period, բայց վարչապետը այն շատ համարեց և պնդեց, որպեսզի այն դարձվի 6 ամիս: Վարչապետը նույնիսկ Զարուհի Բաթոյանի ներկայացված օժանդակության ծրագրում նախատեսված անչափահաս երեխաներ ունեցող միայնակ ծնողներին օգնության հարցում ցուցաբերեց ծայրահեղ ցինիզմ՝ նա պահանջեց, որպեսզի նշվեն ոչ թե անչափահաս երեխաներ, այլ մինչև 14 տարեկան երեխաներ, քանի որ վարչապետի կարծիքով 15-18 տարեկանները դրանք մի քիչ ուրիշ խումբ են: Հավանաբար վարչապետը նկատի ուներ, որ այդ տարիքում երեխաները կարող են աշխատել: Սա շատ ցայտուն ներկայացնում է երկու հանգամանք: Առաջինը այն, որ Կառավարությունում չկա ժողովրդավարություն և վարչապետի խոսքը վճռական է՝ անկախ նրանից նա բան հասկանում է տվյալ ոլորտից, թե ոչ, և երկրորդը՝ վարչապետը շատ վատ է վերաբերվում իրեն իշխանության բերած ընտրազանգվածին: Հիշեցնենք, որ հենց նույն տաքսիստներն էին Փաշինյանի իշխանազավթման օրերին առանձնահատուկ աջակցում իրեն՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կկատարի խոստումները և հատկապես կհանի արագաչափերով տեսախցիկները: Բայց այսօր նրանք Փաշինյանի համար գոյություն չունեն, ինչպես նաև օրավարձով աշխատող վաճառողները, մատուցողները, հավաքարարները, որոնք 2018 թվականի գարնանը պայծառ ապագա ունենալու մեծ հույսեր էին փայփայում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով