Այն քաղաքացիները, ովքեր գրանցված չեն որպես աշխատող, կարող են դիմել ՊԵԿ՝ ասելով, որ աշխատել են․ եթե պարզվի, որ դա ճիշտ է, գուցե հնարավոր լինի նրանց ներառել աջակցության ծրագրերում․ Նիկոլ Փաշինյան

 

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստի ընթացքում ընդունեց հակաճգնաժամային ևս 3 փաթեթ, որոնք ունեին սոցիալական աջակցության նպատակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիստի ընթացքում քննարկման թեմա դարձավ ստվերային աշխատատեղերի հարցը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ ստվերային աշխատատեղերի գոյությունն անհնար է դարձնում Կառավարության օժանդակելու ցանկությունը, քանի որ նույնականացում հնարավոր չէ կատարել․ «Սա էլ հերթական առիթն է, որպեսզի կրկին որոշումներ կայացնենք և իրոք վերացնենք աշխատատեղերի ստվերը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն քաղաքացիները, ովքեր գրանցված չեն որպես աշխատող, փաստացի չեն կարողանալու օգտվել Կառավարության աջակցության ծրագրերից։

«Եվ մենք չունենք գործիք իրենց նույնականացնելու համար։ Մենք ո՞նց իմանանք՝ մարդն աշխատել է, բայց չի ֆիքսվել։ Եթե նույնիսկ որևէ մեկն ասի՝ գիտեք, ես աշխատել եմ, բայց չի արձանագրվել իմ աշխատանքը, մենք ո՞նց համոզվենք այդ տեղեկատվության հավաստիության մեջ»,- ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջին հերթին քաղաքացիները պետք է շահագրգռված լինեն դառնալ գրանցված աշխատողներ, դա է ապացուցում նաև հակաճգնաժամային իրավիճակը։

«Աշխատատեղերն արձանագրելը, իհարկե, Կառավարության համար էլ է կարևոր, բայց առաջին հերթին շահառուն քաղաքացին է և ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի իր աշխատանքն արձանագրվի։ Դա կարևոր է լինելու նաև կենսաթոշակի անցնելուց հետո, որովհետև այդ աշխատանքի արձանագրվածության և վճարած եկամտահարկի չափով է որոշվելու նաև այն թոշակը, որն ինքը պետք է ստանա թոշակի անցնելուց հետո»,- նշեց վարչապետը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան, սակայն, նկատեց, որ աշխատատեղերի գրանցման գործընթացն ունի երկու կողմ՝ աշխատող և գործատու։ «Շատ հաճախ քաղաքացիները ցանկություն ունեն, բայց գործատուն չի գրանցում։ Չի կարող այս գործընթացը լիարժեք լինել, եթե չկա գործատու և աշխատող համագործակցությունը։ Երկուսն էլ պետք է շահագրգռված լինեն գրանցել իրենց հարաբերությունները»,- ասաց նախարարը։

Ի պատասխան Զարուհի Բաթոյանի բարձրացրած հարցի՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց քաղաքացիներին դիմել Պետական եկամուտների կոմիտե։ «Այն քաղաքացիները, ովքեր գրանցված չեն որպես աշխատող կամ որպես աշխատանք կորցրած, կարող են դիմել ՊԵԿ՝ ասելով, որ աշխատել են և չի արձանագրվել իրենց աշխատանքը։ Եթե քննության արդյունքում պարզվի, որ դա ճիշտ է, գուցե քաղաքացիներին հնարավոր լինի ներառել ծրագրերում։ Սա լավ առիթ է, որ ՊԵԿ-ն այդ հարցով զբաղվի և քաղաքացիները, գործատուները հասկանան, թե ինչ պրոբլեմ են առաջացրել իրենց աշխատողների համար, գուցե նրանք էլ ինքնահայտարարագրման կամ ինքնախոստովանության պրոցես անցնեն»,- ասաց վարչապետը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով