ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի չի դրվի. Արսեն Բաբայան.«Փաստինֆո»

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի չի դրվի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

«Նպատակն ամենևին հանրաքվե անցկացնելը չէ կամ Սահմանադրության փոփոխությունը չէ։ Սրանով, ինչպես և վարչապետի երեկվա ելույթից հասկանալի դարձավ, լուծվում է մեկ այլ հարց՝ ՍԴ դատավորներին պարզապես վախեցնում են՝ ասելով՝ տեսեք, քանի դեռ գործում է «Վաղ կենսաթոշակի անցնելու մասին»  օրենքը, արագացրեք, գնացեք կենսաթոշակի, որովհետև հակառակ դեպքում՝ միևնույն է հանրաքվե ենք անելու և դուք այսպես, թե այնպես դուրս եք մնալու»,- ասաց Բաբայանը՝ շեշտելով, որ դա և՛ ԵԽԽՎ-ի, և՛ Վենետիկի հանձնաժողովի կողմից շատ կոշտ քննադատության է արժանանալու, որովհետև ստացվում է, որ նրանց հայտնած դիրքորոշումները ոչ միայն չեն պահպանվել, այլև՝ հետևողականորեն խախտվել են՝ փորձելով իրավական ուժային մեթոդներով ստիպել գնալ նրանց վաղ կենսաթոշակի։

Ըստ նրա՝ չեն պահպանվել տարրական կանոնները՝ սահմանված թե՛ Սահմանադրությամբ, թե՛ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով. «Եթե առաջին ընթերցմամբ մերժվում է ԱԺ-ի կողմից, ինչը և տեղի ունեցավ, այդ նախագիծն այլևս չունի որևէ ապագա և պետք է անմիջապես համարվի գոյություն չունեցող։ Առաջին ընթերցումն անցնելուց հետո, այսինքն՝ 88 կողմ ձայն ստանալուց հետո, պետք է ուղարկվի ՍԴ և դրական եզրակացությունից հետո պետք է դրվի երկրորդ ընթերցման։ Երկրորդ ընթերցման ընթացքում, հավաքելով 88 կողմ ձայն, կարող է մտնել ուժի մեջ, մերժվելու դեպքում կարող է քվեարկվել միայն հանրաքվեի դնելու մասին հարցը։ Հիմա չեմ պատկերացնում, թե ինչ կարող են անել։ Ինչ էլ, որ անեն, կլինեն Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումներ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այդ՝ Բաբայանը գտնում է, որ հետագայում այս խախտումները կդառնան քրեական գործերի հիմքեր։

«Գործ ունենք դասական սահմանադրական կարգի տապալման հետ։ Առհասարակ վերջին շրջանում տեսնում ենք, որ ՍԴ-ին փաստորեն հանել են արանքից, չեզոքացրել են։ Սահմանադրության փոփոխության ընդունման գործընթացում պետք է մասնակցություն ունենան իշխանության երեք ճյուղերը՝ գործադիրը, օրենսդիրը, դատականը։ Ցանկացած մեկը, եթե որևէ ապօրինի, Սահմանադրությամբ չնախատեսված գործողությամբ կանի այնպես, որ ճյուղերից որևէ մեկը դուրս մնա այդ գործընթացից, ապա նրա գործողությունները կբերեն սահմանադրական կարգի տապալման, ինչը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է»,- նշեց Բաբայանը։

Հարցին, թե արդյո՞ք ՍԴ-ի թիրախավորումը կարող է կապված լինել միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ՍԴ հնարավոր որոշման հետ, Բաբայանը պատասխանեց, որ չի կարծում, որ միայն Ռոբերտ Քոչարյանի գործը կարող է պատճառը լինել և հավանաբար ապագայում կլինեն շատ հետաքրքիր փաստաթղթեր, որոնք կարող են կապ ունենալ Արցախի հետ, բացի այդ՝ շրջանառության մեջ է գտնվում նաև «Ստամբուլյան կոնվենցիան»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պետք է նաև նկատել, որ քաղաքական իշխանությունը պետք է զգուշանա, որովհետև Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ նշված էր, որ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը պետք է լինի կամավորական սկզբունքով և պետք է բացառվի որևէ ազդեցություն»,- նշեց Բաբայանը։

Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների ժամանակ նշանակված դատավորներին, ինչը նաև դատական իշխանության անկախության երաշխիք է համարվում, Արսեն Բաբայանը նշեց, որ դատական իշխանության իմաստը նրանում է, որ ինքն իր վերահսկողական գործառույթներով պետք է նաև իշխանության մյուս երկու ճյուղերին կարողանա զսպել և նրանց սխալ գործողությունները զսպել։

«Հենց դա է պատճառը, որ քաղաքական իշխանությունները չեն կարող և չպետք է կարողանան փոխել դատական իշխանությունը։ Մենք գոնե տեսանք, թե ինչպես ընտրվեց օրինակ՝ Վահե Գրիգորյանը։ Օրենքի խախտում տեղի ունեցավ, որովհետև նրան առնվազն երկրորդ անգամ չէին կարող ներկայացնել։ Ի՞նչն էր նպատակը, որ անցնի Վահե Գրիգորյանը։ Ես կարող եմ օբյեկտիվորեն ենթադրել ու մտածել, որ Վահե Գրիգորյանը գործող քաղաքական իշխանության ցանկալի թեկնածուն էր, որովհետև, օրինակ, տվել էր հավատարմության երդում։ Եթե կարողանան ՍԴ մեծամասնությունն ամբողջությամբ փոխել այսպիսի դատավորներով, մենք կունենանք շատ վատ դատարան։ Ընդ որում՝ եթե այս գործողությունները «հաջողության» հասնեն, սա կդառնա նախադեպ, որ հետագայում բոլոր քաղաքական իշխանությունները, տանեն այդ ուղղությամբ։ Մենք վերջնականապես ՀՀ-ում կհաստատենք մենիշխանություն։

Եթե փոխվում է իշխող քաղաքական ուժը, փոխվում են մնացած բոլոր իշխանական ճյուղերն ամբողջությամբ։ Սա կլինի տոտալ միապետություն»,- ընդգծեց Բաբայանը՝ հավելելով, որ քաղաքական իշխանությունը պետք է ընկալի և հասկանա, որ սրանով սերունդների առաջ պատասխանատվության է կանգնելու.

«Այսինքն՝ ինչու արվեց այնպես, որ այսուհետ մենք երբևէ չունենանք անկախ դատական իշխանություն։ Որովհետև իրենց ստեղծած նախադեպով, բոլոր քաղաքական իշխանությունները ՀՀ-ում կբերեն և կնշանակեն իրենց դատավորներին։ Հիմա, եթե իրենց հաջողվի նոր դատավորներ բերել՝ նշանակելով իրենց համար ցանկալի դատավորների, նրանք էլ են արժանանալու նույն բախտին, ինչ որ այս պահին փորձում են արժանացնել այս պահի գործող ՍԴ կազմին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով