Միայն մանդատները վայր դնելն է մնում

Ինչ չէինք տեսել, դա էլ տեսանք:

Ըստ էության ԱԺ-ում այսօր առանց ընդդիմության մասնակցության ընդունվել է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծը… Այս օրինագիծը շատ հետաքրքիր ճանապարհ է անցել ԱԺ-ում վերջին օրերի ընթացքում: Առավոտյան տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը փաստացի տապալվեց: Ընդդիմության չմասնակցելու պատճառով քվուրումի բացակայության պայմաններում օրվա իշխանությունը չկարողացավ առաջ տանել այս արատավոր նախագծերի փաթեթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետև շատ վիճահարույց պայմաններում հրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ, որի մասին ընդդիմությունը առեղծվածային կերպով տեղեկացավ նիստի սկսվելուց հինգ րոպե առաջ: Հարցեր կան նաև Կառավարության այն նույնքան առեղծվածային որոշումների վերաբերյալ, որոնք մարտի 31-ով առկա են Կառավարության պաշտոնական կայքէջում և վերաբերվում են ԱԺ նշված արտահերթ նիստը գումարելու նախաձեռնությանը: Այդ որոշումները այնքանով են առեղծվածային, որ այսօր Կառավարության նիստ տեղի չի ունեցել։ Մի խոսքով, տնավարի և ափալ-թափալ, առանց ընդդիմությանը արտահայտվելու հնարավորություն տալու անցկացված ԱԺ արտահերթ նիստը, որի արդյունքում ի վերջո ժողովրդական լեզվով ասած «սղցրին» այս հակաժողովրդավարական նախագիծը, ուղղակի սկանդալ է: Հատուկ ուզում ենք հրավիրել հանրության ուշադրությունն այն փաստին, որ Կառավարությունը և պարլամենտական մեծամասնությունն ուղղակի տիտանական համառություն ցուցաբերեցին այս նախագիծը զոռով ընդունել տալու գործում:

Այս կապակցությամբ երկու եզրահանգման կարելի է գալ՝ կամ այս նախագիծը իսկապես, ինչպես և մենք բոլորս կասկածում ենք, նպատակ ունի հաստատել տոտալ վորահսկողություն բնակչության վրա, կամ սա ուղղակի Փաշինյանի հրահանգով ցուցաբերված համառություն է, յուրահատուկ բռունցքը սեղանին խփելու տարբերակ, որը պիտի ընդդիմությանն իր տեղը ցույց տա և հանրության մոտ ստեղծի այն պատկերացումը, որ օրվա իշխանությունն է, այսպես ասած, տան տղամարդը: Որ կողմից էլ նայենք՝ լավ չի ստացվում:

Այսքանից հետո ընդդիմության ներկայացուցիչները պետք է մեկ մարդու պես մանդատները վայր դնեն և իշխանական թևին առաջարկեն մենակով աշխատել Ազգային Ժողովում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով