Հիվանդանոց և մանկատուն փակելով գումար խնայողները պարգևատրվում են խնայվածի տասնապատիկի չափով

Հայաստանում շարունակվում է «անպետք» բուժհաստատությությունների և մանկատների լիկվիդացիայի գործընթացը: 2020-ի հունվարից չի ֆինանսավորվում նաև 17 գյուղական համայնքների սպասարկող Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը։ Տվյալ տարածաշրջանի բնակիչներն այժմ պետք է հասնեն Գյումրի: Սակայն կան գյուղեր, որտեղից Գյումրի գնալու համար ծննդկանները պետք է կտրեն ու անցնեն 20-40 կիլոմետր, որը շատ դժվար է և վտանգավոր, հատկապես ձմռան եղանակներին: Ծննդատանը գոյատևման համար, տարվա կտրվածքով անհրաժեշտ է 18 մլն դրամի հատկացում, որն Առողջապահության նախարարությունը որոշել է «խնայել»։

Մինչդեռ նույն «թավշյա» առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ինքն իրենք 10 անգամ պարգևատրել է ընդհանուր 14.834.904 դրամի չափով: Այսինքն, միայն Արսեն Թորոսյանին շնորհված պարգևավճարները գրեթե բավարար կլինեին, որպեսզի Մարալիկը և 17 գյուղական համայնքներին սպասարկող առողջության կենտրոնի այս ծննդատունը չդադարեր գործել: 2019-ին Առողջապահության Նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին հատկացված պարգևավճարների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 65.000.000 դրամ: Իսկ ՀՀ Կրթության, գիտության մշակույթի և սպորտի ԿԳՄՍ նախարարության պարգևավճարները 2019-ին կազմել են 456.209.093 դրամ, ինչը նույն Մարալիկի ծննդատան համար կբավականացներ շուրջ 30 տարի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ 2019-ին «թավշյա կառավարության» կողմից փոփոխություն է կատարվել ՀՀ մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի մեջ, որի հիմքով փակվել է նաև «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի հակատուբերկուլյոզային բաժանմունքը: Տվյալ լուծարման պատճառով առանց աշխատանքի մնացին 15 բուժաշխատող: Այսօր հիվանդանոցը հրաժարվում է վճարել անաշխատանք մնացած այս անձանց, նախորդ տարվանից կուտակված արձակուրդային վճարի գումարները, պատճառաբանելով, որ բյուջեում չկա համապատասխան գումար։ 2019-ին կրճատվել է նաև Երևան քաղաքի «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի բյուջեն և առաջ է քաշվել նաև այն փակելու հարցը, որի հետևանքով կարող են առանց աշխատանքի մնալ ևս 70-80 աշխատող: Տվյալ պահին ճգնաժամի մեջ է գտնվում նաև Գյումրու «Թռչունյան տուն» գիշերօթիկ հաստատությունը, որտեղ բնակվում են 82 մանկահասակ երեխաներ: Արդեն 6 ամիս է, ինչ Մայր Աթոռի հաստատությունների կազմում գործող տվյալ գիշերոթիկի բարերարները հրաժարվում են հոգալ գիշերօթիկի ծախսերը: Առաջացել է մոտ 12 միլիոն դրամի պարտք:

Հաստատությունը գտնվում է լուծարման շեմին: 50 աշխատակիցները մնացել են առանց աշխատավարձ, սակայն դեռևս շարունակում են աշխատել: Մատակարարները դեռևս շարունակում են պարտքով աշխատել, սակայն արդեն սպառնում են դադարեցնել աշխատանքը: Գիշերօթիկի տնօրինությունը դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը հրաժարվել է նրանց աջակցել: Դիմել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ով խոստացել է աջակցել երեխաներին և «տիրություն անել», սակայն միայն այն դեպքում, եթե հաստատությունը լուծարվի և երեխաները վերադարձվեն իրենց ընտանիքներ, կամ այլ հաստատություններ:

Այսինքն, Գյումրու Ցարական զորանոցի սև շենքում ցեղասպանությունից փրկված երեխաների հաստատմամբ ստեղծված մանկատունը, որը գործել է ավելի քան 100 տարի և 100 տարի անց ևս ապահով կացարան է հայ երեխաների համար, այսօր 12 միլիոն դրամի պատճառով գտնվում է սնանկացման և լուծարման եզրին և խոսքը ոչ թե զուտ քարե շինության մասին է, այլ խոցելի խավի 82 մանկահասակ երեխաների ճակատագրի և 50 աշխատակիցների ապրուստի միջոցի մասին: Եվ մինչև հաստատությունը չքանդվի, Սոցապ նախարարությունը չի աջակցի երեխաներին, մինչդեռ նույն հիվանդանոց և մանկատուն փակելով գումար խնայողները պարգևատրվում են խնայվածի տասնապատիկի չափով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով