«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները դատի են տվել Կառավարությանը

«Լիդիան Արմենիայի» մի խումբ աշխատակիցներ և Ամուլսարի հարակից տարածքների բնակիչներ դժգոհում են՝ արդեն 2 տարի ոտնահարված են իրենց իրավունքները: «Լիդիան Արմենիայի» գնումների բաժնի վերահսկող Լիանա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում իրազեկեց.

«300 աշխատողից այս պահին մնացել են 15-20 աշխատող, մնացածը կրճատվել են: Փորձել ենք Կառավարությանը դիմել, տարբեր ստուգումներ են կատարվել, որ մենք կարողանանք աշխատել, գործել, ոչ մի լուծում չի տրվել: Կառավարությունը ի վիճակի չէ լուծում տալ տվյալ հարցին: Կորցնելով հավատը Կառավարության և վարչապետի նկատմամբ՝ ստիպված ենք եղել մի խումբ աշխատակիցներով դիմել դատարան: Հայցի պահանջն է՝  վերականգնել մեր իրավունքները և ճանաչել Ոստիկանության  գործունեությունը ոչ իրավաչափ: Պատրաստվում ենք Կառավարությունից պահանջել փոխհատուցել այն ֆինանսական և հոգեբանական վնասները, որ կրել ենք երկու տարվա ընթացքում: Պահանջելու ենք ոչ միայն չաշխատած երկու տարիների, այլև այն տարիների համար, որ պետք է աշխատեինք՝ 10-15 տարի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ի՞նչ է նշանակում՝ դնել հանրաքվեի՝ Ամուլսարի օրինական ծրագիրը աշխատի՞, թե՞ ոչ: Հանրության մեջ տարիներ շարունակ սուտ ու կեղծիք է տարածվում, թե այս ծրագիրը վնաս է հասցնելու, երեք կամ տասը գլխանի երեխաներ կծնվեն, «հա՞նք, թե՞ կյանք», հանրության մեջ տարածում է կեղծիք, իսկ մարդիկ չեն կարող անտեղյակ գնալ հանրաքվեի: Սա հետագայի հարց է, մենք հիմա կանգնած ենք ուրիշ խնդրի առաջ՝ ոտնահարվում են մեր իրավունքները»,- ասաց Հովսեփյանը:

Ամուլսարի հարակից տարածքների բնակիչները պնդում են, որ որոշ համայնքներում հանքի նախկին աշխատակիցներն իրենց ընտանիքներով արտագաղթում են: Ըստ իրենց ունեցած տվյալների՝ Ամուլսարի շրջափակման հետևանքով երկրից արտագաղթել է 500-ից ավելի մարդ:

«Գնդեվազում մեծ արտագաղթ ունենք: 75 անձ՝ ժամանակավոր, 6-ը՝ մշտական, գնացել են մեր համայնքից: Անօրինականության զոհ են դարձել ընկերության աշխատակցիները և այն մարդիկ, որոնք ուզում էին «Լիդիանում» աշխատել»,- ասաց Գնդեվազի բնակիչ Աննա Ներսիսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գորայքի նախկին համայնքապետ Առուստամ Առուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն վտանգներն ու ռիսկերը, որոնց մասին խոսում են Ամուլսարի ճանապարհները փակած քաղաքացիները, վերահսկելի են:

«Եթե Ամուլսարը մինչև մայիս չշահագործվի, շրջափակումը չվերացվի, տնտեսական առումով համայնքները բյուջետային խիստ կորուստներ են ունենալու: Վարչապետը բազմիցս շեշտել է, որ չկան բավարար հիմքեր հանքի շահագործումը չթույլատրելու, և հորդորել է բացել ճանապարհները, բայց մինչև հիմա «սայլը տեղից չի շարժվել»: Գորայքի գրանցված 526 բնակչից այսօր մնացել է 373 մարդ»,- ասաց Առուստամյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով