Նիկոլ Փաշինյանը կորցնում է իշխանությունը.tert.am

tert.am-ը գրում է

Հունվարի 28-ին «ՎԵՏՕ» շարժման և «Ադեկվադ» միաբանության անդամներին Ոստիկանություն բերման ենթարկելու փաստն ու դրա արձագանքներն էլ ավելի են խաթարել հանրային քաղաքական՝ առանց այդ էլ անհանգիստ մթնոլորտը։ Մարդիկ հարց են տալիս՝ ինչո՞ւ փչացնել այդ օրվա մթնոլորտը։ Ի վերջո, ի՞նչ է Նիկոլ Փաշինյանի ուզածը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի կողմից պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն սկսել է վտանգ տեսնել սեփական իշխանությանը։ Այդ մասին նա խոսում է գրեթե ամեն օր։ Այդ մասին նա բարձրաձայնում է «Հայկական ժամանակ»–ի էջերից։ Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում է, որը իշխանությունն իր ձեռքից գնում է։ Բայց Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե այդ ամենում տեսներ սեփական մեղքն ու սեփական թիմի ապաշնորհությունը։

Նիկոլ Փաշինյանին հարկավոր են մեղավորներ և քավության նոխազներ։ Նրանք Նիկոլ Փաշինյանի ստվերն են։ Չկան մեղավորներ ու քավության նոխազներ, չի լինի նաև Նիկոլ Փաշինյանը։ Հասարակությունն էլ Փաշինյանի այս հնարքն արդեն հասկացել է և այլևս չի հավատում։ Գոնե առաջվա նման կուրորեն չի հավատում։ Սկզբում Նիկոլ Փաշինյանի համար մեղավորներ էին օլիգարխներն ու ՀՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, հետո՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու տարբեր դավադիր խմբեր, ապա արդեն գրեթե բոլորը՝ լրատվամիջոցները, դատավորները, Սահմանադրական դատարանը, Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված նախկին ՀՀՇ-ականները, ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը», իր նախկին թիմակիցներ Վանեցյանն ու Օսիպյանը։ Մի բան էլ ավանսով է ազդարարվել, թե մեղավոր են նաև պետական մեքենան ու սեփական թիմը։ Անգամ Նիկոլ Փաշինյանի թիմում կասկածներ չկան, որ ճիշտ պահին մեղավոր կարող են ճանաչվել, հակահեղափոխական կարող է որակվել իրենցից յուրաքանչյուրը։ Ճիշտ ստալինյան ժամանակների կանոններով։

Ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը չի կարող հասարակությանն ու ժողովրդին մեղադրել իրեն չաջակցելու կամ քիչ աջակցելու համար, քանի որ նման մեղադրանքը կզրոյացնի առանց այդ էլ ռեկորդային անկում գրանցող իշխանության վարկանիշը։ Մնում է փորձել հասարակությանը կրկին համոզել, որ ավելի լավ ու ավելի անվտանգ ապրելու իրենց ակնկալիքները չեն արդարանում, քանի որ իրեն խանգարում են։ Խանգարում են բոլորը։ Խանգարում են հերթով ու միասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ամեն գնով հեռացնել փորձող Փաշինյանի համար «մեղավորների» երեկվա էստաֆետը հետհեղափոխական շրջանում ակտիվ հասարակական կեցվածքով աչքի ընկած նոր սերնդի գործիչներինն էր։ Ուժի անհամաչափ կիրառմամբ նրանց ձերբակալություններն ու արագ ազատ արձակումը հակառակ ազդեցությունն ունեցան։ Հասարակությունը հիասթափվում է։ Փաշինյանը հայտնվել է բավականին բարդ ու երկիմաստ վիճակում։ Հիմա է, որ նա պիտի կայացնի իր քաղաքական կյանքի ամենաբարդ ու պատասխանատու որոշումը՝ ի՞նչ ճանապարհով առաջ գնալ։

Հեղափոխության շրջանում Փաշինյանի կայացրած որոշումները մեծ հաշվով իրադարձությունների զարգացման թելադրանքով էին պայմանավորված։ Առաջին ճանապարհը տոտալ բռնաճնշումների և ավտորիտար իշխանություն հաստատելու ճանապարհն է. վախեցնել ու լռեցնել իր բոլոր ընդդիմախոսներին՝ դիմելով հնարավոր ու անհնար բոլոր ապօրինություններին, դրանում անխնա ներգրավելով բոլոր ուժային կառույցներին ու իր քաղաքական թիմակիցներին։ Այս դեպքում Նիկոլ Փաշինյանի հաշվարկով, իրեն կհաջողվի «մեղավորների», «դավադիրների» ու «հակահեղափոխականների» դեմ պայքարի անվան տակ մարդկանց աչքից աննկատ փոխել իր իշխանության հենարանը՝ ժամ առ ժամ մաշվող ժողովրդական աջակցության փոխարեն սեփական իշխանության հենարանը դարձնել ուժային կառույցներն ու վախը։

Թվում է, թե քաղաքական ողջամտությունն ու հոտառությունը պիտի որ Նիկոլ Փաշինյանին հուշեին, որ դա սեփական իշխանությունը շատ ավելի արագ փլուզելու ու թե՛ իր,  թե՛ երկրի համար շատ ավելի վտանգավոր հեռանկար բացելու ճանապարհն է։ Մանավանդ, երբ չկա որևէ երաշխիք, որ սեփական թիմակիցներն ու ուժային կառույցները ինչ–որ պահի չեն դադարի կատարել Փաշինյանի ապօրինի հրահանգները։

Երկրորդ ճանապարհը, որքան էլ պարադոքսալ թվա, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի, այլ առաջին հերթին Հայաստանի ու Արցախի փրկության ճանապարհն է։ Դա աղետից խուսափելու ճանապարհն է։ Հասկանալով ստեղծված իրավիճակը և սեփական սխալը՝ իր ընտրած առաջին ճանապարհի վտանգավոր հետևանքները, Նիկոլ Փաշինյանը կարող է կայացնել իր կյանքի ամենաբարդ, բայց ամենապատվաբեր ու ամենաողջամիտ որոշումը․ հեռանալ։ Հեռանալ սեփական կամքով ու ճիշտ պահին, այլ ոչ թե հանգամանքների թելադրանքով ու ուշացած։ Հեռանալ ոչ թե իբրև ձախողված վարչապետ ու մարդկանց մինչև վերջ հիասթափեցրած, պետությունը նոր փորձանքների մեջ ներքաշող ու պետական ինստիտուտները մինչև վերջ քայքայած գործիչ, այլ որպես իր առաքելությունն արդեն ավարտած, բայց այդ առաքելությունը հասկացած պետական գործիչ։ Հեռանալ՝ երաշխավորելով, որ Հայաստանն այլևս երբեք չի լինելու նախկինը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով