Պոմպեոսի հետ Տիգրան Մեծը հանդիպել է պարտվելուց հետո

Փետրվարի 15-ին Մյունխենում տեղի ունեցավ Արցախի հիմնախնդրին նվիրված քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ:

Ինչպես որ սպասում էինք, Ալիևը վստահ կերպով ներկայացրեց բազմաթիվ անհեթեթութություններ՝ դրանք անվանելով պատմական փաստեր, մասնավորապես այն, որ ինչ-որ հորինված փաստաթղթով Երևանը որոշվեց վերցնել Ադրբեջանից և տալ Հայաստանին, որպեսզի այն դառնա Հայաստանի մայրաքաղաք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք չտեսանք այն Փաշինյանին, որը 2018 թվականի օգոստոսին տեղի ունեցած հանրահավաքին մարդկանց մեկ նախադասությամբ կարողանում էր տրանսի և էյֆորիաի մեջ գցել: Մենք տեսանք կաշկանդված, անվստահ խոսացող, կմկմացող, մտովի բառեր փնտրող միջակություն: Նույնիսկ Փաշինյանի կողմից վկայակոչված Տիգրան Մեծի հանդիպումը Պոմպեոսի հետ բոլորովին մեր օգտին չէր:

Մի կողմ դրած այն, որ այդ վաղեմի պատմությունը հիշատակելն առհասարակ տեղին չէր, նշենք, որ Պոմպեոսի հետ Տիգրան Մեծը հանդիպել է պարտվելուց հետո, Հայաստանի համար ծայրահեղ անբարենպաստ հաշտության պայմանագիր ստորագրելու ժամանակ: Ըստ այդ պայմանագրի՝ Տիգրանը Հռոմեական Կայսրությանն է զիջել իր գրաված բոլոր երկրները, դրա փոխարեն պահելով միայն Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը:

Հավանաբար Փաշինյանն ի նկատի ուներ մ.թ.ա. 69 թվականին հռոմեական զորավար Լուկուլոսի հանդեպ Տիգրան Մեծի տարած հաղթանակից հետո տեղի ունեցած հանդիպումը: Իսկ Պոմպեոսի հետ նույնիսկ ճակատամարտ չէր եղել: Միգուցե սա ուղղակի սեփական ժողովրդի պատմությունը չիմանալու հետևանք է: Ամբողջ քննարկումը թողել է ծայրահեղ ճնշող տպավորություն: Փաշինյանը խուսափում էր կոշտ գնահատականներից և բոլորովին նման չէր այն Փաշինյանին, որին մենք արդեն սովոր ենք տեսնել Հայաստանի ԱԺ-ում և Կառավարության նիստերին հաթաթա տալուց կամ ուղիղ եթերների ժամանակ «Հանգիստ նստեք տեղներդ» ագրեսիվ կեցվածքով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցավոք, մենք տեսանք թույլ բանավիճող, որը ուներ լեզվական խնդիր՝ անհասկանալի պատճառով Փաշինյանը խոսում էր անգլերեն, որին այնքան էլ լավ չի տիրապետում: Երբեք մեր թշնամին այդքան հանգիստ չի զգացել իրեն Հայաստանի Հանրապետության 2-րդ և 3-րդ նախագահների հետ որևէ ձևաչափով հանդիպելիս: Տարիներ շարունակ ադրբեջանական կողմը չի համարձակվել դեմ առ դեմ հանդիպելիս օգտագործել «օկուպացված տարածքներ» եզրույթը կամ պնդել, որ 19-րդ դարի սկզբում Երևանի բնակչության 90 տոկոսը ազերիներ են եղել: Բայց ավաղ, բանակցային հարթակում իրավիճակ է փոխվել:

Այլևս Ադրբեջանը համարձակ խոսում է Արցախյան հիմնախնդրի փուլային լուծման մասին, այնինչ անցած 20 տարիների ընթացքում հայկական դիվանագիտությունը հասել էր այնպիսի շահեկան դիրքի, որ փուլային մոտեցումը բացառված էր: Ալիևը հստակ ձևակերպեց իրենց համար միակ ընդունելի տարբերակը՝ հայկական զորքի դուրս բերում: Իսկ այդ ընթացքում Հայաստանի տարածքում որոշ հակահայկական ուժեր արդեն սկսեցին ներքին հարթակներում առաջ տանել «ինչո՞ւ են միշտ Ղարաբաղում զոհվում հայաստանցի երեխեքը» անբարոյական թեզը: Մի՞թե սա զուգադիպություն է: Հազիվ թե:

Ինչո՞ւ մենք չլսեցինք «Արցախը Հայաստան է և վերջ» բոցաշունչ հայտարարությունը, ինչո՞ւ չլսեցինք համարժեք պատասխան ապրիլյան պատերազմի վերաբերյալ արված լկտի ակնարկներից հետո: Ինչո՞ւ մենք պիտի ստիպված լինեինք տեսնել Մամեդյարովի հեգնական լայն ժպիտը, մինչդեռ նախկինում ադրբեջանական կողմից և ոչ մեկը չէր հանդգնում այսպիսի կեցվածք ընդունել Հայաստանի Հանրապետության առաջնորդի հետ հանդիպելիս: Ինչո՞ւ վարչապետի աթոռը զբաղեցնող լրագրողը չխոսեց Սումգայիթի և Բաքվի ջարդների մասին, Թալիշի մասին, Արցախի անվտանգությունից բխող անկախ կարգավիճակին այլևնտրանքի բացակայության մասին: Փոխարենը մենք լսեցինք ամբոխահաճո դատարկաբանություններ միկրոհեղափոխությունների մասին, որոնք ամենաամոթալի կերպով շարժեցին ներկաների ծիծաղը:

Շոուն չստացվեց: Քննարկման երկրորդ մասը կարելի է որակել որպես Փաշինյանի վերջնական ֆիասկո: Երբ չաշխատեց իր հեղափոխական մանթրան, նա ամբողջովին կորցրեց իրեն, քանի որ նա տիրապետում է միայն այդ մեթոդաբանությանը՝ խաղացնել «հեղափոխական» բառը և ստանալ ամբոխի ծափահարություններն ու վանկարկումները: Չստանալով ակնկալվող բուռն արձագանքը՝ Փաշինյանը հայտնվեց ծայրահեղ դիսկոմֆորտի մեջ և այլևս իրավիճակը փրկել հնարավոր չէր: Եզրափակելով վերադառնանք Տիգրան Մեծի կերպարին: Կարծիք կա, որ Փաշինյանը միտումնավոր է ընտրել այդ կերպարը, քանի որ Տիգրան Մեծը եղել է հելենիստական մշակույթի կրող, այլ ոչ թե ազգային օրակարգի կրող: Նա Հայաստան է բերել օտար մշակույթ, հունական աստվածների կուռքեր, հատել է հունարեն գրառումներով դրամներ և կարելի է ասել, որ այն ժամանակվա չափանիշներով եղել է արևմտամետ կոսմոպոլիտ: Այո, ինչ-որ առումով, միգուցե այս տեսակետը իրավունք ունի գոյություն ունենալու:

Սակայն այստեղ նույնպես պիտի հիասթափեցնենք Փաշինյանին Տիգրան Մեծի հետ մեկ հարթակի վրա հրճվանքով դնողներին: Տիգրան Մեծը գրավել էր մոտ 15 պետություն, որոնք թեկուզ և հետո կորցրեց, բայց իր թագավորության ընթացքում Հայստանը տնտեսապես հզորացավ:

Իսկ Փաշինյանը քանի՞ քառակուսի մետր հող է գրավել, որ իրեն ուզում է նույնացնել Տիգրան Մեծի հետ: Էլ չխոսենք վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորված տնտեսական ու սոցիալական ծանր վիճակի մասին:

Հ Գ Բա Սերժի ժամանակ Մամեդյարովը ինչո՞ւ չեր ծիծաղում:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով