Արտակարգ դրության պայմաններում պատգամավորների պարգևատրումները պետք է բացառվեն, ոչ թե իրենք կամավոր կերպով դրանք որպես աջակցություն տրամադրեն. Վլադիմիր Մարտիրոսյան.tert.am

 

Ե՛վ այդ որոշումը, և՛ընդհանրապես պարգևավճարների առումով իշխանությունների որդեգրված քաղաքականությունը ունի խնդիրներ թե՛ բարոյական, թե՛ օրենքի առումով: Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե իր և պատգամավորների՝ մարտին տրամադրվելիք ամենամսյա պարգևավճարները կփոխանցվեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այժմ կամավորական սկզբուքով են որոշել տրամադրել պարգևավճարները, բայց կարծում եմ՝ չպետք է այդպես լինի. մենք արտակարգ դրության մեջ ենք, և որոշումները ևս պետք է լինեն արտակարգ: Հատկապես այս իրավիճակում իշխանությունները պարգևավճարների և իշխանության էֆեկտիվության բարձրացման առումով որոշումներ ունեն ընդունելու, և դրանք պետք է վերաբերեն նաև պարգևատրման բացառմանը»,-ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ բացի պարգևատրումների բացառումը, պետք է ուշադրությունը և ֆինանսական աջակցության երաշխիքները կենտրոնացնել առաջնագծում գտնվող բժիշկների, զինվորականների, ոստիկանների վրա, նաև ստեղծել հոգեբանական աջակցության և խորհրդատվության կենտրոն: «Արտակարգ դրության ռեժիմը, հուզական և բնական վախի հոգեվիճակը հանդարտեցնող և կառավարող մասնագետների աջակցությունը հեռավար կերպով կազմակերպելու և կանոնակարգելու խորը խնդիր կա, ինչը օպերատիվ պետք է լուծել»,-նշեց քաղաքագետը:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված պարտադիր պարգևավճարների տրամադրումը, արդյո՞ք այդպես աշխատանքային մոտիվացիայի խնդիր չի լինում, երբ պատգամավորներն առանց աշխատելու էլ գիտեն, որ ամեն ամիս պարգևավճարներ են ստանալու, Մարտիրոսյանը նշեց, թե դա քաղաքական լոյալության մոտիվացիա է ապահովում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չեմ կարծում, թե այդ պարգևավճարները որևէ կերպ խթանում են մասնագիտական մոտիվացիան: Կարծում եմ՝ դա ավելի շատ իշխանություններին լոյալ գտնվելու և հավատարիմ լինելու խնդիր է լուծում: Այստեղ, թերևս, գլխավորը խնդրի իրավական և բարոյական կողմն է: Արդյո՞ք գոյություն ունեն անհրաժեշտ իրավական հիմքեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների նման չափով պարգևատրումների համար և, արդյո՞ք պետական իշխանությունը վաստակել է ինքն իրեն պարգևատրելու բարոյական իրավունքը»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով նաև, որ պետական պաշտոնյաների պատշաճ և արժանապատիվ վարձատրությունը ոչ միայն նրանց աշխատանքի մոտիվացիայի գլխավոր գործոններից մեկն է, այլ նաև պետական ծառայության մրցունակ համակարգի ստեղծման կարևոր երաշխիքներից է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով