Վերջ, Ռուբիկոնը հատված է

Այսօր տեղի ունեցավ այն, ինչի հավանականությանը չէինք ուզում հավատալ, բայց բոլորս մեր հոգու խորքում գիտեինք, որ այնուամենայնիվ դա տեղի կունենա:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որով նշանակվում է տխրահռչակ հանրաքվեի անցկացման օրը: Պարոն Սարգսյանի պաշտոնը ամբողջությամբ նշելով ընդգծում ենք իրավիճակի ողջ ողբերգությունը: Սահմանադրության երաշխավոր հանդիսացող անձնավորությունը առանց երկմտելու ստորագրում է ըստ էության հակասահմանադրական փոփոխությունների ընդունման հարցը հանրաքվեով որոշելու փաստաթուղթ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս հանրաքվեին նախորդող ժամանակաշրջանում հայ ազգը վերջնականապես կբաժանվի սևերի և սպիտակների, քանի որ Փաշինյանը ԱԺ-ում իր խոսքի ընթացքում արդեն տվել է գնահատականներ, հայտարարելով, որ ով ՈՉ ասի հանրաքվեի դրված հարցին, ազգի դավաճան է, իսկ ով ԱՅՈ ասի՝ հերոս է: Այսօր Նա դարձյալ անդրադարձել է ԱՅՈ-ին և ՈՉ-ին՝ իր ոճի մեջ կոչ անելով դուռը շրխկացնել կոռուպցիոներների վրա:

Ըստ Փաշինյանի հիվանդ երևակայության՝ բնակչության այն մասը, որը սթափ է մտածում և հասկանում է, որ այս ամբողջ գործընթացը անօրինական է և բերելու է միայն հասարակության պառակտմանը և Հայաստանի թուլացմանը, սատարում է կոռուպցիոներներին: Անիմաստ է խոսել այն բանի մասին, որ ՍԴ-ի գործառույթներից չի բխում սեփական նախաձեռնությամբ խառնվել որևէ հարցին, որ ՍԴ-ն գործում է միայն դիմումի առկայության դեպքում, ուստի ծայրահեղ անթույլատրելի է պնդել, որ Հրայր Թովմասյանը ՀՀ գլխավոր գերագույն կոռուպցիոներն է: Առհասարակ կոռուպցիան, ինչպես որ հավանաբար գիտի կամ չգիտի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը, ունի շատ հստակ սահմանում և այդ տերմինը ուղղակի չի կարելի ամեն պատեհ-անպատեհ առիթով օգտագործել ըստ վարչապետի քմահաճույքի: Բայց ավաղ, մեր հայրենիքում արդեն 1 տարի 8 ամիս է թույլատրվում է խախտել անմեղության կանխավարկածը՝ կարգելով տարբեր մարդկանց հանցագործ առանց ուժի մեջ մտած դատարանի վճռի, ընդունելի է վերջին բառերով հայհոյել ընդդիմախոսներին, ողջունելի է հրապարակավ պաշտել վարչապետի աթոռին ծվարած անձնավորությանը:

Իսկ հիմա ավելի լուրջ: Ինչո՞ւ է այս հանրաքվեն առաջ քաշվել հենց հիմա: Հիշենք, որ 2020 թվականի մարտի 31-ին Արցախում անց են կացվելու նախագահական և պարլամենտական ընտրությունները: Բոլորս գիտենք, որ Արցախի նոր իշխանության հարցը Փաշինյանի համար ծայրահեղ կարևոր է: Հիմա ի՞նչ է այս հանրաքվեն, եթե ոչ Արցախում նախապատրաստվող ընտրություններից Հայաստանի հանրության ուշադրությունը շեղելու հրաշալի առիթ: Այս ընթացքում Հայաստանի հանրությունը զբաղվելու է հանրաքվեն քննարկելով, եթեր են հեռարձակվելու անհեթեթ ՔՊ-ականների հետ ամբոխահաճո հարցազրույցներ, նույնիսկ բանավեճեր, որոնցից ՔՊ ակտիվը սկզբունքայնորեն հրաժարվում էր մինչ օրս, և այդպիսով ստեղծվելու են նոր տեսարաններ, որոնցով դարձյալ շեղվելու է հանրության ուշադրությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ այդ ընթացքում Դանչիկը և շատ այլ տարօրինակ անձնավորություններ Արցախում ընտրությունների մոնիտորինգ են անելու: Փաշինյանը հավանաբար հույսը դնում է իր ժամկետանց կարգախոսների վրա՝ միամտաբար կարծելով, որ կկարողանա երկու անգամ մտնել նույն գետը և նույն լոզունգներով մարդկանց համոզել ԱՅՈ ասել այս անօրինական սահմանադրական փոփոխություններին: Ցավոք, մենք ապրում ենք այնպիսի Հայաստանում, որտեղ ճշմարտությունը և իրական փաստերը ոչ մի արժեք չունեն, փոխարենը արժևորվում է սուտը և կեղծիքը, որոնք գեներացվում են մեկ անձի քմահաճույքով: Վրա հասնող այս աղետը չեզոքացնելու համար պետք է իրազեկել հանրությանը: Մենք իրավունք չունենք հուսահատվել:

Ընդհակառակը, այս օրհասական պահին ամբողջ արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է լծվի հանրությանը իրազեկման գործին: Իսկ Արմեն Սարգսյանը… Համարենք, որ վերջապես իրականացրել է իր վաղեմի երազանքը՝ նա թռել է տիեզերք: Բայց իրականում ավելի քան հավանական է, որ նա վերջում հանգրվանելու է իր սրտի Մշուշոտ Ալբիոնի մայրաքաղաք Լոնդոնում, իսկ մեր հայրենիքը մնալու է մշուշոտ հեռանկարի առջև:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով