Մենք գործ ունենք «պրեմիա շոու» ներկայացման հետ.Էդուարդ Շարմազանով

2019 թվականը քաղաքական առումով Փաշինյանի և իշխող թիմի չիրականացված խոստումների տարի էր: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ոչ միայն չիրականացված խոստումների, այլև աբսուրդային հայտարարությունների ու պետական ինստիտուտների հարձակման տարի էր:

Մեկ տարի առաջ արտահերթ ընտրությունների հիմնական շարժառիթը, ըստ Փաշինյանի, այն էր, որ ՀՀԿ-ն, նախկին իշխանությունները հնարավորություն չեն տալիս, որ երկիրը զարգանա, որ լինեն ներդրումներ, որ թոշակները բարձրանան, լինի ներգաղթ, որ լինի թռիչքային զարգացում և այլն: Մեկ տարի անց մենք ունենք չիրականացված խոստումներ: Չկա ներգաղթ, ավելին, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 12 հազար մարդով պակասել է ՀՀ բնակչության թիվը: Չկան ներդրումներ, շուրջ 60 մլն դոլարով կրճատվել են ներդրումները: Չկա որևէ տնտեսական լուրջ հեղափոխություն, ինչի մասին խոսում էր Փաշինյանը: Համեմատության համար նշեմ, որ երբ ՀՀԿ-ն թողել է իշխանությունը, մենք ունեցել ենք, պաշտոնական տվյալներով, երկնիշ տնտեսական աճ՝ 10,5 տոկոս: Այսօրվա բյուջեում դրված է 4,9 տոկոս աճ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե անգամ լինի 7 տոկոս, ինչպես իրենք են կանխատեսում, ապա որևէ թռիչքաձև զարգացման մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ տնտեսական հեղափոխությունը միֆ է: Փոխարենը, ըստ նրա, ունենք թռիչքաձև զարգացում նախարարների աշխատավարձերի առումով. «Փաշինյանի կառավարությունը, որը հայտարարում էր, թե ՀՀ-ում կա 3 մլն վարչապետ, այդ վարչապետերից թաքուն բարձրացնում է նախարարների աշխատավարձը: Երկրորդ, մենք գործ ունենք «պրեմիա շոու» ներկայացման հետ:

Մենք ականատես եղանք տարբեր գերատեսչություններում պրեմիաների շքերթի: ԱԺ-ում, ըստ մամուլի, 10 ամսվա ընթացքում 14 անգամ պրեմիաներ են ստացել: Մենք տեսանք չարդարացված ծախսեր՝ 350 հազար դոլար Լոս Անջելես թռչելու համար, ըստ մամուլի՝ 2 մլն դոլար կառավարական առանձնատունը վերանորոգելու համար, շուրջ մեկ մլն դոլարի հասնող էլի ծախսեր, 5 մլն դրամ կես ժամում գորգ լվալու համար և այլն: Սա է այն ձեռքբերումը, որ իրականացրել է Փաշինյանի կառավարությունը»,- ասաց ՀՀԿ մամուլի քարտուղարը:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով