Դեղերի ողջ շուկան վերահսկող կենտրոնի տնօրենի պաշտոնը վստահվել է Փաշինյանի մտերիմ-կուսակցին.168.am

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող» մականունով) նշանակվել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնում:

168.am-ը որևէ կերպ չկարողացավ գտնել «թավշյա հեղափոխական», վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ Վիլեն Գաբրիելյանի կենսագրությունը. կարդացինք միայն, որ կարկառուն ՔՊ-ականը դեղագետ է, ուրեմն, ենթադրաբար՝ Բժշկական համալսարանի (ԵՐՊԲՀ) շրջանավարտ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն, որ  ՀՀ Առողջապահության նախարարությունը դեռևս ս/թ հունվարի 22-ին անց էր կացնելու ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ, գրել էր armtimes.com-ը դեռ հունվարի 21-ին՝ նշելով, որ մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել 7 թեկնածու: Նախարարությունից, սակայն, հրաժարվել են հայտնել թեկնածուների անունները:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել էր 2019թ. նոյեմբերի 8-ից: Նախկին տնօրեն Լևոն Մելիքյանն այդ պաշտոնում 1 տարի էլ չէր աշխատել: Նախարարի հրամանով նա նշանակվել էր 2019թ. մայիսի 6-ին:
Հաջորդ օրը՝ հունվարի 22-ին, արդեն «Հրապարակը» գրեց, որ Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ Ճոճողը, կնշանակվի այդ կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնում։ Կայքը նշել էր, որ Գաբրիելյանը հաղթահարել է մրցույթի 2-րդ՝ բանավորի փուլը։

«Տեղեկացանք, որ Գաբրիելյանը մեծ դժվարությամբ է կարողացել անցնել բանավոր քննությունը, նրան մի կերպ, ձգելով անցկացրել են։ Մեր աղբյուրները պնդում են, որ ամենայն հավանականությամբ հենց նա էլ կնշանակվի տնօրենի պաշտոնում»,- ասված էր հրապարակման մեջ:

Թերթը հավելել էր նաև, որ Գաբրիելյանի՝ այս պաշտոնում նշանակվելու մասին զրույցներ էին պտտվում դեռ անցած ամռանը, և ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ նույնիսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է նրա հետ մի քանի անգամ հանդիպել՝ նախնական հարցազրույց անելու նպատակով, սակայն հրաժարվել են այդ մտքից, քանի որ Գաբրիելյանը բավարար մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ չի ունեցել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Տեղեկացանք, որ Գաբրիելյանը մեծ դժվարությամբ է կարողացել անցնել բանավոր քննությունը, նրան մի կերպ, ձգելով անցկացրել են։ Մեր աղբյուրները պնդում են, որ ամենայն հավանականությամբ հենց նա էլ կնշանակվի տնօրենի պաշտոնում»,- ասված էր հրապարակման մեջ:

Թերթը հավելել էր նաև, որ Գաբրիելյանի՝ այս պաշտոնում նշանակվելու մասին զրույցներ էին պտտվում դեռ անցած ամռանը, և ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ նույնիսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է նրա հետ մի քանի անգամ հանդիպել՝ նախնական հարցազրույց անելու նպատակով, սակայն հրաժարվել են այդ մտքից, քանի որ Գաբրիելյանը բավարար մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ չի ունեցել

«Նաև խոսում են, որ ՔՊ հավաքներից մեկի ժամանակ վարչապետ Փաշինյանը Վիլեն Գաբրիելյանին հարցրել է՝ «Դու դեռ աշխատանք չունե՞ս, պետք է քո գործի հարցը լուծել»։ Դրանից հետո տեղի է ունեցել Թորոսյանի հետ վերը նշված հանդիպումը»,- գրել էր hraparak.am-ը:

Եվ ահա այսօր նա պաշտոնապես նշանակվեց երկրի համար այդքան կարևոր այդ պաշտոնում:

168.am-ը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված պաշտոնը շատ կարևոր է նաև ազգային անվտանգության տեսանկյունից, բացի դրանից, իր մեջ բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր պարունակող պաշտոն է, քանի որ վերահսկողության տակ է պահում դեղերի ողջ շուկան, փորձեց հասկանալ, թե ո՞վ է, ի վերջո, այս պաշտոնը արդեն իսկ զբաղեցնող անձը, բացի նրանից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմն է ու հայտնի ՔՊ-ական ակտիվիստ, ու Ֆեյսբուքում էլ հայտնի է՝ որպես «Նավակ ճոճող» կամ «Օմարի արծիվ», հավանաբար այն պատճառով, որ վերջին ժամանակներում ծառայում էր ՊՆ այդ հատվածում:

«Վագա Ֆարմ» դեղատնային ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի ճանաչում մեր նշած անձին:

«Ես իրեն չեմ ճանաչում: Ընդհանրապես ոչինչ չգիտեմ իր մասին, որևէ բան չեմ կարող ասել: Գոնե մենք 20 տարի է՝ շուկայում ենք, մեզ համար բոլորովին անհայտ մարդ է»,- ասաց Վ.Վարսանյանը՝ նշելով, որ դա երևի թե պայմանավորված է նրանով, որ դեղերի շուկայում Վիլեն Գաբրիելյանը գործունեություն չի ծավալել:

Խոսեցինք նաև ԵՐՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ, ով նույնպես նշեց, որ չի ճանաչում կենտրոնի նորանշանակ տնօրենին: «Երբեք չեմ առնչվել»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Մեր հարցին, թե արդյո՞ք յուրաքանչյուր ոք, ով առհասարակ կապ չի ունեցել ոլորտի հետ, կարող է նշանակվել այս պաշտոնում, Մուրադյանն ասաց, որ պահանջներ կան, որոնց պիտի բավարարի նշանակվողը. «Եթե համապատասխանում է, եթե իրավական ողջ գործընթացն ապահովված է, ապա կարծում է, որ հարցը օրակարգից դուրս է գալիս: Ես այս պահին չեմ տիրապետում, թե ինչ պահանջներ են ներկայացվում վերոնշյալ պաշտոնին»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ, եթե դա գիտական կենտրոն է, ու տնօրենի համար գիտական կոչում չի պահանջվում, ուրեմն պետք է վերանայվի պաշտոնի նկարագիրը, սակայն, եթե այս պահին չի պահանջվում, ուրեմն դա քննարկելի չէ:

«Ես չեմ ճանաչում անձին, և գտնում եմ, որ ոչ կոռեկտ կլինի, եթե ես որևէ մեկնաբանություն անեմ»,- նշեց ԵՐՊԲՀ ռեկտորը:

Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց.

«ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն ընտրվեց իմ ընկեր Վիլեն Գաբրիելյանը, որը, ինչքան գիտեմ, ունի մի քանի տարվա դեղագործական փորձ հեռավոր գյուղում, երբեք չի զբաղվել դեղագործական քաղաքականությամբ, չունի գիտական աստիճան: Նույն տեղի համար մրցում էր մորաքույրս՝ Իրինա Ղազարյանը, ով՝ 1992-ին մասնակցել է այդ կենտրոնի հիմնադրմանը և 4 տարի եղել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի տեղակալը, հիմնել և 18 տարի ղեկավարել է Առողջապահության ազգային ինստիտուտի Դեղագործության ամբիոնը, հեղինակել է 22 զեկույց 11 միջազգային գիտաժողովում և 130 տպագրված գիտական աշխատանք, Դեղագործական գիտությունների թեկնածու է (Ռուսաստան), դեղագործական ծառայությունների և դեղերի հսկողության մագիստրոսի կոչում է ստացել Բրադֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա), առողջապահական քաղաքականության և մենեջմենթի մագիստրոսի կոչում է ստացել Հարավային Մեյնի համալսարանում (ԱՄՆ), եղել է ԱՄՆ կառավարության «Ֆուլբրայթ» կրթաթոշակի դափնեկիր, 2 անգամ եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր փորձագետ, դասավանդում է Հերացու անվան Բժշկական համալսարանում և եղել է երկու թեկնածուական թեզերի գիտական ղեկավար, թրեյնինգներն ու տարբեր երկրներում ոլորտի կարգավորման փորձի փոխանակումները հաշվել չի լինի, իսկ բարեխղճությունը երբեք որևէ մեկի կողմից կասկածի տակ չի դրվել: Թե Իրինա Ղազարյանը, թե Վիլեն Գաբրիելյանը հաղթահարեցին հանձնաժողովի փուլը, բայց իմ մեկ այլ հին ընկեր Արսեն Թորոսյանի ընտրությունը կանգնեց ՔՊ վարչության անդամի վրա՝ ի հեճուկս պրոֆեսիոնալիզմի ու փորձի ակնհայտ տարբերության: Հույս ունեմ, որ նախարար Թորոսյանը հանրությանը (ինձ չէ, ես գիտեմ) կբացատրի, թե ինչո՞վ է պայմանավորված իր այս որոշումը և արդյո՞ք դա իր սուվերեն որոշումն է:

Հ.Գ. Ճիշտն ասած, քանի որ Ղազարյան Իրինան մորաքույրս է, մտածում էի՝ չգրեմ: Բայց որ չգրեի, դա էլ կլիներ կոռուպցիայի քողարկում, ինչին ես պատրաստ չեմ: Կներեք, մեղավոր չեմ, որ մորաքույրս է: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյան»:

Ի դեպ, Կենտրոնի գործառույթները նկարագրված են հետևյալ հղմամբ. այն իրականացնում է դեղերի փորձաքննություն և արժևորում, ներմուծման և արտահանման փորձաքննություն, մասնագիտական ուսումնասիրություններ՝

ՀՀ տարածքում շրջանառվող դեղերի, դեղագործական այլ արտադրանքի որակի ապահովման, ինչպես նաև կեղծված դեղերի բացահայտման նպատակով դեղագործական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեության մասնագիտական ուսումնասիրության իրականացում, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հսկում, դեղերի կողմնակի ազդեցությունների դիտարկում, դեղերի արդյունավետ կիրառման հայեցակարգի ներդրում, դեղերի կլինիկական փորձարկումների արժևորում, տեղեկատվական և հրատարակչական գործունեություն, Օրինաստեղծ գործունեություն՝ մասնակցություն ՀՀ ազգային դեղաքաղաքականության դրույթների, օրենսդրական փաստաթղթերի մշակմանը, ներդրմանը, գիտահետազոտական գործունեություն, դեղակրթական գործունեություն, կադրերի պատրաստում և վերապատրաստում:

168.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը, ի պատասխան մեր խնդրանքի՝ տրամադրել կենտրոնի նորանշանակ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի կենսագրությունը, ասաց, որ տնօրենների կենսագրություններն առհասարակ չեն տեղադրվում:

«Մրցույթը հայտարարելուց առաջ ներկայացվում են պահանջները: Եթե նայեք պահանջները, կհասկանաք՝ ինքն ինչին է համապատասխանում»,- ասաց ԱՆ խոսնակը: Նա մեզ տրամադրեց մրցույթի մասնակցին ներկայացվող պահանջները:

Ըստ այդ պահանջների՝

  • Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն կրթություն, առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին կառավարչական ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ,
  • իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
  • կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ` ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման, աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խրախուսանքի միջոցների կիրառման,
  • ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ` գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,
  • Բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • չի լրացել հավակնորդի 65 տարին:

168.am-ը զրուցեց նաև Վիլեն Գաբրիելյանի հետ: Վերջինս նշեց, որ ըստ մրցույթի պահանջի՝ անհրաժեշտ է կամ 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ էլ 3 տարվա ձեռնարկատիրական ու կառավարչական աշխատանքի փորձ:

«Ըստ երևույթին ես համապատասխանում եմ կառավարչական փորձի կրիտերիային: ՍՊԸ-ի տնօրեն եմ եղել և բանակում զորամասի բուժկետի դեղատան պետ եմ եղել»,- ասաց Վիլեն Գաբրիելյանը:

Գիտական կենտրոնի նորանշանակ ղեկավարի համար տարօրինակ էր, որ իրեն դեղերի շուկայում չեն ճանաչում:

«Չգիտեմ՝ ինչի չեն ճանաչում, որովհետև ես ժամանակին, եթե չեմ սխալվում, 2008-2009թթ. շուկայում ամենամեծ ներմուծող ընկերությունում՝ «Ալֆա ֆարմում» աշխատել եմ՝ որպես ցանցի վերահսկողության պետ»,- նկատեց Վիլեն Գաբրիելյանը:

Մեր դիտարկմանը, թե աշխատանքը շատ բարդ է, արդյո՞ք այդ պատասխանատվությունն ու աշխատանքի ծանրությունն իրեն չեն վախեցնում, նա ասաց, որ՝ այո, բարդ աշխատանք է, բայց բարդություններն իրեն երբեք չեն վախեցրել:

Մեր հարցին, թե իր մրցակիցը ոլորտում բավականին լուրջ փորձառություն ունեցող մասնագետ էր, ինչո՞ւ է, ըստ իրեն, ընտրությունն իր վրա կանգ առել, Վիլեն Գաբրիելյանն պատասխանեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ, այլ Առողջապահության նախարարը, որովհետև վերջինս կայացրել է հայեցողական որոշում: Նա ընդունեց, որ, անշուշտ, տիկին Իրինա Ղազարյանն առավել մեծ փորձառություն ունեցող ու շատ հարգված մասնագետ է ոլորտում:

Ըստ Վիլեն Գաբրիելյանի՝ մրցույթն անցել է բացարձակ արդարության պայմաններում: «Մրցույթն ունի գրավոր ու բանավոր փուլ, չէ՞: Եթե ես գրավորից կտրվեի, բանավորին ինչպե՞ս կմասնակցեի»,- նշեց նա:

Անդրադառնալով Դանիել Իոաննիսյանի գրառմանը՝ Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ Դանիելին շատ հարգում է, նա իր ընկերն է: «Ինքն իրավունք ունի ցանկացած պահի այդ հարցադրումներն անել, բայց հարցն ինձ չի ուղղված, այլ պարոն Թորոսյանին»,- եզրափակեց Վ. Գաբրիելյանը:

Աղբյուր`168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով