«Լիդիանի» հայաստանցի բաժնետերերը կառավարությունից փոխհատուցում են պահանջում.168.am

«Լիդիան ինթերնեյշընլ» ընկերության մի խումբ անհատ բաժնետերեր, հիմնականում՝ Հայաստանի քաղաքացիներ, դիմել են կառավարությանը՝ պահանջելով վերականգնել Ամուլսարի շրջափակման հետևանքով իրենց ոտնահարված իրավունքները: Ժամանակին ձեռք բերելով «Լիդիանի» բաժնետոմսեր, այժմ ՀՀ գործող կառավարության անգործության պատճառով նրանք կորցրել են իրենց ներդրումները:

Ինչպես ավելի վաղ նշվել էր մամուլում՝ վերջին մեկ տարում Տորոնտոյի բորսայից «Լիդիանի» մոտ 100 միլիոն բաժնետոմս է գնվել: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ  հատկապես 2019 թվականին ձեռք էին բերել միլիոնավոր բաժնետոմսեր: Ավելին, «Լիդիանի» բաժնետերերից բազմաթիվ սփյուռքահայեր, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայեր, որոնցից շատերն ունեն ՀՀ քաղաքացիություն, առաջիկայում կմիանան այս գործընթացին: Նրանք հղում են կատարում ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի օրենսդրության այն կետերին, որոնք խախտել են կառավարությունն ու ոստիկանությունը՝ թույլ տալով Ամուլսարի ճանապարհների փակումը և «Լիդիանի» պարապուրդը: «…Որոշ անձանց կողմից դիտավորությամբ, կազմակերպված և ուղղորդված ձևով շարունակվում է դեպի հանք տանող ճանապարհների շրջափակումը, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 և 258 հոդվածների պահանջներից ելնելով՝ որակվում է որպես հանցագործություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, Ամուլսարի հանք տանող ճանապարհի ավելի քան 20 ամիս տևող ապօրինի շրջափակումը, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների կողմից անցկացված ստուգումների արդյունքում ընդունված ոչ իրավաչափ վարչական ակտերը, ապօրինի շրջափակումը, ՀՀ ոստիկանության շարունակական անգործությունն ուղղակիորեն հանգեցրել են նրան, որ ընկերությունը հայտնվել է ծանր ֆինանսական դրության մեջ, չի կարողացել լրացուցիչ վարկային միջոցներ և ներդրումներ ձեռք բերել՝ չնախատեսված ծախսերը ծածկելու համար, ինչի հետևանքով ստիպված է եղել կնքել «Ընկերության պարտատերերի հետ համաձայնության ակտ», ինչի արդյունքում ընկերությունը դադարել է բավարարել Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված լինելու համար բավարար չափանիշներին, և 05․02․2020 թ․ դրությամբ դադարեցվել է ընկերության բաժնետոմսերի վաճառքը Տորոնտոյի ֆոնդային բորսայում։ Հավելենք նաև, որ նշված ժամանակահատվածում տեղի ունեցած՝ վերը նկարագրված գործընթացները բերել են ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքի պարբերական նվազմանը, ինչում կարելի է համոզվել Տորոնտոյի բորսայի պաշտոնական կայքում առկա տեղեկատվությանը հետևելով…

Այսպիսով փաստում ենք, որ, ի դեմս կառավարության, Հայաստանի Հանրապետության կողմից չեն իրականացվել ՀՀ Սահմանադրության վերը հիշատակված հոդվածներով սահմանված պարտավորությունները, ՀՀ Ոստիկանության կողմից խախտվել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտականությունները, ինչի արդյունքում խախտվել են թե՛ ՀՀ-ում հիմնված «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, թե՛ դրա ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 100 տոկոսին տնօրինող ընկերության, և թե՛ մեր՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բնականոն գործունեության արդյունքում եկամուտ ստանալու նպատակով ընկերության բաժնետոմսեր ձեռք բերած անձանց շահերը»,- ասվում է «Լիդիանի» հայաստանցի բաժնետերերի դիմումում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով