ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե՝ Ձեր հրաժարականը հետևեց Հրայր Թովմասյանի շուրջ կատարվող իրադարձություններին, ինչո՞ւ, ի՞նչ կապ կա, ասել է.
– Այո, իմ հրաժարականը հետևել է դրան: Կապը նա է, որ արդեն իսկ իշխանությունները չեն թաքցնում, որ իրենք չեն հանդուրժելու Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու հանգամանքը:
– Այսինքն՝ կոնկրետ հանձնարարությո՞ւն է եղել:
– Ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ, բայց ուզում եմ ձեզ ասել, որ… Հրայր Թովմասյանը, անկեղծ եմ ասում, ես իրեն չեմ ճանաչել մինչև ԱԱԾ տնօրեն դառնալս: Հրայր Թովմասյանի հետ ծանոթացել եմ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո, որովհետև Հրայր Թովմասյանի որդին խաղում էր 14 տարեկանների հավաքականում, շատ տաղանդավոր երեխա էր, և Հրայր Թովմասյանը հաճախ էր գալիս խաղերին մասնակցելու, որտեղ և արդեն ծանոթացել ենք: Եվ այն զարգացումները, որոնք եղան ՍԴ-ի շուրջ վերջին շրջանում, ես չէի կարող ուղղակի մասնակից լինել նման զարգացումների: Հիմա ես չեմ պատասխանի Ձեր հարցին՝ ինձ եղե՞լ է ուղիղ հանձնարարական, չի եղել, ես ասում եմ, որ իմ՝ հրաժարական ներկայացնելու հիմնական պատճառներից մեկը եղել է այդ հարցում անհամաձայնությունը: Եվ ես հնչեցրել եմ «կանգ առ»-ի սթափեցնող կոչ, որը, ցավոք սրտի, տեղ չի հասել:
Աղբյուր `168.am