Ինչու «Քաղաքացիական պայմանագիր»-ը հավաքված 205 միլիոն դրամից ոչ մի լումա չի հատկացնի որևէ մեկի օգնության համար

Փետրվարի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացրեց դրամահավաք-երեկո, որի ընթացքում հանգանակվեց 205 մլն 560 հազար դրամ:

Դրամահավաքից հետո «ԱՅՈ»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան՝ հետևյալ պարզաբանումն էր տվել, որ դրամահավաքի հեղինակը ՔՊ-ն է, ոչ թե «ԱՅՈ»-ի նախընտրական շտաբը, և հրավիրատոմսում հենց առաջին էջին գրված է եղել ՔՊԿ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Թե՛ իմ, թե՛ վարչապետի հայտարարության մեջ նշվել է, որ դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է, և, բնականաբար, ամենակարևոր պատճառն «ԱՅՈ»-ի քարոզչությունն է, և դա որևէ կերպ չի թաքցվել ու կարիք էլ չկար թաքցնելու»,- ասել էր «ԱՅՈ»-ի շտաբի պետը՝ ևս մեկ անգամ հաստատելով, հասցեատերը ՔՊ-ն է:

Միևնույն ժամանակ Սուրեն Պապիկյանը վստահեցրել էր. «Մենք հրավիրելիս էլ նշել ենք, որ այն կանխիկ գումարը, որը հավաքվել է, մուտքագրվելու է և մուտքագրվել է մեր հիմնադրամի նախընտրական հաշվեհամարին: Եթե այն կգերազանցի 100 մլն-ը, կգնա պետբյուջե, բայց եղել է նաև ՔՊ-ի հիմնադրամի հաշվեհամարը, որին ևս գումար է ուղարկվել: Իրավական, բարոյական որևէ խնդիր չկա»:

Նկատենք, որ Կուսակցությունների մասին ՀՀ Սահմանադրական օրենքում ամրագրված է, որ «կուսակցությանը տրվող նվիրատվության չափը 1 տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը, այն է՝ 100 միլիոն դրամը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միևնույն ժամանակ օրենքի հոդված 24-ի 5-րդ կետում նշված է՝

«Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, նվիրատվության սահմանված չափը գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով՝ չթույլատրված նվիրատվությունները ամբողջությամբ վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցել պետական բյուջե»։

Ստացվում է, եթե ՔՊ-ն իր ծախսերի համար պահում է 100 մլն դրամը, ևս 100 մլն դրամն էլ հատկացնում է Հանրաքվե 2020-ի համար, ապա մնացած 5 մլն 560 հազար դրամը պարտավոր է վերադարձնել կամ նվիրատուներին, կամ պետական բյուջե:

168.am-ն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից փորձեց ճշտել՝ արդոք կուսակցությունն ունի՞ որոշում Հանրաքվե 2020-ի համար հավաքված 205 միլիոն դրամից որոշակի գումար, որպես աջակցություն, հատկացնել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին կամ բուժանձնակազմերին:

Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից գրավոր պատասխանեցին, որ ՀՀ օրենսդրության՝ կուսակցությունների գործունեությունը կարգավորող իրավական նորմերը քաղաքական ուժերին արգելում են բարեգործական գործունեությամբ զբաղվել:

«Հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը կուսակցություններին արգելում է իրենց գույքը (ֆինանսական միջոցները) նվիրաբերել: Ձեր հարցադրմամբ առաջարկվող մոտեցումն ինքնին հակասում է Հայաստանի Սահմանադրության ոգուն և ՀՀ օրենսդրությանն ընդհանրապես: Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը՝ հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով նպաստել ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես քաղաքական մեծամասնություն, ի դեմս Հայաստանի կառավարության, ամենօրյա գործունեությամբ նպաստում է Հայաստանի հզորացմանը, որպեսզի մեր պետությունն իր սոցիալական պարտավորությունները կատարի ողջ ծավալով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո: Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է հոգալ բուժաշխատողների և սոցիալապես խոցելի խմբերի կարիքները։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարօրությունը կախված չէ և կախված չի լինելու մեկ կամ մի խումբ մարդկանց բարի կամքից։ Հարկ եմ համարում նաև տեղեկացնել, որ մեր կուսակցության բազմաթիվ անդամներ այս պահին գրանցվել են որպես կամավորներ և դրանով են աջակցելու իրավիճակի լավագույն հանգուցալուծմանը»,- ասված է մեզ տրված պատասխանում։

Ի վերջո, պարզ չէ, թե ինչու կուսակցությունը չի պահպանել օրենքի պահանջը և 5 մլն 560 հազար դրամը սահմանված ժամկետում չի վերադարձրել կամ նվիրատուներին, կամ պետական բյուջե։

Աղբյուր`168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով