Ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ. Արթուր Մեսչյանը՝ «ԿամԱԶ»–ների նվիրատվությունների մասին

Եթե ես զգայի, որ կոռուպցիոն նոր տարբերակ է սկսվում, ապա լուրջ կվերաբերվեի դրան, բայց ամեն ինչ շատ սահուն եղավ։ Այս մասին  այսօր «Ազատություն TV»-ի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` անդրադառնալով նվեր ստացած «ԿամԱԶ»–ների դիմաց քաղաքապետարանի կողմից որոշ ընկերությունների շինթույլտվություններ տրամադրելու թեմային։

«Ամենակարևորը՝ քաղաքը ազատվեց աղբից։ Աղբի խնդիրը լուծելու համար  պատերազմական ռեժիմի աշխատանք էր պետք կատարել։ Եթե այդ կարգավորման ընթացքում ինչ-որ բաներ են եղել, որ որոշ մարդկանց դուր չի եկել, ապա կներեք, բայց ես ավելի շատ մտածում եմ մեր երեխաների մասին, որ աղբի կողքով չանցնեն, քան այդ ինչ-որ խոսակցությունների»,- ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եթե «ԿամԱԶ»–ները չնվիրեին՝ աղբահանության խնդրի լուծում մի քիչ ավելի կերկարեր։ Շինթույլտվության հետ ոչ մի կապ չկա։ Ինչի համար աղբահանության այն ծրագիրը, որ վերջապես կառուցապատողների վրա որոշակի սոցիալական պարտավորություն դնել, բարձրացվեց ավագանիների կողմից, ԱԺ-ի կողմից։ Մենք գիտենք, որ ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ, և պետք է աղբյուրներ գտնենք, որպեսզի կարողանանք որոշակի հարցեր լուծել»,- ասաց Մեսչյանը։

Նրա խոսքով՝ «ԿամԱԶ»–ների տրամադրումը կոռուպցիա չէր, քանի որ անձնական շահ չկար։ Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր քաղաքում քաղաքապետն է որոշում, թե ինչ պարտավորություններ դնի կառուցապատողի վրա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները հայտարարել էին, որ քաղաքապետարանը որպես նվիրատվություն է ստացել գույք և չի հրապարակել, թե ովքեր են նվիրատուները: Քաղաքային իշխանությունները նախ հերքեցին, որ գործարար Սամվել Ալեքսանյանը նվիրատուներից մեկն է, սակայն այնուհետև հրապարակեցին նվիրատուների ցանկը, որտեղ կար նաև «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը, որը պատկանում է նրա ընտանիքին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք նաև, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ Օհանով 15/1 հասցեում է գրանցված «Ալեքս ընդ հոլդինգը», որը, այսպես ասած, նվիրատվություն է կատարել և Օհանով 15/1 հասցեն, որ որպես ինքնակամ շինություն է, օրինականացվել է: Նրա խոսքով՝ Օհանով 15/1 հասցեում շինթույլտվության համար դիմում էր ներկայացրել գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով