Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց լրագրող Սարգիս Քասարջյանը Սիրիայից:

Հալեպի «Գանձասար»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել է, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին:

Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը նշել էր, որ թեև Սիրիայի խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ էր ունենալ նման բանաձև:

ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարևորել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն իրագործողների ժառանգներն այսօր էլ նույն ոճիրն իրագործում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռամբ: «Ճանաչումը կարևոր է, քանի որ արաբական երկրներից միայն Լիբանանն է մինչև այժմ ընդունել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խորհրդարանի արաբական եւ արտաքին հարցերի հանձնախմբի նախագահ Պութրոս Մրճենեն շեշտել է,որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որին հաջորդել է նաեւ Սիրիայի հյուսիսային սահմաններին ասորիների և սիրիանիների սպանդը։ «Ժամանակն է ճանաչելու եւ դատապարտելու այս անմարդկային արարքներն ու կանխելու դրանց կրկնությունը, հատկապես որ մեծաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով