Ագիտպրոպը ոստիկանապետություն է հիմնում, որտեղ ղեկավար կարող է լինել ցանկացած պրոֆհեղափոխական

Նախկին ընդդիմության, այսօրվա իշխանության մի շարք ներկայացուցիչների, Նիկոլ Փաշինյանի և նրան սատարողների կողմից նախկինում բազում անգամներ հնչում էր, որ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, որ Հայաստանում ոստիկանների թիվը ավելին է պետք եկածից, որ ոստիկանությունը ծառայում է իշխանավորներին ժողովրդից պաշտպանելու համար, ժողովրդի ձայնը ճնշելու համար և որ ոստիկանությունը քաղաքականացված է: Սակայն ի՞նչ ենք տեսնում այսօր: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը, ըստ որի առաջարկվում է կառուցվածքային փոփոխություններ անել ՀՀ ոստիկանության համակարգում, ստեղծել Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն: Նախատեսվում է նաև զարգացնել քրեական ոստիկանությունը՝ ներդնել դետեկտիվների ինստիտուտ: Սա նշանակում է, որ կստեղծվեն նորանոր ոստիկանական ծառայություններ, պաշտոններ և, եթե «թավշյա» հեղափոխությունից հետո ոստիկանների թիվը որոշակիորեն կրճատվել էր, դրանց փոխարեն կբացվեն նորանոր հաստիքներ և միգուցեև ընդհանուր թվով ավելի շատ, քան առաջ էր:

Առաջարկվում է նաև Ոստիկանությունը դարձնել Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կընդգրկվեն նաև Միգրացիոն ծառայությունը, իսկ հետագայում նաև ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը: Սակայն արի ու տես, որ Միգրացիոն ծառայությունը և ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը կարելի է ընդգրկել նաև ոստիկանական համակարգի մեջ և ամենևին հարկ չկա ոչ դրա ոչ էլ վերոնշյալ փոփոխությունների համար Ոստիկանությունը դարձնել Ներքին գործերի նախարարություն: Այդ դեպքում եկեք հասկանանք, թե ո՞րն է ոստիկանությունը կրկին նախկին սովետական սիստեմի և նրանից մնացած ժառանգության նման ՆԳՆ դարձնելու իմաստը: Տարբերությունը, առիթն ու պատճառն այն է, որ Ոստիկանությունը պետական համակարգից առանձնացված ապաքաղաքական կառույց է, որի ղեկավարը ոստիկանապետն է՝ գնդապետի և ավելի բարձր կոչումի արժանացած սպան, որն իր անաչառությունը և նվիրվածությունը օրենքի պահանջներին ապացուցել է անձնվիրաբար և բազմամբյա ծառայությամբ ու պաշտոնին է արժանացել միայն ծառայողական աստիճանները բարձրանալուց հետո, իսկ ՆԳ նախարարի պաշտոնը՝ դա քաղաքական պաշտոն է, որի պաշտոնատար անձը ենթարկվում է անմիջապես կառավարությանն ու վարչապետին: Տվյալ պարագայում պաշտոնատար անձը կարող է լինել նաև քաղաքացիական անձ, որը երբևէ բացարձակապես կապ էլ չի ունեցել ոստիկանական համակարգի հետ, չի բարձրացել ծառայողական կոչումների աստիճանում և չի եղել անգամ շարքային: Այս պարագայում «թավշյա հեղափոխության» մեծ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կկարողանա իրագործել անգամ իր վաղեմի ընկերոջ, ակտիվիստ «նավակ ճոճողի»՝ Վիլեն Գաբրիելյանի վաղեմի երազանքը, որը զբաղվում էր սոցցանցերով և միտինգների մասնակցելով, մարդկանց ծաղրելով, անվանարկելով ու վիրավորելով և նաև երազում էր Հայաստանի ոստիկանապետ դառնալու մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ով էլ լինի ՆԳՆ ղեկավարը, փաստը մնում է փաստ, որ ժամանակակից անկախ ոստիկանական համակարգից, հետքայլ է կատարվում դեպքի սովետական ոստիականապետական համակարգ, որտեղ պրոֆհեղափոխականների քաղաքական քարոզչական գծին՝ ագիտպրոպին է ենթարկվում ամեն ինչ: Կարելի է անգամ Ազգային ժողովի անունը փոխել, կրկին դարձնելով գերագույն խորհուրդ, իսկ շենքը՝ կենտկոմ:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով