«Բոլորս, միասնական ուժերով, կարող ենք այս ընտրությունները դարձնել ազնիվ ու մաքուր».Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբում այսօր, մարտի 12-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում առկա հրատապ խնդիրների վերաբերյալ։

Ասուլիսի ընթացքում «Արդարություն» կուսակցության հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը ներկայացրել է մի շարք փաստեր ընտրարշավի ընթացքում տեղ գտած դատապարտելի երևույթների՝ ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի կոպիտ չարաշահման, ընտրողների վրա գործադրվող տարատեսակ ճնշումների մասին։ Կուսակցության շրջանային շտաբերի պատասխանատուներ Աշոտ Սևումյանը և Կարեն Հովհաննիսյանը ներկայացրեցին իրավիճակը շրջաններում, ուր մրցակից թեկնածուների և քաղաքական ուժերի ներկայացուցիչները
վարչական ռեսուրսների օգտագործմամբ ահաբեկում են բնակչությանը, մասնավորապես՝ «սխալ» թեկնածուի օգտին քարոզելու, քարոզ լսելու կամ քվեարկելու դեպքում աշխատանքից հեռացնելու սպառնալիքներով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՀ Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը տեղեկացրեց, որ ինքը քննարկել է այս խնդիրները իր մրցակիցների հետ՝ փորձելով սկզբունքորեն բացառել այդ հոռի երևույթների առկայությունը Արցախում։ Նա հայտնեց նաև, որ շրջաններից ստացված ահազանգերը ստուգելուց հետո գրավոր ուղերձով դիմել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին, ապա հանդիպել նրա հետ՝ արդարությունը վերականգնելու և ընտրապայքարի օրինականությունն ապահովելու պահանջով: «Օրենքը բոլորի համար մեկն է: Մեր երկրում այդ իմաստով արտոնյալներ չպետք է լինեն»,- ասաց Վիտալի Բալասանյսնը:

Կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Հակոբ Հակոբյանը հրապարակեց Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ արդեն իսկ գործադրված թեժ գծի հեռախոսահամարը /047 204500/, որի միջոցով քաղաքացիներն այլևս հնարավորություն ունեն ահազանգել նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվող բոլոր տեսակի խախտումների մասին։
Գեներալ Բալասանյանը նախագահական ու խորհրդարանական ընտրությունների բոլոր մասնակիցներին կոչ արեց ջանք գործադրել և տեղադրել թեժ գծի համարը բոլոր հնարավոր տեղեկատվական ռեսուրսներում: «Բոլորս, միասնական ուժերով, կարող ենք այս ընտրությունները դարձնել ազնիվ ու մաքուր։ Միասին մենք ոչ կասենք անարդարությանը»,- ամփոփելով ասուլիսը հայտարարեց ԱՀ Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով