Հունվարի 1-ից What՛s app-ն այլևս անվտանգ չի լինելու.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է

Համացանցային անվտանգության խնդիրներով զբաղվող մասնագետներից մեկը մեզ հորդորեց, որ հայ հանրությանը փոխանցենք՝ 2020 թ․ հունվարի 1-ից հայաստանյան, եւ ոչ միայն, քաղաքական գործիչների  կողմից օգտագործվող What՛s app գաղտնագրային համակարգն այլեւս գաղտնիության առումով անվտանգ չի լինելու։ Եվ այստեղ հաղորդակցվող մարդկանց առաջարկեց, անցնել կապի այլ միջոցների։ Բանն այն է, որ այս համակարգի տվյալների բազան գաղտնազերծվելու է, եւ դրանց նկատմամբ տարբեր կառույցներ հասանելիություն են ձեռք բերելու։ Ընդ որում՝ միջազգային ասպարեզում։ Ինչը նշանակում է, որ տարբեր երկրների իրավապահ մարմինները՝ պահանջի դեպքում, կարողանալու են ստանալ օգտատերերի տվյալները եւ կարողանալու են գաղտնալսել խոսակցությունները, կարդալ նամակագրությունը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս փոփոխություններից տեղյակ չէ, սակայն խոսեց այն մասին, թե որքան է համակարգը ներկա պահին անվտանգ՝ տվյալների գաղտնիության տեսանկյունից։ Նաեւ՝ այն մասին, թե, այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ հիմա էլ What՛s app-ը «լսվում է»։ Նախ, Սամվել Մարտիրոսյանը բացատրեց, թե ինչպես է աշխատում այդ համակարգը։ Այն աշխատում է գաղտնագրմամբ։ Այսինքն՝ հաղորդագրությունները գաղտնագրվում են սարքից սարք։ «Ես եթե  ինչ-որ մեկին հաղորդագրություն եմ ուղարկում, այդ նամակը գաղտնագրվում է իմ հեռախոսի վրա եւ ապակոդավորվում է այն մարդու մոտ, ում ես այն ուղարկել եմ։ Դա նշանակում է, որ What՛s app-ն ինքը չի կարողանում կարդալ իմ գրառումները։ Հետեւաբար, տվյալ փոխանցել, եթե չլինի գաղտնագրման համակարգի մեջ փոփոխություն, չի կարող»,- բացատրեց Սամվել Մարտիրոսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա՝ այն մասին, թե ինչ տիպի տվյալ կարող է փոխանցել What՛s app-ը։ Դրանք կարող են լինել, այսպես կոչված՝ մետա տվյալները։ Այսինքն՝ ով եւ ում է զանգահարել տվյալ պահին, եւ որքան է տեւել այդ խոսակցությունը։ «Սա What՛s app-ը կարող է փոխանցել։ Եվ սա էլի քիչ տվյալ չէ։ Այնպես որ, սա ինչ-որ առումով մարդկանց խոցելի է դարձնում՝ չբացահայտելով խոսակցության կամ գրառումների բովանդակությունը»,- հավելեց Մարտիրոսյանը։

Հարցին, թե ինչ անել, որպեսզի մետա տվյալները եւս չբացահայտվեն, փորձագետը խորհուրդ է տալիս օգտվել «Signal» հավելվածից, որն առավել ապահով է, եւ որի դեպքում դրանք իրավապահ մարմիններին չեն փոխանցվի։ Կամ գոյություն ունի Wire հավելված, որտեղ մարդը կարող է գրանցվել առանց հեռախոսահամարը նշելու։ Այսինքն՝ մարդը չի կարող բացահայտվել՝ գրանցված չլինելով, քանի որ նա դա կարող է անել միայն էլեկտրոնային փոստով։ Հարցրինք, թե կա՞ «երկակի կոդ», որն էլ ավելի անվտանգ է դարձնում համակարգը։ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ այո, կա նման բան, բայց դա այն բանի համար է, որ կողմնակի անձը չկարողանա մտնել հաշվիդ մեջ, բայց ոչ թե այն պատճառով, որ չկարողանան գաղտնալսել։

Սամվել Մարտիրոսյանին հարցրինք՝ այնուամենայնիվ, անձը կարո՞ղ է վստահ լինել, որ What՛s app-ը հիմա անվտանգ է, որ չի գաղտնալսվում, անգամ եթե ոչ ԱԱԾ-ի ու իրավապահների, գոնե շարքային հաքերների կողմից։ Այս հարցին ի պատասխան՝ տեղեկատվական անվտանգության գծով փորձագետն ասաց, որ այն շատ լայն է, եւ որ դրան շատ դժվար է պատասխանել։ Նա ասում է․ «Բնականաբար, ինչ-որ երաշխիքներ կան, բնականաբար, What՛s app-ը  գաղտնագրում է, այնպես է անում, որ կարդալու հնարավորություն չլինի, բայց եթե նայում ենք վերջին 1 տարվա պատմությանը, ապա կարող ենք փաստել, որ What՛s app-ն առնվազն 3 անգամ լուրջ խոցելիություն է ունեցել, եւ ինչ-որ մարդկանց կարողացել են գաղտնալսել ինչ-որ երկրների հատուկ ծառայությունները»։ Այնպես որ, սա հարց է, որը չունի հեշտ եւ միանշանակ պատասխան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով