«Իշխանական խմբակցության պատգամավորները, կարծես թե, հետ են կանգնել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մտքից, որը ենթադրում էր արգելել սպառողական վարկերի գովազդը էլեկտրոնային լրատվամիջոցներում։
Գաղտնիք չէ, որ ԶԼՄ-ները այդ կազմակերպությունների գովազդներով են իրենց թափանցիկ ֆինանսական հոսքերն ապահովում: Թե ինչու են իմքայլականները որոշել նման քայլի դիմել, «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տևական ժամանակ է՝ փորձում է օրենքի նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանից պարզել, սակայն Մանուկյանը կտրականապես հրաժարվում է օրենքի նախագիծը մեկնաբանելուց:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է զրուցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի նախագծի համահեղինակ Վարազդատ Կարապետյանի հետ, որն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե քննարկումներ են ընթանում, և փոփոխություններ կլինեն։
«Հիմա մենք լսում ենք լրատվամիջոցներին և հասկանում ենք, որ դա նաև էական եկամտի աղբյուր է լրատվամիջոցների համար, և այդ մասով ևս մենք պատրաստվում ենք վերանայել նախագիծը: Այսինքն՝ մեզ համար կարևոր է, որ չխաբեն մարդկանց այդ կազմակերպությունները գովազդի միջոցով, և ինչպիսին կլինի սահմանափակումը, ապա սա քննարկումների միջոցով, նաև լրատվամիջոցների հետ քննարկումների միջոցով կգանք ընդհանուր եզրակացության», – նշեց Կարապետյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։