Արտակարգ դրության անփորձ ու անպատասխանատու պատասխանատուները

Արտակարգ դրություն է երկրում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ համաճարակների տարածման վտանգը կանխելու համար արտակարգ դրություն հայտարարելու պարագայում գործում են հստակ կարգավորումներ այն մասին, թե ինչպիսի հասարակական վայրեր պիտի շարունակեն գործել, իսկ ինչպիսիք՝ ոչ: Սովորաբար պետությունների կառավարությունները այս հարցերում գործում են պրոակտիվ սկզբունքով և չեն սպասում, մինչև աղետը գա իրենց դուռը, ներս մտնի, բազմոցին տեղավորվի, որ նոր մտածեն, թե ինչպես կարգավորեն հասարակության կյանքը, որպեսզի համ խուսափեն վարակի տարածումից համ էլ չսահմանափակեն հիմնարար ազատությունները:

Այդպիսի իրավիճակների համար նախապես ստեղծվում է հանձնաժողով, որը մշակվում է գործողությունների պլան արձագանքման համար, տրվում են հանձնարարականներ, որպեսզի, եթե հանգամանքների բերումով լինի արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն, երկրի տնտեսությունը և այլ ոլորտները կաթվածահար չլինեն: Չենք ուզում դարձյալ անդրադառնալ այն հարցին, թե Տիգրան Ավինյանի գլխավորած հանձնաժողովը, որի առաջին նիստը գումարվել էր դեռ 2020 հունվարի 31-ին, ինչով էր զբաղված մինչև արտակարգ դրություն հայտարարելը, սակայն այս իրավիճակը բարձրացրեց մի շարք հարցեր, որոնք անպատասխան են մնում: Արդեն արտակարգ դրություն հայտարարելուց հետո ԱԺ-ն հրատապ քննարկում է տարբեր օրենքներում փոփոխություններ անելու հարցը, այդ թվում՝ ինքնամեկուսացման կամ մեկուսացման պահանջը խախտողներին և այլ մարդկանց վարակողներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին և մի շարք այլ հարցեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ բոլոր հարցերը պիտի քննարկված լինեին դեռ մինչև արտակարգ դրություն հայտարարելը: Պետք է նախապես մշակված լինեին այնպիսի սկզբունքներ, որպեսզի ապահովվեր առավելագույն արդարացի վերաբերմունք թե ֆիզիկական և թե իրավաբանական անձանց նկատմամբ: Պետք է նախապես մշակված լինեին մոտեցումներ, որոնք թույլ կտաին այսօր կարգավորել տնտեսվարողների գործունեությունը, մասնավորապես խոշոր առևտրի կենտրոնների՝ այսպես կոչված մոլերի և տոնավաճառների մասով: Արդեն հայտնի է, որ մոլերը փակվել են, բայց տոնավաճառները դեռ շարունակում են գործել: Հնչեցվում են պարզաբանումներ, թե իբր տոնավաճառների միայն բացօթյա տարածքներն են գործում, բայց արդյո՞ք դա իրապես նվազեցնում է վարակվելու հավանականությունը:

Չէ՞ որ ինչպես որ մեզ տեղեկացնում են հեռուստացույցով և այլ տեղեկատվական ճանապարհներով, վարակը կարող է փոխանցվել նաև դրամի միջոցով և մի շարք այլ ճանապարհներով: Պարտադիր չէ գտնվել անմիջապես վարակակիրի կողքին, կարելի է մեկ ժամ իրենից հետո դիպչել դրամին և այլն:

Այս ամենի ֆոնին այսօր տեղեկանում ենք նաև, որ վարչապետի տիկինը փողոցներում մարդկանց կորոնավիրուսից պաշտպանվելու մասին բուկլետներ էր բաժանում, և դատելով լուսանկարներից և տեսանյութերից՝ կարող ենք տեսնել, որ ոչ ձեռնոց էր հագել, ոչ էլ դիմակ… Արդյո՞ք դա անպատասխանատու վարքագիծ չէ: Ու դեռ մի բան էլ մարդկանց հարցնում է, թե ինչու են տանից դուրս եկել…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա խոսում է այն մասին, որ բացակայում է համընդհանուր մոտեցումը: Կառավարությունը անփորձ է և չի կարողանում համակարգված գործել: Այստեղ իմաստ ունի անդրադառնալ նաև ֆինանսական աջակցության մասով դրսևորվող մոտեցումներին: Մի կողմից Փաշինյանի գլխավորած կառավարությունը հայտարարում է, որ պատրաստ է 150 միլիարդ դրամի աջակցություն տրամադրել, այսինքն այդ գումարը առկա է և այն հնարավոր է օգտագործել, բայց մյուս կողմից, երբ առաջարկվում է հարկային արձակուրդ տրամադրել փոքր և միջին բիզնեսին,

Փաշինյանը փրփուրը բերանին պատասխանում է, թե «Հարկային արձակուրդի գաղափարը վատն ենք համարում. բա ծախսերն ինչո՞վ պետք է անենք»: Անհասկանալի է նման դիրքորոշումը այս պարագայում: Եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում 150 միլիարդ դրամ օգնությունը:

Ըստ էության այդ գումարը ենթադրաբար պիտի տրամադրվի բիզնեսին, որպեսզի վերջինը կարողանա կատարել իր հարկային, աշխատավարձային և այլ պարտավարությունները: Եկեք դիտարկենք հարկային պարտավորությունների մասը՝ արդյո՞ք սա չի նշանակում գումարները տեղափոխել մեկ գրպանից մյուս գրպանը: Այո, նշանակում է, ուղղակի ճանապարհին կարող է մի քանի կոպեկ կպնի գումարը տեղափոխող ձեռքին ու կորի: Երբ չկա հստակ մեխանիզմ, իսկ այդպիսին բացակայում է, և առհասարակ այս ամբողջ գաղափարը մշուշոտ է և անորոշ, շատ բաներ անհասկանալի են թե չափորոշիչների և թե հասցեականության առումով, միշտ ստեղծվում են կոռուպցիոն ռիսկեր:

Մի՞թե ավելի թափանցիկ չի լինի անհասկանալի սկզբունքներով և հիմքերով բյուջեից գումարներ դուրս գրելու փոխարեն պարզապես որոշ ժամանակով ՓՄԲ-ին տրամադրել հարկային արձակուրդ: Հատկապես այն պարագայում, երբ 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ, օրինակ, պետական ծախսերի մասով 220 միլիարդ դրամից ընդամենը 89 միլիարդն է ծախսվել: Ավելացած գումարները տեղափոխվել են Կենտրոնական բանկ՝ հավանաբար պահուստային ֆոնդում պահվելու համար: Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել պարոն Փաշինյանին այս մասին և հուշել, որ այն ծախսերը, որոնց համար նա այդքան անհանգստանում է, կարելի է անել հենց այդ պահուստային ֆոնդի հաշվին: Դա տրամաբանական կլիներ, բայց միգուցե պարոն Փաշինյանը գիտի մի բան, որ հանրությունը չգիտի: Այստեղ կա ևս մեկ նրբություն՝ եթե կառավարությունը պիտի որոշի այս կամ այն տնտեսվարողին այդ 150 միլիարդի շրջանակներում աջակցություն ցուցաբերելու կամ չցուցաբերելու հարցը, ապա իհարկե Փաշինյանի կառավարությունը շահեկան վիճակում է, քանի որ տնտեսվարողները ուղղակիորեն կախված կլինեն իրենց քմահաճույքից և կարող են նաև չստանալ աջակցություն:

Այս մոտեցման դեպքում ակնհայտորեն առկա են կոռուպցիոն ռիսկեր: Իսկ եթե կառավարությունը ընտրի ավելի թափանցիկ և տրամաբանական ճանապարհը՝ հարկային արձակուրդ տրամադրելը, ապա նա չի ունենա տնտեսվարողի վրա ազդելու լծակներ, ինչը 0-ի է հասցնում կոռուպցիոն ռիսկերը, բայց դրա հետ մեկտեղ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կզրկվի բիզնեսի վրա ներազդելու հնարավորությունից:

Հետևությունները թողնում ենք ձեզ:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով