Մտածում ենք՝ սահմանենք հողի վարձակալության գին, չմշակվող հողը վերցնենք, տանք վարձակալության և սեփականատիրոջը տանք վարձակալության վճար. վարչապետ

Ներքին որոշումը մենք արդեն կայացրել ենք՝ կապված չօգտագործվող հողերի հետ, դրանք վարձակալության վերցնելու և այլ մեխանիզմների հետ և արդեն հստակ այդ գաղափարները իրագործվելու ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսօր խնդիր ունենք և հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում նպատակային և այդ հողերի շատ մեծ մասի սեփականատերերը նույնիսկ Հայաստանում չեն ապրում, որպեսզի մենք այդ մարդկանց հետ խոսենք, խնդրենք, համոզենք, որ վարձակալության տան այդ հողերը նրանց, ովքեր պատրաստ են մշակել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա մենք մտածում ենք այսպիսի մեխանիզմ ներդնել, որ ըստ մարզերի և հողի կատեգորիաների սահմանենք հողի վարձակալության պետական գին, ունենանք օրենսդրական կարգավորում, որ երբ մի հող երկար ժամանակ չի օգտագործվում և´ այն դեպքում, երբ սեփականատերը ՀՀ-ում է, և´ այն դեպքում, երբ սեփականատերը ՀՀ-ում չէ: Մենք օրենքի ուժով այդ հողը վերցնենք մարդուց վարձակալության համար, իրեն վճարենք վարձակալության վճար, և պետությունը վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին, ով պատրաստ է դա օգտագործել, այսինքն` սրա արդյունքում մենք չմշակվող հողը դարձնում ենք մշակվող՝ այդ ընթացքում սեփականատիրոջը վճարելով որոշակի վարձակալության վճար»,-ասաց նա:

Չնայած դրան՝ վարչապետը նշեց, որ այդ առումով կադաստրի որոշակի խնդիրներ կան: «Այսօր մենք հանրապետությունում հողերի սեփականաշնորհման որոշ հետևանքների հետ ենք բախվում, որոնք ռեալ խոչընդոտում են տնտեսության զարգացմանը»,-ասաց վարչապետը և պարզաբանեց, որ հողերն ահավոր կտրված են և օրինակ՝ քսան հեկտար հող չկա:

«Այս կարգի լուրջ խնդիրներ կան, որոնք մանրակրկիտ նյարդային աշխատանք են պահանջում»,-ասաց նա և այս հարցում կարևորեց հանրության հետ մշտական երկխոսությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես կարծում եմ, որ այս պրոցեսները պետք է արվեն 100 տոկոս թափանցիկ, երբ փակ քննարկումների արդյունքում 0 պայմանական տեղեկացվածությունից հասնում ենք 100 տոկոս տեղեկացվածության և այդ քննարկումներով կիսվում ենք հանրության հետ, առաջին ռեակցիան սուր է լինում»,-ասաց նա և  նշեց, որ սա տասնյակ հազարավոր մարդկանց  շահերի հետ է կապված և պետք է կոմպրոմիս գտնեն, բայց  նաև պետք է հասկանան, որ դժվար լուծումների անհրաժեշտություն ունենալու են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով