«Նուբարաշեն», «Արմավիր» եւ «Գորիս» ՔԿՀ-ներն նոր պետեր ունեն

Այսօր՝ մարտի 4-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրել է հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանին: Այս մասին հայտնում են ՔՀԾ հանրային կապերի բաժնից:

Արթուր Գոյունյանն իր խոսքում հատկապես կարևորել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարը, ազատությունից զրկված անձանց միջև ոչ կանոնադրական և աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառումը՝ հավաստիացնելով, որ ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների՝ օրենքով վերապահված լիազորությունների և պահանջների լիաժեք կատարմանը, և ցանկացած օրինախախտ դեպք կստանա իր համարժեք պատասխանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն օրը քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի անձնակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանին, իսկ ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը «Գորիս» ՔԿՀ-ում ներկայացրել է նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Սամվել Մկրտչյանին:

Արտակ Հարությունյանը և Վահե Պապոյանը ՔԿՀ-ներում անցկացրել են նաև խորհրդակցություններ, որոնց ընթացքում մեկ անգամ ևս կարևորել են քրեակատարողական ծառայության որդեգրած նոր քաղաքականությունը, մասնավորապես օրենքի և պետության գերակայության սկզբունքները։ Անդրադարձել են նաև ծառայողական պարտականությունների անշեղորեն կատարմանը, պրոֆեսիոնալիզմին, ծառայողների մշտական ինքնակրթվելուն, ծառայությունը բարեխիղճ ու օրինապահ կատարելուն՝ պահպանելով ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջները: Առանձնահատուկ շեշտադրվել է հատկապես քրեական ենթամշակույթի հաղթահարման և կոռուպցիայից զերծ մշակույթ ձևավորելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով