Իշխանությունը գնում է կոռուպցիայի օրինականացման ճանապարհով. Հարություն Մեսրոբյան.Փաստինֆո

 

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Պարոն Մեսրոբյան, պետական համակարգում աղմկահարույց պարգեւատրումները շարունակվում են։ Սա մի կողմից, մյուս կողմից կառավարության ղեկավարը հայտարարում է, որ այդ նույն պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը եւ այն բոլոր արդյունքները, որոնք արձանագրվել են, արձանագրվել են ի հեճուկս այդ դիմադրության։  Կառավարման տեսանկյունից հակասություն չկա՞։

-Նախ, այն, որ վարչապետը դժգոհում է պետական կառավարման համակարգից, հետեւանք է կադրային քաղաքականության նկատմամբ փնթի վերաբերմունքի։ Բնական է, երբ կադրային քաղաքականության նկատմամբ անլուրջ վերաբերմունք է, այն իմաստով, որ գործում է կամ քավոր-սանիկ-բարեկամ կամ  «մեր մարդը» սկզբունքը, բնական է, որ համակարգի պրոֆեսիոնալիզմի մակարդակը միայն իջնելու է։ Սա բավական չէ, երկրորդ հարվածը՝ այսպես կոչված այդ չարաբաստիկ պարգեւատրումները։ Պարգեւատրման իմաստը, դա շատ լավ աշխատանքի դիմաց խրախուսումն է, բայց ոչ երբեք՝ պարգեւատրում տալ, որպեսզի չինովնիկը լավ աշխատի և կաշառք չվերցնի։ Եթե առաջին կետը, այն է՝ փնթի վերաբերմունքը կադրային քաղաքականության նկատմամբ բերում է նրան, որ պետական կառավարման համակարգում հավաքվում են անհաջող կադրեր, որքան ուզում ես գումար տուր նրանց, միեւնույնն է, որակը դրանից չի բարձրանա։ Հետեւաբար, ստացվում է, որ իշխանությունը գնում է կոռուպցիայի օրինականացման ճանապարհով։ Կոռուպցիան այն է, երբ ինչ-որ բանի դիմաց դու ոչ ուղիղ ճանապարհով ստանում ես գումար եւ ինչ-որ գործ ես անում, բայց պարգեւատրումը հակառակ իմաստը պետք է ունենա՝ դու արել ես ինչ-որ բան, որից հետո գնահատվում է քո արածը: Իսկ նման պարգեւատրումների դեպքում ստացվում է, որ մարդը արդյունք չի տալիս, բայց նրան պարգեւատրում են։ Դա երեւաց պարգեւատրումների առաջին աղմուկի շրջանում՝ 2018 թվականի վերջերին, երբ Երեւանի քաղաքապետարանը պարգեւատրել էր քաղաքապետարանի վերնախավին, այն դեպքում, երբ քաղաքապետարանի նոր կազմն ընդամենը 2 ամիս էր ձեւավորվել, այսինքն, որեւէ արդյունք չկար, բայց կար պարգեւատրում։ Դա մի մեծ ական դրեց աշխատանքի արդյունքների գնահատման դիմաց հայտնի մոտեցման տակ և, փաստորեն, հանդիսացավ կոռուպցիայի օրինականացման ձեւ։ Եվ այդ ականը պայթում է այսօր:

-Ի՞նչ է ստացվում, իշխանությունը, որը եկավ հենց կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով, ի՞նքն է նույն ճանապարհը բռնել, պարզապես այլ մեխանիզմո՞վ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Ես նոր իշխանությունների գաղափարը հասկանում եմ` պետական պաշտոնյան պետք է հավուր պատշաճի վարձատրվի, որովհետեւ դա պատասխանատու գործ է, բայց դա պետք է տրվի բարձր աշխատավարձի տեսքով, իսկ շատ լավ արդյունքի դիմաց նաեւ պարգեւատրումների տեսքով: Բայց քանի որ առաջին սխալն արվեց եւ կադրային քաղաքականությունը փնթի իրականացվեց, մասնագետների «կլասն» իջավ եւ իրենք ընկան իրենց երկու քայլանոց ծուղակի մեջ՝ սկզբից հավաքագրեցին պրոֆեսիոնալիզմի իմաստով ոչ արժանի մարդկանց, հետո փորձեցին նրանց շահագրգռել պարգեւատրումներով՝ դեռ արդյունք չապահոված։ Եղավ ճիշտ հակառակ պրոցեսը՝ այն, ինչ պետք է  խրախուսեր պետական համակարգի լավ աշխատանքը, բերեց պետական համակարգի աշխատանքի վատթարացման։

-Իսկ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե համակարգը դիմադրում է, ո՞ւմ է ուղղված Ձեր կարծիքով։

-Ես  այդքան էլ համաձայն չեմ, որ դիմադրում է։ Մարդը, եթե պրոֆեսիոնալ չէ, եթե չի համապատասխանում բարոյականության նվազագույն չափանիշներին, եթե սա է իր մաքսիմալ շեմն ու արդյունքը, ինչքան ուզում ես փող տուր, միեւնույնն է, խնդիրը չի լուծվելու։ Ինքնաթիռի ու օդաչուի օրինակը ես միշտ բերում եմ, պատկերացրեք՝ օդաչուն պրոֆեսիոնալ չէ, Դուք իրեն պարգեւատրելով կսարքե՞ք լավ օդաչու։ Մարդը, եթե ունակ չէ, ինչ իրեն հանձնարարես՝ տապալելու է, իսկ երբ տապալում է, հեշտ է ենթադրել, թե նա քեզ ընդդիմանում է։

-Հարցի մյուս կողմին անդրադառնանք, իսկ հայտնի՞ է , թե ինչին են դիմադրում այդ մարդիկ, որոնք պետական համակարգում են։ 2018 թվականի իրադարձություններից արդեն շուրջ երկու տարի է անցել, գիտե՞նք որն էր հեղափոխության օրակարգը, որոնք են բարեփոխումները, որ դիմադրության են հանդիպում։

-Որո՞նք են հեղափոխության բուն թիրախները եւ ռազմավարությունը։ Այն, ինչ ես միշտ ասում եմ, պետք է կրկնեմ՝ 1991 թվականից Հայաստանում չկա պետության զարգացման ռազմավարական ծրագիր, գոյություն չունի։ Ես դա հրապարակային հայտարարել եմ բոլոր նախորդ իշխանությունների ժամանակ, հիմա էլ եմ հայտարարում՝ երբ չկա  ռազմավարություն, ցանկացած գործողություն բացասական է լինելու։ Միշել Մոնտենն ասում էր՝ նավին, որը ոչ մի տեղ չի գնում, բոլոր քամիները խանգարում են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով