ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ խոսելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից, անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների այն կարծիքներին, որ հանրաքվեի հետ կապված չպետք է ընկնեն «տառակերության» հետևից, եթե այդպես անեին 2018 թվականին, ապա հեղափոխություն չէին անի, և ինչպես երկու տարի առաջ Էդմոն Մարուքյանն իր «ձեռքերը լվաց» և չշարունակեց ճանապարհը Փաշինյանի հետ, այնպես էլ այսօր է անում:
«Եթե ես հիմա սկսեմ պատմել, թե հեղափոխության օրերին նման բան ասողներից ով ինչ է ասել և ինչով է զբաղված եղել այս կաբինետում քննարկման ժամանակ, այդ մարդիկ կարող է դիմեն ինքնասպանության, իսկ ես չեմ ուզում ինքնասպանության դրդելու հոդվածով դատվեմ: Իսկ մնացածի մասով կասեմ հետևյալը, որ իշխանության ներկայացուցիչները սխալ են մեկնաբանում, ասում են՝ օրենք, դատարան-մատարան չկա ժողովրդի դեմ: Եթե մի բան մի անգամ արել են, ու իրենց մոտ ստացվել է, ապա դա չի նշանակում, որ դրանից հետո ով ինչ ասի, պետք է այդ ամենը օրինակ բերեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա ընդգծեց, որ երկու տարի առաջ իրենք իրենց «ձեռքերը չեն լվացել»:
«Այսօր քննարկում էին, որ պատգամավորները կարող են անարգել գնալ կալանավայրեր, և այդ ֆոնին Մանե Թանդիլյանը հիշեց, որ գնացել էր Փաշինյանի և Սասուն Միքայելյանի հետևից ոստիկանություն, և չէին թողնում ներս մտնել»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը: