Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար

 

Արդեն 2 օր է, ինչ համացանցը եռում է, քննարկելով Սերժ Սարգսյանին մեղսագրվող շուրջ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը: Սա իհարկե հրճվանքի առիթ է դարձել այն թավիշածին հու-հու-դըմփ զանգվածի մնացորդների համար, որոնք սկզբունքայնորեն հրաժարվում են վերադառնալ իրականություն և գերադասում են մնալ պատրանքների աշխարհում, որտեղ հաստատվել է Նիկոլ Փաշինյանի հավերժ թագավորությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդն այլևս հրճվանք չի ապրում այսպիսի «աննախադեպ» անհեթեթ մեղադրանքի հետ կապված: Իրականում ժողովուրդը արդեն սկսում է հասկանալ, թե այս շոուն ինչ նպատակներ ունի և ինչ պատճառներից է բխում: Մի կողմ դնելով այն, որ մեկ ու կես տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր է առաջ բերվում այս անհեթեթ մեղադրանքը, անդրադառնանք հարցի սահմանադրական կողմին: Ըստ ՀՀ Սահմանադրության 140 հոդվածի 2 մասի Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Այստեղ կարևոր է հասկանալ մի բան, որ ՀՀ ՍԴ-ն հստակորեն տարանջատել է Նախագահի անձեռնմխելիության տեսակները՝ անձնական և գործառութային։

Այս ամենը հաշվի առնելով այսօր կարող ենք փաստել, որ ՀՔԾ-ն չի հիմնավորել Սերժ Սարգսյանի գործառութային անձեռնմխելիության բացակայությունը: Հետևություններն արեք ինքներդ:

Այն, որ այս «բոլոլան» ընդամենը շոու է, որը հետապնդում է առնվազն 2 նպատակ, այլևս ակնհայտ է: Սա պետք էր առաջին հերթին, որպեսզի բավարարվի այն զանգվածը, որը մշտապես Փաշինյանից պահանջում է panem et circenses: Քանի որ հաց ապահովել Փաշինյանը չի կարող արձանագրելով աննախադեպ տնտեսական աճի բացակայությունը և ներդրումների առումով վակումը, մնում են տեսարանները, որոնք այս էժանագին շոուի տեսքով վաճառվեցին հասարակությանը Անամորի նախաշեմին Բրեգովիչի համերգը անվճար Հանրապետության հրապարակում լսելու հրավերի հետ մեկտեղ: Իսկ երկրորդը՝ շեղել «ժողջանի» ուշադրությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ ծավալվող և ակնհայտ կապիտուլյացիայի տանող իրադարձությունները:

Հիմա, երբ տեսարանների ծարավը հագեցվել է, իսկ հացի պահով շարունակաբար մատուցվում են նույն ռեպերտուարի արդարացումներ, կարելի է հանգիստ շարունակել անել այն, ինչը որ ՀՀ նոր իշխանությունն անում է արդեն մեկ ու կես տարի, այսինքն՝ ոչինչ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ցավալի է, որ մեր հայրենիքի իշխանական օղակներում չկա այն ընկալումը, որ երկրում տարբեր քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված երկու պաշտոնաթող նախագահ ունենալը՝ դա առաջին հերթին խայտառակություն է պետության համար: Հատկապես, այն պարագայում, երբ երկու դեպքում էլ ակնհայտ է քաղաքական հետապնդման մոտիվը: Մի մոռացեք, պարոնայք իշխանավորներ, որ տեխնոլոգիաների դարում այս տեղեկություններն արդեն հասանելի են նաև մեր թշնամուն և հաշվի առնելով այն, թե ինչպիսի անողնաշար դիրքորոշում է դրսևորում ՀՀ ԱԳՆ-ն Արցախի հիմնահարցի կարգավորման առումով և այն, որ հակառակորդի համար ստեղծված են բարենպաստ պայմաններ՝ ուղղակի ռազմական գործողություններ սկսելու, մենք չենք կարող մեզ թույլ տալ այսպիսի շռայլություն: Ավելին, դուք ձեր այս անհեռատես քայլերով նաև արժեզրկում եք մեր հաղթանակը Արցախի գոյամարտում, քանի որ երկու պաշտոնաթող նախագահներն այդ գոյամարտի և հաղթանակի առանցքային դերակատտարներն են եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դարձյալ, ցավալի է, որ դուք այդքանը չեք հասկանում և ընկել եք էժանագին փիառի հետևից: Ոչինչ, սա էլ կանցնի, ինչպես կասեր դասականը:

Բայց դուք, տիկնայք և պարոնայք նոր իշխանավորներ, հիշեք, որ չնայած ձեր բոլոր ջանքերին, Սերժ Սարգսյանը կմնա պատմության դասագրքերում որպես Արցախի հերոս: Իսկ դո՞ւք որպես ինչ կհիշվեք:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով