«ՈՉ»-ի շտաբը գիտակցված որոշում է, իսկ «ԱՅՈ»-ն՝ քմահաճույք

Օրերս հանրությունը տեղեկացավ, որ մի խումբ իրավաբաններ ձևավորել են «ՈՉ»-ի շտաբ: Այսօր 61 իրավաբաններից կազմված խումբը քաղաքացիական նախաձեռնությամբ դիմեց ԿԸՀ, որպեսզի պաշտոնապես գրանցվի որպես «ՈՉ»-ի կողմ:

Այս առումով շատ կարևոր է, որ «ՈՉ»-ի շտաբը ձևավորվել է ոչ թե քաղաքական ուժերի կողմից, այլ փորձառու և գիտակ իրավաբանների կողմից: Շատ կարևոր է նաև, որ իրավունքի հարթությունից դուրս դրված գործընթացը, որը անօրինական լինելով հանդերձ, այնուամենայնիվ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության քմահաճույքով դարձել է իրականություն, կվերահսկվի իրավաբանների կողմից: Այդպիսով մեր հանրությունը հնարավորություն կունենա օբյեկտիվորեն ներկայացվող տեղեկություններ ստանալ քարոզարշավի ընթացքի մասին, քանի որ իրավաբանները ծառայում են օրենքին, այլ ոչ թե անձերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այստեղ հարկ ենք համարում նշել, որ քաղաքական ուժերի կողմից օրենքի և Սահմանադրության դրույթների լուրջ խախտումներով նախաձեռնած և կյանքի կոչած հանրաքվեն բոյկոտելը նույնպես շատ կարևոր է: Այսպիսի աննախադեպ համակարծությունը խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի միջև ցույց է տալիս, որ իրապես իրավիճակ է փոխվել: Քաղաքական դաշտում ակտիվ գործող մի շարք քաղաքական ուժեր հանդես են եկել քաղաքական այս կրկեսին չմասնակցելու հայտարարություններով, ինչը պետք է որ լուրջ ազդակ լիներ օրվա իշխանությունների համար և միգուցե սթափեցներ նրանց:

Բայց ավաղ, մենք տեսնում ենք, որ ԱԺ-ում ճնշող մեծամասնություն կազմող քաղաքական ուժը բացարձակ կտրվել է իրականությունից և այլևս ի վիճակի չէ արձագանքել հասարակության լայն սեգմենտներից ստացվող հետադարձ ազդանշաններին: Փետրվարի 17-ն մեկնարկել է հանրաքվեին նախորդող քարոզարշավը, որը պիտի ավարտվի ապրիլի 3-ին: Տեղեկատվական դաշտում արդեն ներկայացվում են պետական ողջ ռեսուրսը «ԱՅՈ»-ի քարոզչամեքենան գործի դնելու համար օգտագործելու զարհուրելի փաստեր:

Բոլորիս հասկանալի է, որ այլ կերպ չեր կարող լիներ, քանզի այս չարաբաստիկ հանրաքվեն դարձել է օրվա իշխանության համար միակ փրկողակը գահավիժող վարկանիշի, ներքաղաքական լարված իրավիճակի, տնտեսական ձախողումների և Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում ստեղծված իրավիճակի ֆոնին: Հատկանշական է, որ «ՈՉ»-ի շտաբը զբաղվելու է ոչ թե քաղաքական քարոզով, այլ իրավական հարթության վրա հնարավորություն է ստեղծելու հավասարության հիմունքներով ծանոթանալու ինչպես «Այո», այնպես էլ «Այո»-ն բացառող այլ տարբերակները հիմնավորող փաստարկներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսի ձևաչափով իրավական և քաղաքացիական դիրքորոշում հայտնելու և այն պաշտպանելու հնարավորությունը կստեղծի հակակշիռ պետական ռեսուրսների ողջ ծավալով ապահոված «ԱՅՈ»-ի կողմին: Այս նախաձեռնությունը, հուսանք, ի ցույց կդնի հանրաքվեն նախորդող գործընթացների ողջ անօրինականությունը և այդպիսով հնարավորություն կստեղծվի իրավիճակը ճիշտ ներկայացնել միջազգային կառույցներին: Դա հատկապես կարևոր է վերջին իրադարձությունների ֆոնին: Թեև օրվա իշխանությունները իրենց հատուկ մեծամտությամբ համարում են, որ թույլատրելի է սահմանադրական փոփոխություններին վերաբերող հանրաքվեի նման կարևոր գործընթացները նախաձեռնել և կյանքի կոչել առանց համապատասխան միջազգային կառույցների եզրակացությունը հայցելու, այդպիսի դիրքորոշումը պատրանք է: Բոլորիս հայտնի է, որ «Օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից»:

Մեր դեպքում կարելի է այսպես ձևակերպել՝ օրենքի նկատմամբ կամայական վերաբերմունքը ի վերջո հանգեցնում է պատասխանատվության:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով