Ի՞նչ է ծխում Տավուշի մարզպետը լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ

«Որևէ աժիոտաժի կարիք չկա: … Կրակոցները եղել են հայկական դիրքերի ուղղությամբ, և ոչ թե բնակավայրերի, զինծառայողներից մեկը վիրավորվել է»: Կռահեք, թե ով է այս խոսքերի հեղինակը: Այո, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն է:

Սա այն մարդն է, որը 2019 թվականի հունիսին արտաբերել է հետևյալ անհեթեթությունը – «Մեր նպատակն է վրացական 8-միլիոնանոց շուկան ուղղորդել դեպի Տավուշ»: Սա ուղղակի հիշեցման կարգով, որպեսզի հասկանալի լինի, թե ում հետ գործ ունենք: Հիշեցնենք նաև, որ մարզպետը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության մանկության ընկերն է: Իսկ այժմ վերադարնանք մարզպետի հայտարարությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նրա` բնակիչների շրջանում ամեն ինչ նորմալ է, հանգիստ վիճակ է, խուճապ չկա, որովհետև նման կրակոցները դարձել են սովորական երևույթ, իսկ եթե իրական վտանգ սպառնա, կլինեն համապատասխան միջոցառումներ։ Առնվազն զարմանալի է մարզպետի շուրթերից լսել այն միտքը, թե կրակոցները դարձել են սովորական երևույթ: Թերևս դիվանագիտական լեզուն մարզպետի ամենաուժեղ կողմը չէ, այնուամենայնիվ Տավուշի մարզի ժողովուրդը իրավունք ունի ակնկալել, որ մարզպետը իրադարձություններին ավելի պատեհ բառեր կգտնի: Հատկապես բոլորովին վերջերս վարչապետի կողմից դարձյալ հնչեցված այն մտքի ֆոնին, որ ադրբեջանցիիները նույնքան խաղաղասեր են, որքան Հայաստանի քաղաքացիները: Ինչ խոսք, այսպիսի ցինիզմը վերջին ժամանակներում սովորական երևույթ է դարձել Հայաստանում: Օրվա իշխանությունը ցուցաբերում է ծայրահեղ կատարելագործված ցինիզմի դրսևորումներ, հատկապես հայ ժողովրդի նկատմամբ թշնամանք շնչող հարևան պետության կողմից հրադադարի պայմանները խախտելու պարագայում: Սրա վառ ապացույցն են մարզպետի այն խոսքերը, որ կրակոցները եղել են դիրքերի ուղղությամբ, այլ ոչ թե բնակավայրերի: Այսի՞նքն, մարզպետը առանձնապես անհանգստացած չէ այն հանգամանքով, որ կրակոցների արդյունքում ունենք վիրավորված զինծառայող: Խոսքի մեջ նա պարզապես ի միջ այլոց նշում է, որ բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այդքանը: Այդքանով մարզպետը սահմանափակեց իր դիրքորոշումը առ այն, որ թշնամու կողմից արձակած կրակոցների արդյունքում վիրավորվել է հայ զինվոր:

Ինչպես որ հասկացանք, նա պարզապես շատ ուրախ էր, որ կրակողցները բնակավայրերի ուղղությամբ չէին եղել, այլ դիրքապահների ուղղությամբ: Այս կապակցությամբ ունենք հարց՝ ի՞նչ է ծխում Տավուշի մարզպետը լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով