Ամեն ինչ գլխիվայր է․ ծուռ հայելիների թագավորություն». Հայկ Ալումյան․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանից:

Նշենք, որ մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով: Նախատեսվում էր, որ այդ օրը դատական նիստին պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը, որը պաշտպանները ներկայացրել էին մարտի 16-ին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ էության՝ արդեն երրորդ օրն է, սակայն հայտնի չէ, թե երբ կկայանա դատական հաջորդ նիստը:
Հայկ Ալումյանի խոսքով՝ հայտնի չէ, թե ինչ առողջական խնդիր ունի դատավորը և ըստ այդմ՝ հնարավոր չէ կանխատեսել, թե երբ կարող է տեղի ունենալ հաջորդ դատական նիստը:

Հարցին, թե արդյո՞ք երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հնարավոր է դատական նիստը երկու շաբաթով հետաձգվի՝ Ալումյանը պատասխանեց, որ իրավունք չունեն, քանի որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել: «Իրենց մոտ ամեն ինչ գլխիվայր է: Եթե մի քննիչ միջնորդություն բերեր՝ ինչ-որ մեկին կալանավորելու, արտակարգ դրություն լիներ,թե չլիներ, հիվանդ լինեին, թե ոչ, մահամերձ լինեին, թե ոչ գալու էին քննիչի միջնորդությունը քննելու և , ամենայն հավանականությամբ, կբավարարեին: Ամեն դեպքում՝ կքննեին»,- նշեց Ալումյանն՝ ընդգծելով, որ անձի ազատության իրավունքն ավելի կարևոր է, քան անձի ազատազրկման հարցը: «Գլխիվայր է ամեն ինչ: Ծուռ հայելիների թագավորություն է»,- նշեց փաստաբանը:

Նշենք, որ պաշտպանները կասկած են հայտնել՝ կապված դատական նիստի հետաձգման հետ: Մասնավորապես՝ Հայկ Ալումյանն ավելի վաղ ասել էր, որ կասկածներ ունի, դատական նիստը հետաձգվել է, որպեսզի ոչ բոլոր երաշխավորողները հնարավորություն ունենան նիստին ներկա գտնվելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ երաշխավորության միջնորդության քննարկման ժամանակ նաեւ երաշխավորողները պետք է ներկա լինեն դատական նիստին։ Պաշտպանը նշեց, որ մինչ այս արտահայտած կասկածները՝ կապված նիստի հետաձգման շարժառիթների հետ, ունի նաև հիմա և այդ կասկածները կամ կփարատվեն, կամ կհաստատվեն այն ժամանակ, երբ դատավոր Դանիբեկյանը կտրամադրի սպառիչ տեղեկատվություն, թե ինչ առողջական խնդիրներ են առաջացել, որտեղ է բուժվել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով