Փրկենք Պլան «Բ»-ն կամ նպատակը արդարացնում է միջոցները

Երեկվանից բոլորս սպասում էինք, թե ինչ տեղի կունենա այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նախօրեին 37 ՔՊ-ական պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծերի տխրահռչակ փաթեթի քննարկման ժամանակ:

Եվ ահա առավոտյան քննարկումը «տեխնիկական պատճառներով» չեղարկելու պատրվակով հրավիրվեց ԱԺ խորհրդի նոր նիստ: Հավանաբար վեչջին 24 ժամերի ընթացքում բազմաթիվ իրավագետների և սահմանադրագետների կողմից հրապարակված մեկնաբանություններն ի վերջո տեղ են հասել իշխող մեծամասնությանը և նրանք գիտակցել են, որ քմահաճույքով այս հարցը լուծել չի ստացվի, քանզի կա հետագայում քրեական հոդվածով դատվելու լուրջ հեռանկար: Ընթացող ԱԺ խորհրդի նիստում դարձյալ հնչեցվում են «ժողովրդի պահանջով», «ժողովուրդը մեզ տվել է լիակատար վստահության քվե», «մեզանից ակնկալում են Սահմանադրական Դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծում» և այլ ամպագոռգոռ և ամբոխահաճո բառակապակցություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեռ մի կողմ դնենք այն փաստը, որ ինչպես որ դեռ երեկ է պարզվել, 37 ստորագրածներից գոնե 2-ը պատկերացում չունեն, թե այդ ինչ նախագիծ է, եկեք փաստենք, որ ժողովուրդը կամ հանրությունը ոչ մի նման պահանջ չի ներկայացնում: Հայաստանի Հանրապետության հանրությանը այսօր ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի հարցերը ամենաքիչն են հետաքրքրում: Մարդիկ ունեն հանապազորյա հացի խնդիր, որը իբր պիտի լուծվեր իշխանության տենչով տառապող Փաշինյանի նախընտրական խոստումների համաձայն՝ տնտեսական հեղափոխության և աննախադեպ ներդրումների շնորհիվ:

Սակայն տրված խոստումներից ոչ մեկը առ այսօր չի կատարվել, դրա փոխարենը աննախադեպ են միայն բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն ու պարգևավճարները, իսկ մնացած շուրջ 2 999 900 «վարչապետերը» բավարարվում են նվազագույն աշխատավարձի աննշան բարձրացմամբ և 4000 դրամ կենսաթոշակի ավելացմամբ: Իշխանության եկած քաղաքական ուժը ոչ չապահովեց խոստացած թռիչքաձև տնտեսական աճը, այլ նաև բոլորովին մոռացել է իր խոստումների մասին և ընկել է Սահմանադրական դատարանի և նրա նախագահի հերևից՝ նենգաբար պախկվելով «հանրային պահանջ» եզրույթի ետևում: Նրանք չեն խորշում նույնիսկ ակնհայտորեն անօրինական քայլերից, ինչպիսին է այս փոփոխությունների նախագիծը, որը ամեն գնով ուզում են կյանքի կոչել: Այստեղ առաջանում է օրինաչափ հարց՝ ինչի՞ համար:

Մի կողմ դնենք այն փաստը, որ Սահմանադրական դատարանը ըստ էության միակ բաստիոնն է, որը չճկվեց օրվա իշխանությունների ճնշումների ներքո և շարունակում է իր բնականոն աշխատանքը նույնիսկ Վահե Գրիգորյանի կողմից իր պարտականությունների սաբոտաժի դեպքում: Բացի դրանից, Սահմանադրական դատարանի գործառույթներից բխում է շատ որոշակի և օրվա իշխանությունների համար ճակատագրական հարցերի շուրջ եզրակացություն տալը: Իսկ անկախ Սահմանադրական դատարանը չի համաձայնվում տալ իշխանության համար ցանկալի եզրակացություններ՝ այդպիսով տապալելով իրենց գծված հակահայկական ծրագիրը: Եվ ուստի խուճապի մեջ հայտնված ռեժիմը պատրաստ է ամեն բանի, նույնիսկ սահմանադրական կարգի տապալման փորձի: Այսօր ակնհայտ դարձավ, որ իշխող քաղաքական ուժը հավանաբար հասկանալով, որ չի կարողանալու ուղղակի անցկացնել այս հակապետական փոփոխությունները՝ հարցի լուծումը տանում է դեպի հանրաքվե:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն նույնիսկ այս ճանապարհին իրենց սպասում են խոչընդոտներ: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը ուղղակիորեն սահմանում է 1-ին ընթերցմանը հաջորդող և հանրաքվեին նախորդող ընթացակարգը: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ չընդունվելու պարագայում հանրաքվեի դնելու ընթացակարգ սահմանված չէ, այլ հանրաքվեի կարող է դրվել բացառապես ներքոհիշյալ ընթացակարգի պահպանմամբ:

Այսպես՝ սահմանվում է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մինչև 2-րդ ընթերցումը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որի ընդունման դեպքում ԱԺ նախագահն այն ուղարկում է ՍԴ: Այնուհետև, եթե ՍԴ-ն Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, նրա որոշումը ստանալուց հետո հարցի քվեարկությունն անցկացվում է ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում և ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: եթե 2-րդ ընթերցմամբ նշված սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի ընդունվում, ապա մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ներկայացնելով նախագիծը հանրաքվեի դնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծ: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է: Ըստ այդմ՝ քննարկվող Սահմանադրության փոփոխության նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելը տապալելուց հետո իշխող խմբակցության կողմից այն հանրաքվեի դնելու մտադրությունը հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին: Հասկանալի է, որ այսքան երկար տեքստ կարդալն ու ընկալելը բարձր է հայտնի 37 ՔԺ-ական պատգամավորների խմբի ներկայացուցիչների մեծ մասի ընդունակություններից, միգուցե դա՞ է պատճառը, որ իրենք համառորեն չեն ուզում հասկանալ, որ իրենց գործունեությունը այս պարագայում անօրինական է:

Բայց ավելի հավանական է, որ կա հստակ հրահանգ, որը պիտի կատարվի ցանկացած գնով: Լավ կլինի, եթե ստացվի անցկացնել օրենքի սահմաններում, իսկ եթե ոչ՝ ուրեմն աշխատելու է նպատակը արդարացնում է միջոցները սկզբունքը: Այս ընթացքում տարբեր հեղինակավոր միջազգային կառույցների կողմից հնչեցված քննադատությունը ցուցադրաբար անտեսելով Փաշինյանի գլխավորած կուսակցությունը իրականում հասկանում է, որ ընտրված առճակատման ճանապարհը տանում է դեպի փակուղի:

Հանրաքվե անցկացնելու գաղափարը միգուցե և որոշակի կոմպրոմիս է հետագայում նմանօրինակ կոշտ արձագանքներից խուսափելու համար:

Բայց… Պարլամենտական ճնշող մեծամասնություն կազմող քաղաքական ուժը միամտաբար համարում է, որ հանրաքվեն կապահովի իրենց համար բաղձալի արդյունք: Հորդորում ենք պատրաստվել առավել քան հավանական հիասթափության:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով