Կորոնավիրուսի վտանգավոր լինել կամ չլիները՝ իշխանությունների համար հնարավոր մանիպուլյացիաների գործիք

Արդեն բավականին տևական ժամանակ է, ինչ բոլորիս հայտնի տխրահռչակ կորոնավիրուսը տարածվում է Եվրասիական մայրցամաքի վրա: Շուրջ մեկ շաբաթ լուրեր ենք ստանում Իրանում և Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի մասին, այդ թվում մահվան ելքով: Նույնիսկ էպիդեմիոլոգիայից շատ հեռու մարդու համար պարզ է, որ Հայաստանում վարակվածների ի հայտ գալը ժամանակի հարց է:

Ավելին, տրամաբանական կլիներ փակ պահել մեր սահմանները: Հավանաբան այդ տրամաբանությամբ դրդված Կառավարության ղեկավարը օրերս հայտարարեց, որ փակվում է Հայաստան-Իրան սահմանները: Այնուհետև հայտնի դարձավ, որ իրականում սահմանը փակ չէ: Մի խոսքով, դարձյալ ստեղծվել է քաոսային վիճակ, որին մենք արդեն հասցրել ենք ընտելանալ վենջին 2 տարիների ընթացքում: Սակայն կորոնավիրուսի վարակի տարածման խնդիրը շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սկսենք նրանից, որ այն հատկապես խոցում է ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց: Հիմնական թիրախային խումբը մեծահասակներն են: Հաշվի առնելով Հայաստանում առկա աղքատության ցուցանիշը և ցածր թոշակները, ինչի հետևանքով տարեցները հնարավորություն չունեն գնել դիմադրողականությունը անհրաժեշտ մակարդակի վրա պահող սնունդ և դեղորայք, կարող ենք փաստել, որ մեր երկրում գրեթե բոլոր տարեցները գտնվում են ռիսկի խմբում: Եթե մենք կարող ենք տեսնել այս օրինաչափությունը, մի՞թե այն չեն տեսնում Առողջապահության նախարարությունում: Փաստորեն ոչ, չեն տեսնում, կամ ձևացնում են, որ չեն տեսնում: Այսպիսի ջայլամի քաղաքականության վառ ապացույց էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այսօրվա հայտարարությունը՝ «Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»:

Հիշեցնենք, որ սա այն նախարարն է, որը շարունակաբան հեգնում է բոլորիս իր գրառումներում թե մեր կրոնի, թե մեր ապրելակերպի և առհասարակ ազգային ինքնություն ունենալու համար: Նա բոլորիս տգետ է համարում և նույնիսկ առանձնապես չի փորձում թաքցնել իր վերաբերմունքը: Սակայն նա մեծ պատրաստակամությամբ ընդունում է մեր կողմից վճարվող հարկերից գոյացող բյուջեի հաշվին իրեն վճարվող պարգևավճարները և վայելում է նույն հարկերից գոյացող անբարոյական չափի բարձր աշխատավարձը:

Բացի վերը նշվածիս անդրադառնանք նաև հետևյալին: Օրվա իշխանությունը բազմիցս ապացուցել է, որ բառացիորեն ամեն ինչ պատրաստ է օգտագործել հանրությանը մանիպուլացնելու համար: Նույնիսկ մեր հայրենակիցների համար ամենանուրբ հարցերը հաճախակիորեն իշխանության կողմից օգտագործվում են անբարոյական մանիպուլյացիաների համար: Ուստի առաջանում է օրինաչափ հարց՝ իսկ միգուցե կորոնավիրուսը նույնպե՞ս փորձում են օգտագործել այդ նպատակով: Շատ տարօրինակ է, որ վարակը առկա է մեր երկրի չորս բոլորը, բայց մեր պատշաճ մարմինները համառորեն հերքում են Հայաստանում դեպքերի առկայությունը: Հիշելով այն հանգամանքը, որ օրվա իշխանությունը առանձնահատուկ տաղանդ ունի հանրությանը մոլորեցնելու, խաբելու և իրական փաստերը թաքցնելու առումով, օրինաչափ է կասկածել նույնը այս դեպքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հատկապես մարտի 1-ին կազմակերպվող փաշինյանական հանրահավաքի ֆոնին: Իհարկե, շատ վտանգավոր կլինի Փաշինյանի համար, եթե բացահայտվեն կորոնավիրուսով վարակման դեպքեր, քանի որ դա զգալիորեն կնոսրացնի իշխող քաղաքական ուժի կողմից ակնկալվող հանրահավաքի «բյուր ի բյուրոց» մասնակիցների քանակը: Հիմքեր կան կարծելու, որ օրվա իշխանությունը արդեն իսկ հասկացել է, որ մարտի 1-ի հանրահավաքը մեծ շանսեր ունի ճակատագրական ֆիասկո դառնալու, ուստի հավանական է, որ մեզանից իրոք թաքցնում են իրականությունը: Կարող է նաև այնպես պատահել, որ իշխանական քարոզչամեքենայի կուրատորները, գիտակցելով, որ կա իրական վտանգ տապալելու հանրահավաքը, օրինակ, շաբաթ օրը տեղեկություններ տարածեն վարակակիրների առկայության մասին և այդպիսով կստանան հնարավորություն իրենց դեմքը պահպանելով չեղարկել ցինիզմի գագաթնակետ հանդիսացող հանրահավաքը: Ապաշնորհ նախարարին ամեն գնով պահելու, ոլորտում մասայական աշխատատեղերի կրճատման, հանրությանը անդադար մանիպուլացնելու և մի քանի այլ հանգամանքների հետևանքով օրվա իշխանությունը բացարձակապես կորցրել է հանրության վստահությունը առողջապահության ոլորտի հանդեպ:

Ուստի զարմանալի չէ, որ մենք ոչ միայն չենք հավատում պաշտոնական հայտարարություններին, այլև հիմնավոր կասկածներ ունենք, որ կորոնավիրուսի վտանգավոր լինել- չլինելը նույնպես օգտագործվում է հանրությանը մանիպուլացնելու նպատակով:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով