Բարդ ընտրություն՝ ցեղապետություն թե՞ բռնապետություն

Օրենքն ու Սահմանադրությունը առոչինչ են, երբ կա ժողովուրդը. Ծովինար Վարդանյան: Այո, տիկնայք և պարոնայք, ոչ ավել ոչ պակաս: Տիկին Ծովինար Վարդանյանը, ում անունը ԱԺ պատգամավոր դառնալուց մեկ օր առաջ ոչ ոգ չեր ճանաչում բացի ընտանիքի անդամներին, համարում է, որ Սահմանադրությունը և օրենքները կարելի է անտեսել, եթե կա ժողովրդի պահանջը….

Այսինքն, եթե վաղը ժողովուրդը պահանջի Հանրապետության Հրապարակում գնդակահարել բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, ում աջ ոտքի միջնամատը 2 սանտիմետր 7 միլիմետրից կարճ է, ապա օրվա իշխանությունը պիտի կատարի այդ հանրային պահանջը: Ոչ, ոչ, հակադարձել է այսօր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը: Նա պնդում է, որ ընդդիմությունը, այսինքն մենք, սևորս, շատ վատ կարծիքի ենք մեր ժողովրդի մասին և հենվում ենք այն կանխավարկածի վրա, որ մեր ժողովուրդը կարող է այդպիսի անհեթեթ պահանջ ներկայացնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անկեղծ ասած, դատելով նրանից, թե ինչպիսի խանդավառությամբ այդ ժողովուրդ կոչվածը 2018 թվականին մեր երկրի տարբեր բնակավայրերի փողոցներում կազմակերպում կենդանի մարդկանց թաղումներ, կախում կենդանի մարդկանց անուններով սև ժապավեններ և այլ այլանդակություններ անում, այո, մենք իրավունք ունենք հենվել այդպիսի կանխավարկածի վրա:

Բայց իրականում խնդիրը նույնիսկ դա չէ: Բոլոր սթափ մտածողների համար պարզ է, որ առնվազն անբարոյականություն է օրվա իշխանության կողմից ժողովրդից կարծիք հարցնել հենց Սահմանադրական դատարանի մասին, այլ ոչ թե նախարարների ոչինչով չհիմնավորված բարձր աշխատավարձերի, հայոց լեզվի և գրականության ԲՈՒՀ-երում դասավանդման և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ: Այս հարցերը, որոնք շատ են հետաքրքրում ժողովրդին, այնուամենայնիվ մնում են մեկ անձի քմահաճույքի հիման վրա որոշվող հարցեր: Արդեն մեկ տարի և ութ ամիս մեր հայրենիքու իշխանության երեք թևերի գործառույթների հետ կապված բոլոր հարցերը որոշվում են մեկ անձի քմահաճույքով: Նշենք, որ հանրաքվե անցկացնելու որոշումը ընդունելուց հետո ՔՊ-ական զանազան գործիչները ակտիվորեն սկսել են մասնակցել բանավեճերի և հիմնականում բոլորը երգում են նույն երգը՝ ժողովրդի պահանջը Սահմանադրությունից գերակա է:

Հավանաբար այդպիսով նրանք հույս ունեն ընտրազանգվածին մոլորության մեջ գցել և ստեղծել թյուր կարծիք, որ օրվա իշխանությունը այս ամենը անում է ժողովրդի կարծիքը Մայր օրենքից ավելի բարձր դասելով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն, այն Պողոսը, որը դեռ ամիսներ առաջ այնքան անարժան էր համարվում, որ Ամուլսարի վերաբերյալ իր կարծիքը հարցնելը անընդունելի էր, այսօր, երբ Փաշինյանը ակնհայտրեն ջանում է իր ձեռքում կենտրոնացնել գրեթե անսահմանափակ իշխանություն և այդ նկրտումներից ելնելով առաջ է քաշում անհեթեթ և անօրինական սահմանադրական փոփոպությունների նախագիծ, հանկարծ Պողոսի կարծիքը կարևոր է դառնում:

Ուշագրավն այն է, որ ՔՊ-ի կողմից գործուղված բանավիճողները ունեն բոլոր հարցերի պատասխանները: Ավելին, տարբեր տաղավարներում տարբեր բանավեճերի մասնակցող ՔՊ-ականներ բառացիորեն կրկնում են միմյանց, ինչը թույլ է տալիս մտածել, որ տեքստերը պատրաստվում են մեկ կենտրոնում և այնուհետև տիրաժավորվում են: Այսպիսի գործելաոճը բնորոշ է պետական կառավարման խիստ ուղղահայաց հիերարխիա ունեցող բռնապետություններին: Իսկ մեր դեպքում՝ ցեղապետությանը, քանի որ մեր դեպքում առկա է մեկ քաղաքական ուժին անդամակցելու կամ նրան հարելու վրա հիմնված քաղաքական կազմավորման հիերարխիկ համակարգ, որի շրջանակներում առաջնորդությունը, այսինքն՝ մշտական իշխանությունը, հանդիսանում է տվյալ հասարակության մաս կազմող որևէ ընտրյալ խմբի կամ «հարստության» առաջնորդի (ցեղապետի) մենաշնորհը։ Նման էլիտար խմբերը տվյալ հասարակության այլ անդամների նկատմամբ դրսևորում են խիստ պատեհապաշտ վերաբերմունք:

Երբ Փաշինյանին պետք էր վերահաստատել, որ նա է մեր երկրի տերը, նա մեկ հրահանգով ժողովրդին հանեց փողոց ԱԺ-ի շենքը շրջափակելու համար և հայտարարեց, որ ժողովրդի կարծիքով և պահանջով նա պիտի դառնա ՀՀ վարչապետ: Իսկ նախարարների աշխատավարձերի անբարոյական չափերի բարձրացման և միլիոնավոր դոլարների հասնող պարգևավճարներ բաժանելու հարցում Փաշինյանին ժողովրդի կարծիքը կամ պահանջը բոլորովին չէր հետաքրքրում: Դե եթե օպորտունիստ ցեղապետը այդպիսի օրինակ է ծառայում, ակնհայտորեն ցույց տալով, որ իր համար օրենքը օրենք է միայն այն դեպքում, երբ այդ օրենքը աշխատում է իր օգտին, իսկ բոլոր այլ դեպքերում՝ «նախկիններից եկած արատավոր երևույթ», ապա ի՞նչ պիտի ակնկալենք իր հավատարիմ մինյոններից: Ցավալի է, բայց մենք այսօր ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ գերագույն գլխավոր ցեղապետի քմահաճույքը ունի գերակայություն թե Սահմանադրության և թե օրենքի նկատմամբ:

Եզրափակելով, նշենք, որ Վահագն Հովակիմյանը, որը այս հանրաքվեի անցկացման պատճառաբանության հիմքում ընկած անօրինական սահմանադրական փոփոխությունների նախագծի հողինակն է, իր հերթին պնդում է, որ Սահմանադրության դրույթները ժամանակի և տարածության մեջ գործում են ՄԻՇՏ….

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով