«Առաջին ատյանի դատարանն անտեսել է ՍԴ որոշման պահանջները». Սերժ Սարգսյանի պաշտպան

Հայտնի է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպաններն Առաջին ատյանի դատարան բողոք էին ներկայացրել պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության պայմաններում քրեական հետապնդում հարուցելու հարցի իրավաչափության վերաբերյալ:

168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանից  տեղեկացել է, թե ի՞նչ փուլում է բողոքի քննությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դատարանը մերժել է քննել մեր բողոքը` պատճառաբանելով, որ այդ հարցի քննարկումն ընդհանրապես այս փուլում դատական վերահսկողության տիրույթից դուրս է: Բայց դատարանն այստեղ, մեր կարծիքով, դատական սխալ է թույլ տվել»,-ասել է Ամրամ Մակինյանը` հավելելով, որ իրենք արդեն իսկ Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել, քանի որ 2019 թ. Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում է կայացրել, որ թեև դատարանները չեն քննում մեղադրանքի հիմնավորվածության հարցը, նրանք պարտավոր են անդրադառնալ մեղադրանքի օրինականության հարցին:

Պաշտպանի պնդմամբ` այն հիմքով, որով իրենք վիճարկում են արարքի հանցավորությունը բացառող հանգամանքի հարցը, որ փաստարկել են, որ նախագահն օգտվում է քրեական հետապնդման անձեռնմխելիությունից, իսկ դա արարքի հանցավորությունը բացառող հանգամանք է, Առաջին ատյանի դատարանը Սահմանադրական դատարանի որոշման լույսի ներքո պարտավոր էր թե՛ քննել և թե՛ որոշում կայացնել, որ ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ չի հաղթահարվել անձեռնմխելիության խոչընդոտը:

«Դատարանն ընդհանրապես այս գործով կրավորական կեցվածք է ցուցաբերել, առհասարակ չի մտել քննարկման դաշտ, չի անդրադարձել մեր կողմից ներկայացված փաստարկներին, այլ փաստելով, որ քննարկվող հարցը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտից այս փուլում, ընդհանրապես ձեռնպահ է մնացել այս հարցը քննարկելուց»,-ասել է Ամրամ Մակինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մակինյանի խոսքով՝ ՍԴ-ն ասում է, որ եթե կան այն հիմքերը, որ այստեղ կարող է քննարկվել մեղադրանքի օրինականության հարցը, ապա դատարանը պարտավոր է այդ հարցին անդրադառնալ:

Դիտարկմանը, թե ըստ էության ստացվում է այնպես, որ դատարանը ՍԴ որոշման պահանջներն է անտեսում, Ամրամ Մակինյանը հաստատական պատասխան տվեց` հավելելով, որ ՍԴ-ը շատ ավելի ուշ է կայացրել այդ որոշումը, քան Վճռաբեկ դատարանի այն որոշումները, որոնց վրա ինքը հղում է կատարում:

«Այսինքն` իրավունքը զարգացել է, ՍԴ-ը գրել է, որ դատարանները պարտավոր են այդ հարցին անդրադառնալ, իսկ Սահմանադրական դատարանի որոշումը վերջին բարձրագույն դատական ատյանի որոշում է»,- եզրափակել է Ամրամ Մակինյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով