Փակել Հայաստան-Իրան սահմանը՝ ջայլամի քաղաքականություն ա-լյա Փաշինյան

Այսօր հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին: Եվ դրանից հետո մեծ արագությամբ սկսեց պտտվել ԶԼՄ-ների կողմից առատորեն կերակրվող զանազան սպեկուլյացիաների անիվը:

Միայն ալարկոտը չհայտնեց իր կարծիք ու դիրքորոշումը այդ հարցի շուրջ: Իսկ ՀՀ վարչապետի աթոռին հայտնված գերագույն գլխավոր լրագրողը արեց էպիկական հայտարարություն՝ Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով: Տրամաբանական է ենթադրել, որ սահմանը կփակվի Հայաստանի կողմից: Հաշվի առնելով այն, որ Իրանը փաստացի մեր միակ բարեկամական դիրքորոշում ունեցող հարևանն է (Վրաստանի վրա ոչ մի պարագայում հույս դնել չի կարելի), ապա շատ տարօրինակ են այսպիսի հայտարարությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի կողմ դնելով աշխարհաքաղաքական համատեքստը, անդրադառնանք տնտեսական հետևանքներին, որոնք անխուսափելիորեն իրականություն կդառնան Հայաստանի համար, եթե փակվի Հայաստան-Իրան սահմանը: Հայաստանը Իրանից ներկրում է բազմաթիվ ապրանքներ: Ներկայացնենք այդ ապրանքատեսակների ցանկի միայն մի փոքր մասը՝ բնական և հեղուկ գազ կոքս, բիտում և նավթամթերքի մշակումից այլ մնացորդներ նավթ և նավթամթերք, ոչ հում պոլիմերներ էթիլենի ապակի ձգած կամ փչած երկաթահամահալվածք պարարտանյութեր սուլֆիդներ և բազմասուլֆիդներ հարթ գլանված երկաթից և ածխածնային պողպատից պատրաստված ապրանքատեսակներ պոլիմերներ պրոպիլենի սննդամթերք տնտեսական ապրանքներ:

Դիտարկելով այս ցանկը, կարելի է պատկերացում կազմել այն մասին, որ բերված ապրանքատեսակների մեծ մասը հումք է հանդիսանում տարբեր արտադրությունների համար: Դրանց ներկրման խափանումը կհանգեցնի Հայաստանի առանց այդ էլ ոչ շատ կայուն վիճակում գտնվող արդյունաբերությունը: Հատկապես խոցելի կլինի պոլիմերային հումքի վրա աշխատող ոլորտը, ինչպես նաև կենցաղային քիմիա արտադրող արտադրամասերը:

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք պարարտանյութերի ներկրման խափանման դեպքում գյուղատնտեսության համար ստեղծվող ռիսկային իրավիճակի վրա: Գյուղատնտեսությունը, չնայած բոլոր ամպագոռգոռ կարգախոսների և հիմք չունեցող լավատեսական կանխատեսումների, որոնցով Հայաստանի ներկա իշխանությունները կերակրում են հասարակությանը, շարունակում է մնալ տնտսության իրական սեկտորի ամենախոցելի սեգմենտներից մեկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գյուղատնտեսությունը, ցավոք, դեռևս մի անհավասարակշռված համակարգ է, որտեղ նույնիսկ մեկ գործոնի անկայունությունը կարող է բերել աղետալի հետևանքների:

Հիշեցնենք, որ ըստ Փաշինյանի, Հայաստանում կան ինստիտուտներ, որոնք ի վիճակի են վերլուծել իրավիճակը: Ահավասիկ, տեսնում ենք, որ դեռևս չկա ոչ մի հավաստի տեղեկություն առ այն, որ այդպիսի ինստիտուտներ, եթե դրանք իհարկե պահպանվել են վարչապետի կողմից ՊՈԱԿ-ներին հայտարարված պատերազմից հետո, իրապես վերլուծում են իրավիճակը և առաջարկում են լուծումներ:

Միգուցե վարչապետը իր երևակայության մեջ իրեն պատկերացնում է մի Եվրոպական երկրի ղեկավար (օրինակ՝ Հունաստանի), որը մտահոգված լինելով փախստականների մեծ ներհոսքի հեռանկարով, որոշում է փակել սահմանը: Հիասթափեցնենք պարոն Փաշինյանին, նա Եվրոպական երկրի ղեկավար չէ: Նա շրջափակման մեջ գտնվող երկրի վարչապետ է, որը առանց հեռուն մտածելու հնարավոր է համարում փակել միակ իրական բարեկամ հանդիսացող երկրի հետ սահմանը:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով