Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. «Հայաստանն աստիճանաբար սկսում է զգալ հեղափոխությունից հետո դիվանագիտական կորպուսում կատարված կադրային փոփոխությունների բացասական հետեւանքները: Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի Վատիկան կատարած այցը, բարձր մակարդակի հանդիպումները մեր երկրի դիրքերի թուլացման հերթական ապացույցն էին: Ալիեւների այցն ուշագրավ էր ոչ միայն Վատիկանի հետ Ադրբեջանի հարաբերությունների աննախադեպ սերտացմամբ, այլեւ Մեհրիբան Ալիեւայի՝ Հռոմի պապի կողմից Պիոս պապի ասպետական ուխտի Մեծ խաչի շքանշանով պարգեւատրվելու հանգամանքով:

Իսկ այդ բարձր պարգեւը շնորհվում է ընտրյալներին՝ եկեղեցու եւ հասարակության կյանքի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Եվ այս իրադարձությունը տեղի է ունենում այն պայմաններում, երբ հայ-վատիկանյան հարաբերություններն անցած երկու տարիներին զարգացման որեւէ միտում չեն գրանցել, ավելին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիա այցի ընթացքում Հռոմի պապը նրան անգամ ընդունելության չարժանացրեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փոխարենը, իր այդ այցի ընթացքում Փաշինյանը հանդես եկավ «Վատիկանի պադվալների» մասին մի չմտածված հայտարարությամբ, որը Վատիկանին վիրավորող ենթատեքստ ուներ եւ ուղղված էր Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին, որին հաջողվել է իր պաշտոնավարման օրոք այնքան ջերմացնել հայ-վատիկանյան հարաբերությունները, որ ամեն տարի Հռոմի պապի գլխավորությամբ մի նշանակալի իրադարձություն էր տեղի ունենում երկու պետությունների միջեւ, եւ Պապն անգամ Հայաստան այցելեց ու Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով հանդես եկավ: Հայկական դիվանագիտության այս ձախողումը, անկասկած, ծանր հարված է մեր երկրին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ի դեպ, ըստ ԱԳՆ կայքում եղած պաշտոնական տեղեկատվության՝ Միքայել Մինասյանն առաջին հայ դիվանագետն է, որին 2016թ. Հռոմի պապը շնորհել է Պիոս պապի ասպետական ուխտի Մեծ խաչի շքանշան՝ հայ-վատիկանյան հարաբերությունների զարգացման հարցում ունեցած ավանդի համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով