«Մութ ու ցուրտ» տարիների պայմանները՝ Գեղարքունիքի դպրոցներում

Նավթի վառարաններ, բետոնե սառը հատակներ, կիսակոտրված ապակիներ, փլուզման եզրին  պատեր և աշակերտների հետ պատմության դասը «սերտող» առնետներ… թվում է խոսքը ոչ հեռավոր անցյալում՝ 1990-ականներին դպրոցներում տիրող իրավիճակի մասին է, որը մասամբ ընդունելի և հասկանալի էր այդ ժամանակահատվածում, սակայն, ոչ, վերոնշյալ նկարագիրը վերաբերում է հենց մեր օրերին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի միակ դպրոցում աշակերտները ստիպված են դասն անցկացնել դասասենյակներում, որտեղ երբեմն նավթի վառարանի ծխից գրատախտակը չի երևում, իսկ ապակիներից ներս թափանցող քամու ձայնը երբեմն ավելի բարձր է լինում, քան ուսուցչինը։ Այդ է պատճառը, որ երեխաները խոստացել են ձմռանը դասադուլ անել և փետրվար ամսից դասերի չհաճախել։

Դպրոցի տնօրեն  Նազիկ Բաբաքյոխյանի խոսքով, դպրոցի խնդիրները շատ են, բայց առաջնային լուծում պահանջողը՝ ջեռուցման խնդիրն է. «Դպրոցն ունի ջեռուցման հետ կապված շատ լուրջ խնդիր, նավթի վառարանով ենք տաքացնում դասասենյակները, բայց դե էլի ցուրտը չի զիջում։ Տարիներ շարունակ նույն խնդիրը բարձրացնում ենք, բայց արդյունք չկա։ Այս տարի էլ հենց ԿԳՄՍ նախարարը դպրոցում եղել է, տեսել է՝ ինչ վիճակ է։ Դրանից առաջ էլ տեղյակ էին։ Հիմա էնպես չի, որ միայն գործող իշխանությանն ենք մեղադրում։ Նախկինում ինչ են արել, որ հիմա անեն։ Հիմա էլ նույն վիճակն է։ Հասկանալի է, որ ծնողներին և երեխաներին այս պայմանները բարկացնում են, բայց ես թույլ չեմ տա, որ դասադուլ անեն, որովհետև առանց այն էլ խանգարված ուսման պրոցեսը ավելի կխանգարվի։ Դպրոցի պայմանները ազդում են կրթության որակի վրա։ Դասաենյակները բարվոք վիճակում չեն, հատակը ցեմենտապատ է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դպրոցի տնօրենը նշեց, որ հանդիպել է մարզպետ Գնել Սանոսյանի հետ, ով խոստացել է, որ  մի քանի օրվա ընթացքում ջեռուցման խնդիրը կլուծվի՝ դպրոցը կանցնի կա՛մ գազով կա՛մ էլեկտրական ջեռուցման։ Դպրոցի պայմանները, տնօրենի խոսքով, ազդում են նաև երեխաների առողջության վրա, սակայն դեռ ծնողները համբերում են և երեխաներին չեն տեղափոխում հարակից համայնքների դպրոցներ։

«Դպրոցն ունի 900 աշակերտի հզորություն, սակայն հիմա այնտեղ սովորում են 178 հոգի՝ 165-ը դպրոցում, 13-ը՝ նախակրթարանում։ Բայց հիմա ինչ անենք, դիմում ենք, ծիծաղում ենք, լացում ենք, չգիտենք՝ ում դիմել։ Լավ աշակերտներ ունենք, բայց բարեբախտաբար պայմանների պատճառով չեն տեղափոխվում այլ դպրոցներ», ասում է նա։

Գեղարքունիքի մարզպետարանից մեր հարցին, թե ինչո՞ւ են միայն աշակերտների և բնակիչների ահազանգից և դասադուլ անելու մասին զգուշացումներից հետո որոշել որևէ քայլ ձեռնարկել, արձագանքեցին։

«Մինչև բնակիչների ահազանգը մարզպետարանը մի շարք ծրագրեր է իրականացրել դպրոցում։ Բավականին պատուհաններ ենք փոխել: Մեծ գումարի պահանջ կա, մաս-մաս փորձում ենք խնդիրը լուծել։ Հիմա քննարկում ենք ջեռուցման խնդիրը։ Նավթով ջեռուցվող դպրոց է, փորձում ենք գազաֆիկացնել»,- մեզ հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը։

Դրախտիկի դպրոցը միակը չէ, որ կանգնած է նման խնդրի առաջ։ Մարզպետարանի ենթակայության տակ գտնվող 118  դպրոցներից 24-ը հեղուկ վառելիքով է ջեռուցվում։ Նշված դպրոցներում կան նաև շենքային պայմանների հետ կապված խնդիրներ։

«Մարզպետարանի ուշադրության կենտրոնում են և  առաջնային լուծման կարիք ունեն, օրինակ, Այրքի, Ջաղացաձորի և Շատվանի դպրոցները»,- նշեց Կարեն Զազյանը։

Այրքի դպրոցի տնօրեն Հրանտ Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցի հիմնական խնդիրը կապված է սպորտդահլիճի հետ. «Ադրբեջանցիների գնալուց հետո՝ 90-ականներից, նույն վիճակն է։ Սպորտդահլիճը եղել է ադրբեջանցիների հենակետը, իրենց գնալուց հետո տանիքը, պատերը լրիվ փլվել են։ Դպրոցը ընդհանուր առմամբ անմխիթար վիճակում էր, բայց «Վորլդ Վիժնի» ֆինանսավորմամբ 3 դասասենյակներ վերանորոգվեցին, հույս ունենք, որ 2020 թվականին էլ ծրագրի շրջանակում դպրոցի մյուս  մասն էլ (3 դասասենյակ, խմբ.) կվերանորոգվի։ Ընդամենը 31 աշակերտ և  6 դասարան ունենք։ Ընդհանուր առմամբ, այս պահին դպրոցում դաս անել հնարավոր է»։

Դավթյանի խոսքով, իրենք անընդհատ դպրոցի խնդիրները ներկայացնում են մարզպետարանին, բայց վերջին շրջանում՝ հատկապես Դրախտիկի դպրոցի դպքերից հետո, մարզպետարանից ոչ մի արձագանք չի եղել, վերջին անգամ գարնանն են եկել դպրոց և իրավիճակին ծանոթացել։

Ջաղացաձորի դպրոցում ևս  դպրոցի հիմնական խնդիրը շենքային պայմանների հետ է կապված։ Դպրոցի տնօրեն Կարինե Թադևոսյանի խոսքով, միջազգային կառույցների օգնությամբ  դպրոցի պայմանները բարելավվում են։

«Ջեռուցման տեսակը փոխվել է՝ հեղուկ վառելիքից անցում ենք կատարել էլեկտրաէներգիայի։ Եղանակային պայմանները մեր կողմից էին, աշունը տաք էր, հիմա էլ փորձում ենք նորմալ ջեռուցում իրականացնել։  Տարբեր միջազգային կազմակերպություններ մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացնում. դպրոցի պատերը փլուզված էին, մի մասը վերանորոգել ենք, մյուսն էլ՝ փորձում ենք վերանորոգել»,- նշում է Կարինե Թադևոսյանը։

Շատավանի միջնակարգ դպրոցում խնդիրը փոքր-ինչ այլ է։ Բացի շենքային պայմանների, ջեռուցման խնդիրներից, աշակերտներն ու պատմության ուսուցչուհին ահազանգում են, որ դասերն ընթանում են առնետների մասնակցությամբ։ Դպրոցի տնօրեն Ֆրունզիկ Գևորգյանի խոսքով, Շատվանի դպրոցի հիմնական խնդիրները վերաբերում են վերանորոգմանը։

«1978 թվականի շենք է, չի հիմնանորոգվել։ Մասնակի վերանորոգման ենթարկվել է, սակայն էլի խնդիրներ կան։ Այնուամենայնիվ դասասենյակներում երեխաները կարողանում են դաս անել, եթե դա չլիներ, դպրոցը կփակվեր։ Իհարկե այն կատեգորիան չէ, որը ցանկալի է, որ լիներ, բայց ընդհանուր առմամբ դասապրոցեսը իրականանում է։ Վերահսկողություն իրականացվում է, և երեխաների համար խնդիրներ չկան»,- նշեց Ֆրունզիկ Գևորգյանը։

Անդրադառնալով ուսուցչուհու ահազանգին, որ երեխաները առնետների հետ են դասերին մասնակցում, Գևորգյանը արձագանքեց. «Մեր փախստական ուսուցչուհին չի տարբերակել, որ պատուհանից երևացող կենդանին աքիս է, այլ ոչ  առնետ։ Դասասենյակներում վստահաբար առնետ չկա։ Երեխան պատուհանից նայելու ասել է՝ վայ առնետ, ուսուցիչն էլ նույնը կրկնում է՝ չտարբերակելով առնետը աքիսից»։

Թեպետ «ամենաարդարացնող» որոշ օգտատերեր գրել էին, թե՝ տնօրենների պատճառով է, որ դպրոցները այդպիսի վիճակի են հասել, սակայն ոչ մարզպետարանները, ոչ ծնողները այդպիսի մեղադրանք չեն հնչեցրել։

Նկատենք, որ մարզպետարանը առանձնացրել է վերանորոգման առաջնային կարիք ունեցող դպրոցները, սակայն վերջիններս կամ դեռ չեն վերանորոգվել, կամ վերանորոգվել են, սակայն միջազգային կառույցների աջակցությամբ։

Շատվանի դպրոց

Աղբյուր`panorama.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով