80-ականների զենքով մեր հերոսները Արցախ են ազատագրել, այդ թվում՝ ԱԽՔ-ի ծննդավայրը

Օրերս Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց էր տվել հեղափոխական իշխանությունների սրտի լրատվամիջոցին: Նշենք, որ առանց ծիծաղի այն լսել հնարավոր չէր, քանի որ պարոն ԱԽՔ-ը գրեթե յուրաքանչյուր նախադասության մեջ օգտագործում էր «աննախադեպ» բառը, բայց դրան դեռ կանդրադառնանք:

Արմեն Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ 2019 թվականին Հայաստանն աննախադեպ ծավալի սպառազինություն է ձեռք բերել և լայնածավալ սպառազինություն ձեռք բերելու նոր պայմանավորվածություններ են կայացվել։ Այդպիսի հայտարարություններ նա հաճախ է անում, որպեսզի առաջին հերթին ինքն իրեն համոզի, որ ինքը նշանավոր անձնավորություն է: Սակայն համառորեն մոռանում է նշել, որ այդ սպառազինությունը ձեռք է բերվել համաձայն այն պայմանագրերի, որոնք կնքվել են այն ժամանակ, երբ պարոն ԱԽՔ-ը դեռ աշխատում էր «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպությունում և բարեբախտաբար ոչ մի կապ չուներ մեր հայրենիքի անվտանգության հետ: Այն, որ դուք իբրև թե ինչ-որ նոր պայմանավորվածություններ եք ձեռք բերել նոր սպառազինություն գնելու վերաբերյալ, պարոն ԱԽՔ, դա դեռ ոչ մի բան չի նշանակում: Հաշվի առնելով ձեր անցյալը՝ հասկանալի է, որ դուք շատ զգուշավոր մարդ եք և եթե ասում եք, որ ոչ թե «պայմանագրեր են ստորագրվել», այլ «պայմանավորվածություններ են կայացվել», ուրեմն դեռ ոչ մի լուրջ բան չկա, ուղղակի խոսակցություններ են: Ժամանակը ցույց կտա, թե այդ ինչ լայնածավալ սպառազինություն եք ձեռք բերելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետև Գրիգորյանը հայտարարում է, որ իրենք իրենց առջև խնդիր են դրել փակել 80-ականների զենքով կռվելու փիլիսոփայության էջը և այդ միտքը հնչեցնում է աննկարագրելի հեգնանքով:

Ակնհայտ է, որ պարոն Գրիգորյանը իր ամբողջ կյանքում այնքան է զբաղված եղել արևմտյան կրթական ծրագրերին մասնակցելով և զանազան արևմտյան կազմակերպությունների կասկածելի օրակարգերում ներգրավված լինելով, որ իր ուշադրությունից վրիպել է այն բանը, որ իր կողմից հեգնանքի արժանացած 80-ականների զենքը միջազգային մասնագետների կողմից դասվում է լավագույնների շարքին: Այս հանգամանքը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, մասնավորապես նրանով, որ այդ ժամանակ Աֆղանստանում լայնածավալ ռազմական գործողություններ էին իրականացվում և Սովետական Միության ողջ ռազմարդյունաբերական համալիրը լծված էր նոր լուծումներ գտնելու և արդյունավետ զենք նախագծելու գործին: Բայց դե պարոն ԱԽՔ-ը ինչ իմանա 80-ականներին իրադարձությունների մասին:

Ամերիկյան Համալսարանում դա չեն սովորեցնում, այնտեղ սովորեցնում են լրիվ այլ բաներ: 80-ականների զենքով մեր հերոսները Արցախ են ազատագրել, այդ թվում ձեր ծննդավայրը՝ Մարտունին, իսկ դուք ձեզ թույլ եք տալիս հեգնանք արտահայտել: Իսկ ամենազավեշտալին այն է, որ պարոն ԱԽՔ-ը, հավանաբար դիտավորություն ունենալով, չի նշում այն մասին, որ գոնե 2016 թվականից հետո իրականացվել է շատ լուրջ մոդեռնիզացիա և այլևս ծիծաղելի է խոսել 80-ականների զենքով կռվելու մասին: Արմեն Գրիգորյանը այդպես էլ չսովորեց մի պարզ ճշմարտություն՝ երբ քեզ թվում է, որ դու այլ մարդկանց խոցելու համար ներկայացնում ես քո կարծիքով ջաղջախիչ տեղեկություններ, հաճախակի պարզվում է, որ այդ տեղեկությունները խոցում են միայն քեզ: Ծիծաղելի եք, մի արեք այդպիսի բաներ, պարզապես մի արեք: Բայց սա դեռ ամենը չէ: Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պաթոսով հայտարարեց հետևյալը. «Գալիք տարի Եվրամիությունը կարող է աննախադեպ՝ 150 միլիոն եվրո աջակցություն ցուցաբերել Հայաստանին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեռ մի կողմ դնենք, որ նախադասության մեջ դարձյալ առկա են «աննախադեպ» մանտրան և «կարող է» անորոշության գործոնը: Այո, իրոք որ ձեր համար աննախադեպ գումար է: Բայց եկեք հասկանանք, թե ինչո՞ւ այս ժամանակահատվածում և ինչի՞ դիմաց է պատրաստվում Եվրամիությունը Հայաստանին տրամադրել այդպիսի ահռելի գումար: Հաշվի առնելով վերջին զարգացումները և այն, որ Հայաստանի նոր իշխանությունը այլևս անդառնալիորեն շեղվել է ժողովրդավարության ճանապարհից, շատ կասկածելի ենք համարում այսպիսի աջակցությունը:

Մխիթարվենք նրանով, որ պարոն ԱԽՔ-ը իր խոսքի մեջ ինքն իրեն ապահովագրել է պատասխանատվությունից՝ օգտագործելով, ինչպես արդեն նշեցինք, «կարող է» անորոշության գործոնը, այսինքն, հավանական է, որ ոչ մի աջակցություն էլ չենք ստանա: Սա այն դեպքն է, որ ավելի լավ է, եթե չստանանք:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով