Օգնեց թե՞ խանգարեց կորոնավիրուսը Նիկոլ Փաշինյանին

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում ստեղծված խուճապը օրեցօր սաստկանում է: Եթե անցած շաբաթ իշխանությանը դեռ հաջողվում է քարոզչամեքենան գործի դնելով որոշ չափով վերահսկել վիճակը, սակայն մարտի 1-ի առավոտյան վարչապետի կողմից հայտարարված 2008 թվականի մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված երթի չեղարկումը բացեց պանդորայի արկղը:

Դրանից հետո միմյանց հաջորդելով հրապարակվեցին առողջապահության և ԿԳՍՄ նախարարի միմյանց հակասող հայտարարությունները: Այն ամենը, ինչ տեղի ունեցավ դրանից հետո ուղղակի անհասկանալի էր: Չգիտես ինչու, 32 հոգի կորոնավիրուսով վարակված լինելու պատրվակով մեկուսացվեցին Ծաղկաձորում գտնվող 2018 թվականին պետականացված Գոլդեն Փելիս հանգստյան տանը: Սա երկարատև հեռանկարում շատ լուրջ հարված է հայաստանյան տուրիզմի խոշորագույն կենտրոնի համար, որը շուրջտարյա ռեժիմով տուրիստներ է ընդունում: Այսօր արդեն տարբեր աղբյուրներից տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ Ծաղկաձորյան հյուրանոցներում նախապես արված ամրագրումները չեղարկվում են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելորդ է նշել, որ դա լուրջ խնդիրներ է առաջացնելու ոլորտի համար: Երեկ և այսօր տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ Երևանում մարդիկ աննախադեպ քանակությամբ պարենային ապրանքներ են գնում խանութներից: Սա նույնպես հղի է լուրջ հետևանքներով, քանի որ ապրանքների քանակը անսահմանափակ չէ, իսկ բնակչության շրջանում ամենամեծ խուճապը առաջանում է սննդամթերքի անբավարար քանակը, ուստի խանութների դատարկ տաղավարներն էլ ավելի կնպաստեն խուճապի տարածմանը: Ցածր գնողունակության պարագայում մարդիկ կսկսեն ավելի շատ գնել առաջին անհրաժեշտության ապրանքներ, ինչը հեռանկարում կնվազեցնի այլ ապրանքների շրջանառությունը:

Եվ այսպես շղթայական կատվածահար կլինի ամբողջ տնտեսությունը: Մենք դիտարկում ենք զարգացումների ամենավատ սցենարը, սակայն նույնիսկ եթե այս սցենարը իրականանա միայն 50 տոկոսով, Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի մոռանալ տնտեսական աճի մասին և նույնիսկ ավանդաբար նկարվող թվերը իրեն չեն փրկի: Այս ամենը ձյան գնդի պես մեծացող խնդիրներ է առաջացնելու իշխանության համար: Իսկ պատկերացրեք, ինչ կլինի, եթե հանկարծ Վրաստանում լինեն մահվան ելքով դեպքեր (ինչը գրեթե անխուսափելի է) և սահմանը ամբողջովին փակվի: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ոչ մի տեղ կորոնավիրուսի վարակը մեկ դեպքով չի սահմանափակվում: Արագ տարածվող վարակները աղետ են ցանկացած երկրի համար, քանզի անխուսափելիորեն բերում են մահվան ելքով դեպքերի:

Դարձյալ, ի՞նչ կլինի, եթե հանկարծ, Աստված մի արասցե, Հայաստանում գրանցվեն մահվան ելքով դեպքեր: Այս պարագայում պետությունը, ի դեմս Կառավարության, պիտի կազմակերպված միջոցառումներ իրականացնի վարակի տարածումը կանխելու համար, այլ ոչ թե նեղ կազմով մեկնել Ծաղկաձոր ցույց տալու համար, որ իբր ամեն ինչ կարգին է: Կառավարությունը, իսկ ավելի հստակ՝ Առողջապահության նախարարությունը, չկարողացավ նույնիսկ ապահովել բավարար քանակի դիմակներ և ախտահանող միջոցներ: Փոխարենը նախարարը հայտարարեց, որ դիմակները միևնույն է չեն օգնում: Վերջին տասնամյակում աշխարհում եղել են մի շարք տարբեր համաճարագների բռնկումներ, սակայն երբեք այսպիսի ճգնաժամ չենք ունեցել: Կառավարությունը իրականացնում էր հատուկ միջոցառումներ, եթե լինում էին վարակի դեպքեր, ապա երբեք չենք լսել, որ նրանք մեկուսացվեն Ծաղկաձորում, կամ այլ տուրիստական վայրերում: Մենք հեռու ենք այն մտքից, թե Նիկոլ Փաշինյանը չի հասկանում ստեղծված իրավիճակի լրջությունը: Ուղղակի չլինելով լուրջ պետական գործիչ և չունենալով պատրաստված և մասնագիտացված թիմ, նա հասել է այն սահմանին, որից հետո իր ամբոխահաճո դատարկաբանություններն այլևս չեն օգնում: Երկրին լուրջ վտանգ է սպառնում, իսկ վարչապետը և իր թիմը պարզապես ունակ չեն արդյունավետ գործելու: Թեպետ որոշ առումներով, որքան էլ ցինիկ չհնչի, կորոնավիրուսը օգնել է Նիկոլ Փաշինյանին, այնուամենայնիվ, դա շատ կարճատև էֆեկտ ունեցավ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդամենը հաջողվեց մարտի 1-ին հայտարարված երթը չեղարկել՝ պահպանելով դեմքը: Բայց խնդիրը չի լուծվել, ցավոք դեպքերի թիվը միտում ունի աճելու: Արդյունքում ունեցանք տուրիստական սեզոնի տապալում, պարենային անվտանգությանը սպառնացող իրավիճակ և երկարատև հեռանկարում տնտեսական արանց այդ էլ անբարենպաստ վիճակի վատացում: Եթե Փաշինյանն ու իր թիմը հույս են ունեցել կորոնավիրուսը օգտագործել իրենց քաղաքական շահերի սպասարկման համար, ապա իրենց հաշվարկը սխալ էր:

Իրավիճակը գրեթե դուրս է եկել վերահսկողությունից: Արդեն չեղարկվում են չվերթներ, դժվար չէ պատկերացնել թե ինչ կլինի դրանից հետո: Իսկ առջևում Արցախի ընտրություններն են և հանրաքվեն:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով