«Մեկ դերասանի թատրոնի վարպետ, ով կարողանում է հրաշալի զբաղեցնել հանրությանը».Գարեգին Պետրոսյան

 

Փաշինյանը «բեմի հրաշալի վարպետ» է, բայց ոչ խելագար: Մեկ դերասանի թատրոնի վարպետ, ով կարողանում է հրաշալի զբաղեցնել հանրությանը՝ հիանալի համադրելով ամենատարբեր դերերը՝ պոետի, խելագարի, զորավարի, դեմոկրատի, ավտոկրատի, հոգատարի, իմաստունի, ինքնազոհի, անպատկառի, խանդավառի՝ կախված իրավիճակային անհրաժեշտությունից: Փաշինյանը «բեմի» վրա, ըստ անհրաժեշտության, ամեն ինչ է, բեմից դուրս՝ «գործարքի մեջ մտած խաբեբա»: Ի դեպ, տարբեր դերերն էլ լավ օրից չէ, որ վերապահված է նրան խաղալու: Նշանակում է «հեղափոխության միջանցքներում» էլ աննկատ ու խորհրդավոր պրոցեսներ են ընթանում, իսկ նա ստիպված է այդ ընթացքում զբաղեցնել հանրությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանը խելագար չէ, նա ուղղակի հաճախակի է մտնում խելագարի զավեշտալի դերի մեջ: Փաշինյանը ոչ էլ գավառական ծաղրածու է, նա Լևոնի 2008 թ. սոցիալ-հոգեբանական ու տեխնիկական ձախողումը համակողմանի վերլուծած «բեմի վարպետ» է: «Անասունին առաջին պլան չեն բերում», կասեր հայտնի հերոսը: Նույն տրամաբանությամբ՝ խելագարներին պատասխանատու գործարքների մեջ չեն ներգրավում:

Փաշինյանը խելագար չէ, որովհետև խելագարը մեսիայի դեր ստանձնել չի կարող, և որևէ մեկն էլ նրան այդ դերը խաղալու իրավունքը չէր վերապահի: Իսկ, որ Փաշինյանը բոլորիցս լավ գիտի, որ հեղափոխությանը և նրա առաջնորդին վերաբերվում են ոչ թե որպես երկրի ղեկավարի, այլ որպես մեսիայի, ով կարող է քայլել ջրի վրայով, ով կարող է հրաշքներ գործել եւ ով օժտված է գերբնական հատկություններով, կասկածից վեր է: Նրա առաջ դրված էր հեղինակել միֆական մի պատկերացում, որ «եթե Նիկոլը կարողացել է կատարել հեղափոխություն, ուրեմն մի բան գիտի»: Սա մի ընկալում էր, որ նախնական շրջանում հսկայական էներգիա տվեց Փաշինյանի քաղաքական գործընթացին, բայց հետագայում արգելակի դեր կատարեց երկրի առջև ծառացած խնդիրներն իրապես գնահատելու և լուծելու հարցում: Եվ առաջացավ հենց ընթացքից նոր ու բազմազան դերեր խաղալու անհրաժեշտությունը, որովհետև խնդիրներն իրապես գնահատելն ու լուծելը նրա «դերը» չէր:

Փաշինյանը կարողացել էր զանգավածներին միֆական ներշնչանք ներարկել, որ եկել է ոչ թե իշխելու, այլ փրկելու, և որ քաղաքական գործընթացը նրա համար ընդամենը անհրաժեշտ ձևականություն է՝ իր գերբնական հատկությունները թաքցնելու համար: Բայց և Փաշինյանն է, որ բոլորից լավ է հասկանում, որ ցանկացած ոգևորություն շատ արագ սառում է, և գալիս է նախնական արդյունքներն ամփոփելու ժամանակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով