Կորոնավիրուսից բուժված 28 անձ կա, իսկ մեկ քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում՝ անդրադառնալով կորոնավիրուսի վարակման հետևանքով տարեց քաղաքացու երեկվա մահվան դեպքին, նշեց, որ հիմնականում բարդություններն առաջանում են խրոնիկական հիվանդություն ունեցող և տարեց քաղաքացիների մոտ. շատ կարևոր է նրանց պաշտպանությունը վարակի տարածումից: Նա նշեց, որ իրենց գործողություները միտված են հենց այդ խոցելի քաղաքացիների առողջապահության պահպանությանը:

«Ուզում եմ տեղեկացել, որ մոտ 40 քաղաքացիներ մեկուսացումից դուրս են գրվել, այսօր էլ ևս տասը քաղաքացի, որոնք  կրկնակի բացասական թեստ ունեն, դուրս են գրվելու և գումարելով նախկին թվին՝ կարող ենք ասել, որ 28 բուժված քաղաքացի կա: Ունենք մեկ ծայրահեղ ծանր քաղաքացի, իսկ մնացածի կյանքին վտանգ չի սպառնում, պացիենտների մեծ մասն առանց սիմպտոմների են և պարզապես մեկուսացված են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախարարը հաստատեց, որ վարակվել է երկու ամսական երեխա և նրա մայրը: Երեկ, երբ լրագրողներն այդ մասին հարցրել են, նա տեղեկացված չի եղել: «Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրն է երկու օր ջերմել, սակայն այս պահին սիմպտոմներ չկան, նրանք երկուսն էլ հիվանդանոցում են և ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունն ապահովելու, առողջությունը վերականգնելու համար, թեպետ, որպես այդպիսին, վերականգնելու կարիք չկա»,-ասաց նա:

Արսեն Թորոսյանն ասաց, որ հանրապետությունում կա կորոնավիրուսով հաստատված 329 դեպք, 28 բուժված և բուժման մեջ գտնվող 300 քաղաքացի, ինչպես նաև մեկ մահվան դեպք: Նա կոչ արեց պահպանել արտակարգ դրության կանոնները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով