«Դալմա Գարդեն մոլ»-ում մոտ 30 րոպե ցնցումներ են եղել. ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը չափումներ է անում՝ ճշտելու համար դրանց պատճառը

22:10

ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություն պետ Տիգրան Գիդաչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անմիջապես ճշտվել է՝ ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես՝ տարածաշրջանում, երկրաշարժի ու դրա նման երևույթներ չեն եղել։ «Բավականին երկար ժամանակ, մոտ 30 րոպե Դալմայի 2–րդ հարկի մի հատվածում ցնցումները չէին դադարում։ Անվտանգությունից ելնելով, աշխատակիցներին և ժողովրդին շենքից տարհանեցին։ Ներկա պահին մեր սեյսմիկ ծառայության աշխատակիցները տեղադրում են չափող սարքեր, որ ճշտեն։ Այս պահի դրությամբ այլևս ցնցումներ չկան»,-  ասաց Տ.Գիդաչյանը՝ ավելացնելով, որ ցնցումը հնարավոր է՝ զգացվել է շրջակայքում որևէ շինարարության ծանր ինժեներական տեխնիկայի աշխատանքի հետևանքով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուամենայնիվ, շենքում իրականացվում է գործիքային ստուգում՝ համոզվելու համար, որ կոնստրուկցիաների հետ կապված վտանգ չկա։

22:00

«Դալմա Գարդեն Մոլ»-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել այնտեղ նկատված տեղային ցնցումների վերաբերյալ, որում մասնավորապես նշվում է, որ առևտրի կենտրոնը վաղը չի աշխատելու: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում`առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու։

Հետևեք միայն մեր պաշտոնական գրառումներին»։

21:00

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ այսօր ժամը 20։00-ի սահմաններում «Դալմա Գարդեն մոլում» ցնցումներ են նկատվել, սակայն սեյսմիկ կայանները երկրաշարժ չեն գրանցել։

«Հիմա մեր աշխատակիցները տեղում են, ցնցումներ այս պահին չկան։ Որպես այդպիսին ցնցում չի եղել, փոքր շարժ է նկատվել»,- ասաց նա և հավելեց, որ ժողովրդին տարհանել են, որպեսզի պարզեն, թե ինչ է կատարվել։

20:29 

«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում արտակարգ իրավիճակ է, շենքում գտնվողները զանգվածաբար լքել են շենքը։

Tert.am-ի հետ զրույցում ԱԻՆ լրատվության պատասխանատու Էդմոն Զարգարյանը նշեց՝ այն տեղեկություն, որ երկրաշարժ է նկատվել իրականությանը չի համապատասխանում։ Նա նշեց, որ օպերատիվ խումբը ժամանել է առևտրի կենտրոն, որպեսզի մարդկանց տեղեկացնի, որ այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։

Առևտրի կենտրոնի անվտանգության ծառայության պետը նշեց, որ այժմ առևտրի կենտրոնի աշխատանքի բնականոն ընթացքը չի խախտվել, սակայն դեռ ներս մտնել չի կարելի։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել է տեղեկություն, ըստ որի Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում երկրաշարժ է նկատվել, որից ԱԻՆ-ը հերքող հաղորդագրություն էր տվել։

Հաղորդագրությամբ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի:

tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով