325 միլիոն դրամ պարգևավճար VS Արցախի համար ճակատագրական հարցում գրեթե 24 ժամ ուշացումով արձագանք

325.192.100 դրամը եթե բաժանենք 365 օրերի, կստանանք 890 937 մեկ օրվա համար: Այդքան պարգևավճար են ստացել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում 2019 թվականին: Սա ուղղակի որպես տեղեկություն:

Իսկ հիմա բուն հարցի մասին: Երեկ տարածվեց այն նորությունը, որ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հանդիպումը Թուրքիայի արտգործնախարարի հետ: Հանդիպման ընթացքում թուրքական կողմը մասնավորապես հնչեցրել է այն միտքը, որ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ և նշյալ կարգավորումը պետք է ամբողջովին բխի Ադրբեջանի սուվերենության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների դրույթներից: Այս կապակցությամբ հարց ունենք ՀՀ ԱԳ նախարարությանը՝ հարգելի նախարարություն, արդյո՞ք դուք տեղյակ եք եղել այս հանդիպման մասին: Չէ որ այսպիսի հանդիպումները ինքնաբուխ չեն լինում, այլ պատրաստվում են նախապես: Եթե ոչ, ապա թե Հայաստանի Հանրապետության Կառավարության ղեկավարը և թե ժողովուրդը պիտի անեն համապատասխան եզրակացություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ եթե այո, ապա… Սրան դեռ կվերադառնանք: Երեկ ուշ երեկոյան ամբողջ համացանցը ողողվեց ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի կողմից վերոհիշյալ հանդիպմանը վերաբերող Արմեն Աշոտյանի կողմից արված հարցադրմանը: Նշենք, որ երբ հանդիպման մասին լուրերն արդեն տարածվեցին համացանցում և մամուլում, ՀՀ ԱԳ նախարարը իր թվիթերյան էջում կատարել է հետևյալ գրառումը՝ «Համանախագահներին ուղղված Մևլյութ Չավուշօղլու խորհուրդները ստիպում են հիշել Ղուկասին 4.23 «Բժի՛շկ, ինքդ քեզ բուժի՛ր»: Այսպիսի հուժկու հակահարվածին Թուրքիան ինչպես պիտի դիմակայի, ցույց կտա ժամանակը, իսկ մենք առայժմ կարող ենք արձանագրել միայն մեկ բան. ՀՀ ԱԳ նախարարությանը վերջին տարիների գործունեությունը ոչ մի կերպ չի նպաստել Հայաստանի և Արցախի դիրքի ամրապնդմանը Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացում, այլ ընդհակառակը տապալել են բոլոր այն ջանքերը, որոնք մեր դիվանագիտությունը 2012 թվականից ի վեր գործադրել է, որպեսզի բացառի Թուրքիայի առաջխաղացումը դեպի Մինսկի խմբի համանախագահողների կազմ:

Գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ Թուրքիան միշտ ունեցել է այդ հավակնությունները՝ սովորական անդամից դառնալ համանախագահող, որպեսզի ոչ միայն առաջ տանի Ադրբեջանի շահերը այլ նաև ձեռք բերի ազդեցության ևս մեկ լծակ: Օրվա իշխանությունն արդեն Ադրբեջանի համար մի քանի լուսանցք բացել է այդ առումով, սկսած Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ» եզրույթից և վերջացրած «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» եզրույթով, որը մեր դիվանագետների թեթև ձեռքով սողոսկել է բանակցային գործընթացի մեջ և զենք դարձել մեր թշնամիների համար: Սրան գումարենք նաև ամբողջ աշխարհով մեկ Ադրբեջանի կողմից տարվող հակահայկական քարոզչությանը որևէ հակազդման իսպառ բացակայությունը և կստանանք ՀՀ դիվանագիտրության այսօրվա դեմքը: Իսկ այժմ վերադառնանք վերևում կիսատ թողնված հարցին՝ իսկ եթե այո, ապա…:

Եթե ՀՀ ԱԳ նախարարությունը տեղյակ էր, որ պլանավորված է այդպիսի հանդիպում, ապա ինչո՞ւ ԱԳ նախարարության խոսնակի պատասխանը հրապարակվեց շուրջ 24 ժամ անց: Մի՞թե հասկանալի չէր, թե ինչպիսի դիրքորոշում պիտի ունենա Թուրքիան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի՞թե հնարավոր չէր անմիջապես պատասխանել: Մի՞թե հասկանալի չէ, որ այսքան ուշացած արձագանքը, չնայած որ այն իսկապես արժանապատիվ էր, այլևս ի զորու չէ չեզոքացնել այն սարսափելի վատ տպավորությունը, որը հասցրեց ձևավորվել թե՛ Հայաստանի ներսում և թե՛ դրսում: Մի խոսքով, մեկ օրվա հաշվարկով 890 937 դրամ պարգևավճարներ ստացող գերատեսչության արդյունավետությունը խիստ կասկածելի է: Հատկապես ցավալի է, որ այս ամենը տեղի է ունեցել դիվանագետների օրբա նախօրեին, բայց մյուս կողմից, հաշվի առնելով այն, որ մեր ԱԳ նախարարությունում, ըստ շրջանառվող լուրերի, կան ուրվականներ, որոնց կարելի է կանչել և հարցեր ուղղել, ապա մեզ ոչ մի դիվանագետի օր էլ պետք չէ:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով