«Սա վերջինը չէ, նման դեպքեր էլի կլինեն». Քաղաքացին՝ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Քննչական կոմիտեն հունվարի 17-ին տեղեկություն տարածեց, որ  Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ, 39-ամյա Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի շրջանում հրազենային վիրավորումով: Մոտ 4 ժամ տևած ուսումնասիրությունից հետո Հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հայտնեց, որ սենյակում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հայտնաբերվել է 40-ից ավելի պարկուճ, պատերին կան վնասվածքներ, մահացածի կողքին եղել է նվեր ստացած օրինական ատրճանակ:

Գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի ինքնասպանության հասցնելու հոդվածով, բայց Արթուր Մելիքյանը չբացառեց, որ նոր հանգամանքներ ի հայտ գալու պարագայում կարող են առաջ քաշվել նաև այլ վարկածներ՝ սպանություն, սպանություն՝ քողարկված ինքնասպանությամբ: 168.am-ը դեպքի մասին զրուցել է մեր համաքաղաքացիների հետ՝ պարզելու իրենց կարծիքը, տեղի ունեցածը սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն կարող էր լինել, եթե սպանություն, ապա ո՞ւմ էր դա ձեռնտու, արդյոք նման դեպքերը կարո՞ղ են շարունակական լինել, և ի՞նչ պետք է անի պետությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Միանշանակ չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ որևէ մեկին խանգարում էր: Բոլոր նրանց, ում մասին ինքը շատ ավելի բան գիտեր, քան պետք էր, որ իմանար: Կարծում եմ՝ գործող իշխանությանը ձեռնտու չէր նրա մահը: Նման պաշտոնյաների պարագայում միշտ վտանգ կա, պետք է զգույշ լինել: Այսպես որ նայում ենք, կարող է շարունակական լինել: Պետք է զգույշ լինեն այդ պաշտոնյաները: Սա մեր ազգի ամոթն է: Չի կարելի  մարդկանց վերացնել  շահերի համար: Պետությունը ի՞նչ իմանա՝  ո՞ւմ են սպանելու, որ քայլեր ձեռնարկի, չնայած մարդիկ կան, որ դեռ պետք է պետությանը ինֆորմացիա փոխանցեն, նրանց նկատմամբ պետք է զգույշ լինել»:

«Ես չեմ կարծում, որ նման մարդը ինքն իրեն կսպաներ: Չգիտեմ, թե ո՞ւմ է ձեռնտու: Դա միայն Նոստրադամուսը կարող է ասել»:

«Բոլորս պետք է սպասենք նախաքննության ավարտին: Պարզապես իրար հետևից իրադարձություններ են լինում, մարդիկ իրար հետևից կյանքից զրկվում են: Ըստ ինձ՝ սա պատահական լինել չի կարող: Այդ մարդիկ մեծ ինֆորմացիայի կրողներ են, իսկ նման ինֆորմացիայի կրողներին մեծ վտանգ է  սպառնում: Այդպիսի ինֆորմացիա կրողները պետք է դիմեն պետական պաշտպանության համար: Մեր մշակույթի մեջ ընդունված է հարցերը զենքով լուծել, և դա շարունակական է լինելու: Չեմ կարող ասել, թե Կուտոյանի մահը ո՞ւմ է ձեռնտու, սա հասարակ մահկանացուների խելքի բան չէ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Միանշանակ սա ինքնասպանություն չէ, իրեն վերացրել են, որ ինչ-որ բաներ կոծկեն: Սա ձեռնտու է նախկին հանրապետության տեր ու տիրակալներին, ոչ այսօրվա: Այսօր ամենքիս դռանը պետք է երկու ոստիկան դնեն, որ ոչ մեկիս ոչ մի բան չպատահի: Ինձ թվում է՝ սա վերջինը չէ, էլի կլինեն նման դեպքեր: Խիստ միջոցառումներ է պետք ձեռնարկել, մի երկու հոգու որ պատժեն, էլ նման բաներ չեն կրկնվի: Չի բացահայտվի, թե հեղինակն ով է, սա շատերին է ձեռնտու»:

«Տեղյակ չէի այդ մասին, բայց շատ արտառոց նորություն է, ընդհանրապես չէի սպասում: Յուրաքանչյուր պարագայում մեղավորները պետք է պատասխան տան: Պետությունը պետք է պաշտպանական մեխանիզմներ կիրառի»:

«Սպանություն է: Այդ կարգի մարդը ինքնասպան չէր լինի, չգիտեմ, թե ո՞ւմ է ձեռնտու: Կոռումպացված երկրներում միշտ էլ այդպես է լինում: Նման մարդկանց պետք է հսկողության տակ պահեն, եթե հնարավորություն ունեն, կամ կարող է՝ ունեն ու չեն պահում, գուցե դա ոչ մեկին ձեռնտու չէ»:

«Ես իրավունք չունեմ անձնական կարծիք հայտնել, մինչև իրավապահները գործը չքննեն: Երևի պետք է, որ պետությունը նման մարդկանց նկատմամբ պաշտպանական մեխանիզմներ կիրառի»:

«Ես չեմ լսել, տեղյակ չեմ: Ես տաքսու վարորդ մարդ եմ, իմ գործն է, որ «պասաժիրը» նստի, տանեմ-հասցնեմ, իջեցնեմ, իմ հարցերը լուծեմ, պրծավ գնաց, քաղաքականությամբ չենք հետաքրքրվում»:

«Իրավապահ մարմինները կիմանան, ես չեմ կարող ասել, ամեն վարկած էլ հնարավոր է: Պետությունը, իհարկե, պետք է պաշտպանական մեխանիզմներ կիրառի»:

Մանրամասն  168.am-ի տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով