Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում

Երեկ՝ փետրվարի 11-ին, եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ բքի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Երասխ -Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկում, ինչպես նաև նույն ճանապարհահատվածի 235 կմ-ում, Գորիսի վարչական տարածքում, 150-ից ավելի տրանսպորտային միջոցներ չեն կարողանում տեղաշարժվել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում «շրջափակման մեջ հայտնված» քաղաքացիներն ասում էին. «Գնում էինք զինվորական երդմնակալության, սակայն հասել ենք Իշխանասար ու չենք կարողանում հասնենք Գորիս։ Ողջ գիշեր մնացել ենք բաց երկնքի տակ։ Զանգահարել ենք մի քանի կառույցների, բոլորը նույն խոսքն էին ասում՝ կմոտենանք, կմոտենանք, բայց այդպես էլ չտեսանք նրանց։ Մենակ գայի աշխատողների ենք տեսել, ովքեր էլ մեզ նման սառած սպասում են, թե Ճանշինը երբ կբացի ճանապարհը։ Այս պահին էլ դեռ գտնվում ենք Իշխանասարի խաչմերուկում։ Մի մասս էլ Գորիսից դեպի Սիսիան չենք կարողանում մոտենանք։ Ուզում ենք՝ պատկան մարմիններին տեղեկացնեք, որ ինչ վիճակ է տիրում այդ հատվածներում։ Սպասողների մեջ կան նաև երեխաներ, մեծահասակներ, նույնիսկ հղիներ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված 2 հատվածներում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, 1-ին դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և 2-րդ դասակի հրամանատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով