Արտակարգ դրության ժամանակ ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները ոչ միայն հակաօրինական ու հակասահմանադրական են, այլև պարզապես դժվար են կիրառելու համար. Աղասի Ենոքյան.Tert.am.

Քաղաքագետ, «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է երկրում նոր կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը, վարակի տարածումը կանխելու նպատակով իշխանությունների կողքմից գործադրվող քայլերին, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում մամուլի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին:

– Հայաստանի իշխանությունները բավականին կոշտ միջոցառումներ են ձեռնարկում կորոնավիրուսի տարածման դեմ, այդ թվում՝ լրատվամիջոցների հանդեպ սահմանափակումներ, սակայն համաճարակը կարծես չի նահանջում։

– Իշխանությունների ձեռնարկած քայլերը բացարձակ ադեկվատ չեն համաճարակի տարածմանը։ Դուք նշեցիք լրատվամիջոցների հանդեպ սահմանափակումները։ Արտակարգ դրության առաջին օրերից դրանք են դարձել իշխանությունների ուշադրության հիմնական առարկան, ինչը բացարձակ ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին։ Ըստ էության, իշխանությունները համաճարակի դեմ պայքարը նենգափոխում են խուճապի դեմ պայքարով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Ո՞րն է դրա պատճառը, արդյո՞ք իշխանությունները չեն գիտակցում վարակի տարածման լրջությունը։

– Պատճառները մի քանիսն են․ նախևառաջ, գոնե սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանի և մյուս պաշտոնյաների արած հայտարարություններից երևում էր, որ իրոք չկար վտանգի գիտակցում։ Հիշենք նաև, որ վարակի տարածումը սկսվեց հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի թեժ շրջանում, երբ իշխանությունները աջուձախ քաջաբար հայհոյում էին նախկիններին, և այս հանգամանքներում համաճարակի հանդեպ վախ ցուցաբերելը հավասարազոր կլիներ մաչոյիզմից հրաժարվելուն, թուլություն ցուցաբերելուն։

Հիշենք նաև, որ այս իշխանություններին միշտ հաջողվել է իրական գործերը փոխարինել PR ակցիաներով, և նրանք հույս ունեն, որ այս դեպքում ևս կհաջողեն։ Մենք տեսանք, որ անգամ այս դեպքում լուրջ ջանքեր ծախսվեցին մեղավորներ նշանակելու համար, ինչպես Էջմիածնի դեպքն էր։ Լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի օգտատերերի հանդեպ մտցված սահմնափակումներով իշխանությունները հույս ունեն ստանալ տեղեկատվություն մատակարարողի մենաշնորհ, ինչը, իրենց կարծիքով, ավելի էֆեկտիվ կդարձնի PR գործողությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Բայց մի՞թե խուճապի տարածումը վտանգավոր չէ։

– Կարծում եմ, այս դեպքում մի քիչ ավելի խուճապը միայն օգտակար կլիներ։ Ամեն դեպքում, համաճարակի դեպքում ավելի նախընտրելի է լինել անհրաժեշտից ավելի զգուշավոր, քան անհրաժեշտից ավելի հանգիստ ու անուշադիր։

– Ձեր կարծիքով, իշխանությունները հաջողո՞ւմ են այս նախաձեռնության մեջ։

– Ոչ, քանի որ տեխնոլոգիաների ներկա դարում պարզապես անհնար է այդ մենաշնորհը հաստատելը։ Ավելին, հայտարարած սահմանափակումներն այնքան հապճեպ են մտցվել, որ ոչ միայն հակաօրինական ու հակասահմանադրական են, այլև պարզապես դժվար են իրականում կիրառելու համար։ Վերցրեք միայն Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից օգտվելու վրա արգելքը՝ այն պարզապես անհեթեթ է։

Կա նաև ուրիշ պրոբլեմ․ իշխանությունների կողմից հաղորդվող տեղեկատվությունը հաճախ իր մեջ հակասություններ է պարունակում, ինչն այլ աղբյուրներից օգտվելու անհնարինության պատճառով կարող է ինքնին խուճապ ստեղծել, այսինքն, լրիվ հակառակ նպատակի ծառայել։

– Այժմ ավելի կոնկրետ է կիրառվում կարանտինի ու մեկուսացման քաղաքականությունը։ Ձեր կարծիքով շո՞ւտ կհաղթահարենք համաճարակը։

– Ես ո՛չ բժիշկ եմ, ո՛չ համաճարակաբան, և այդ հարցին ճշգրիտ պատասխան չեմ կարող տալ։ Սակայն կարևորագույն խնդիր է, որպեսզի իշխանությունները վերադառնան խնդրի արմատին և չփորձեն կորոնավիրուսի դեմ պայքարը նենգափոխել խուճապի դեմ պայքարով և սեփական PR-ի միավորներ հավաքելով։ Իրավիճակն իսկապես լուրջ է։

Իմ կողմից միայն երկու դիտարկում անեմ․ դեռևս պարետատան կողմից հայտարարված բարերի, սրճարանների և նման հասարակական վայրերը փակելու որոշումից օրեր առաջես Երևանում տեսա, որ շատ սրճարաններ ու ռեստորաններ ինքնուրույն են փակվել՝ մի մասը գիտակից ռեստորանատերերի կողմից, որ իրենք չտարածեն վարակը, մյուս մասն էլ գիտակից քաղաքացիների պատճառով, ովքեր արդեն ինքնամեկուսացվել էին և դեռւես իշխանությունների ձեռնարկած միջոցառումներից առաջ էին դադարել նման վայրեր հաճախել։ Ուրախալի է, որ այս դեպքում քաղաքացիների նախաձեռնությունն առաջ է ընկնում իշխանություններից։ Մյուս դիտարկումս վարակի տարածման մաթեմատիկական մոդելի մասին է։ Կարծես հաստատվում է, որ այն տարածվում է շատ արագ, էքսպոնենցիալ մոդելով, և, ըստ մասնագետների, կոշտ մեկուսացումը սկսելու ոչ միայն ամեն օրը, այլև ամեն ժամն ու րոպեն է կարևոր։ Հուսով եմ, թե՛ մեր իշխանությունները, թե՛ մեր քաղաքացիները հաշվի կառնեն մոդելի այս առանձնահատկությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով